Կառավարության ձախողած տնտեսական քաղաքականությունն ու կոլապսի վտանգը Հայաստանում

Վերջին տարիներին ՀՀ տնտեսության կառուցվածքում կուտակված խոցելիություններն ու տնտեսությունը բնութագրող մի շարք կարևոր մակրոցուցանիշների անհանգստացնող դինամիկան, միաժամանակ՝ պետական տնտեսական քաղաքականություն իրականացնող կառավարման մարմինների կողմից շարունակաբար թույլ տրվող սխալներն ու թերացումները, որոնք ճգնաժամի օբյեկտիվ պատճառահետևանքային կապերին գումարում են սուբյեկտիվ` կառավարման անարդյունավետության գործոնը և նվազեցնում են հակաճգնաժամային քաղաքականությունների միջոցով ստեղծված իրավիճակից արագ ու հնարավորինս քիչ ցնցումներով դուրս գալու հնարավորությունները` այսօր առավել քան արդիական են դարձնում տնտեսական կոլապսի վերաբերյալ մտահոգությունները։

Տնտեսական խոր ճգնաժամի սպառնալիքի մասին վերջին շրջանում խոսել են բազմաթիվ մասնագետներ, բազմաթիվ վերլուծական նյութերում ահազանգել են նաև «Լույս» հիմնադրամի փորձագետները։

Վերջին երեք տարիներին Հայաստանում գրանցվել է մեծապես սպառումով

քաշվող տնտեսական աճ, քանի որ հանրության լայն զանգվածների մոտ ձևավորվել էին իրականում անհիմն լավատեսական սպասումներ՝ պայմանավորված կառավարության կողմից հասարակության անդամներին ամբոխահաճո ազդակների պարբերական հաղորդմամբ։ Արդյունքում, առաջնորդվելով ռացիոնալ սպասումներով՝ տնային տնտեսությունները մի կողմից՝ առաջ են բերել իրենց սպառումը` հուսալով, որ ապագայում ստանալու են մեծ եկամուտներ ու գրանցելու են կյանքի որակի էական բարելավում, մյուս կողմից՝ մասնավոր սպառումը ֆինանսավորելու համար առավել ակտիվ դիմել են վարկեր ստանալուն, ինչի արդյունքում շեշտակիորեն աճել են սպառողական ու հիպոթեքային վարկերի ծավալները (2020-ի վերջին՝ 2017-ի նկատմամբ համապատասխանաբար աճելով 82 և 130 տոկոսով)։ Բայց ապարդյուն, քանի որ վերջին երեք տարիների ընթացքում տնային տնտեսությունների եկամուտներն էականորեն չեն աճել (աշխատավարձերը 2020-ին՝ 2017-ի համեմատ, աճել են ընդամենը 14%-ով, իսկ տրանսֆերտները, ընդհակառակը, կրճատվել են 11%-ով), ինչը նաև 2020թ.-ի բացասական շոկերի հետևանքով հանգեցրել է վարկային պորտֆելում չաշխատող վարկերի կշռի աճին` խարխլելով տնտեսության ֆինանսական կայունության հենքերը:

Հարկ է նաև նշել, որ վերջին երեք տարիների ընթացքում ՀՀ կառավարության «ջանքերի» շնորհիվ երկրում գրանցված տնտեսական աճերը չեն ունեցել բարձր որակ։ Մի կողմից՝ առկա էին կարճաժամկետ գործոններ, որոնք նպաստել են տնտեսական աճերին, ինչպես, օրինակ՝ ավտոմեքենաների ներմուծման մեկանգամյա ազդեցությունը, մյուս կողմից՝ տեղի էր ունենում շահումով խաղերի կազմակերպման հետ կապված գործունեության ստեղծած «արժեքով» սնուցում, բայց արդյունքում այդ տարիների աճը չի լուծել ո՛չ տնտեսության երկարաժամկետ ու կայուն զարգացման, ո՛չ էլ հասարակության շրջանում եկամուտների հավասարաչափ բաշխման խնդիրը: Տնտեսության թույլ պոտենցիալն ինքնին 2020թ. տնտեսական ճգնաժամի` ավելի ծանր հետևանքների հիմք է հանդիսացել, և թույլ չի տվել կլանելու բացասական շոկերը:

Վերջին երեք տարիների ընթացքում, կառավարության կողմից թույլ տրված մի

շարք սխալների արդյունքում, ներդրումների ծավալները շարունակաբար կրճատվել

են, հասել խիստ ցածր մակարդակի, որն իր ազդեցությունն է թողնելու նաև հետագա տարիների վրա։ Ստեղծված իրավիճակում անհնար է դարձել որևէ կանխատեսումներ անելը, ինչն իր հերթին՝ ավելի է բարդացնում տնտեսության վերականգնման տեսլականը։ Մտահոգիչ է նաև, որ ընթացիկ հաշվի մնացորդի ֆինանսավորումն ապահովող կապիտալի զուտ ներհոսքի գերակշիռ մասը միտված է փոխակերպվելու պարտքի, այլ ոչ թե՝ ներդրումների:

Կառավարության պարտքը հասել է չափազանց բարձր մակարդակի` ՀՆԱ-ի նկատմամբ 2020թ. վերջին կազմելով 63.5%, և գերազանցել հարկաբյուջետային կանոններով սահմանված բոլոր թույլատրելի շեմերը: 2021թ. առաջին եռամսյակի գնահատականներով՝ այս հարաբերակցությունն արդեն իսկ կազմում է 68.2%, որն ավելի է սրում իրավիճակը։ Այս դրությունը պարտքի կառավարման տեսանկյունից կարող է հանգեցնել լրջագույն խնդիրների, քանի որ ճգնաժամի պիկից արդեն վեց ամիս է անցել, իսկ ՀՀ կառավարության կողմից պարտքի բեռը նվազեցնելուն ուղղված անհրաժեշտ քայլերի պլանավորումը դեռևս նոր է ուրվագծվում։

Ավելին, ավելացված պարտքը վերջին տարիներին առավելապես ուղղվել է հավելյալ արժեք չստեղծող ընթացիկ ծախսերի կատարմանը, փոխարենը կրճատվել և շարունակաբար թերակատարվել են տնտեսության պոտենցիալը մեծացնող կապիտալ ծախսերը` նպաստելով երկարաժամկետ տնտեսական աճի տուգանմանը: Ընդ որում, ընթացիկ ծախսերն ավելացել են նաև նախքան ճգնաժամը, այսինքն՝ ծախսերի ավելացումն ամբողջությամբ չի բացատրվում շոկերի հետևանքով ստեղծված օբյեկտիվ իրադրությամբ: Այս ամենի հետ մեկտեղ՝ կառավարության բյուջետային ծախսերի վերաիմաստավորման և վերաբաշխման քաղաքականությունը շարունակում է անտեսանելի մնալ, որն իր հերթին՝ լրացուցիչ ական է տնտեսության փլուզման վտանգի ներքո:

2021թ. սրվել են նաև ռիսկերը՝ կապված կառավարության պարտքի արժութային կառուցվածքի հետ։ ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ դրամի արժեզրկման պատճառով ավելացել են կառավարության պարտքի տոկոսավճարները։ Մյուս կողմից՝ պայմանավորված գնաճի արագացմամբ և դրա հետևանքով վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացմամբ՝ աճել են կառավարության պարտքի տոկոսները։ Այսինքն՝ դրամի արժեզրկումն ու բարձր գնաճը հանգեցրել են կառավարության պարտքի բեռի ավելացմանը՝ երկարաժամկետում բարդացնելով պարտքի կայունության ապահովումը։ Գնաճի և գնաճային սպասումների արագացման վերջին տեմպերը, ինչպես նաև փոխարժեքի անկայուն միջավայրը հետագա բացասական զարգացումների դեպքում կարող են ոչ միայն լրացուցիչ հարված հասցնել տնտեսությանը (ՀՆԱ-ի իրական աճի կրճատում, պարտքի բեռի ավելացում, բանկային համակարգում ռիսկերի կուտակում և այլն), այլև նպաստել տնտեսությունը կարգաբերող տարբեր քաղաքականությունների արդյունավետության թուլացմանը:

Եթե համեմատականներ անցկացնենք 2009թ. տնտեսական ճգնաժամի հետ, ապա կտեսնենք, որ այդ տարիներին ևս գրանցվել է տնտեսության խոր անկում, սակայն խելամիտ հակաճգնաժամային ռազմավարության մշակման և արդյունավետ

քաղաքականությունների իրագործման շնորհիվ ՀՀ կառավարությանը հաջողվել է խուսափել իրավիճակի հետագա բարդացումներից, և երկրում չի ստեղծվել կոլապսային իրավիճակ։ Մասնավորապես, կառավարության ծախսերի ճիշտ ծրագրման՝ ներդրումային ծախսերի ավելացման և սոցիալական բնույթի ծախսերի արդյունավետ իրականացման շնորհիվ հնարավոր է եղել ապահովել հարկաբյուջետային կայունությունը և նպաստել երկարաժամկետում տնտեսական ներուժի մեծացմանը։

Ինչ վերաբերում է 2020թ. ճգնաժամային կառավարմանը, ապա պետք է փաստենք, որ ի տարբերություն 2009-ի՝ այս անգամ ՀՀ կառավարությունը չի կարողացել ամբողջությամբ և լիակատար արդյունավետությամբ իրականացնել հակաճգնաժամային միջոցառումները։ Մասնավորապես, երկարաժամկետ տնտեսական զարգացման համար նախատեսված 80 մլրդ դրամի չափով միջոցառումների ծրագիրը չի իրականացվել: Կառավարության հակաճգնաժամային քաղաքականության միջոցով ՀՆԱ-ի անկումը նվազեցվել է միայն 1.3 տոկոսային կետով, այնինչ սկզբնական շրջանում ակնկալվում էր ՀՆԱ-ի անկումը նվազեցնել շուրջ 2.1 տոկոսային կետով։ Իրական արտահայտությամբ (գնաճով ճշգրտված), հակաճգնաժամային միջոցառումների դրական ազդեցությունը սպասվող 143.5 մլրդ դրամի փոխարեն՝ կազմել է 90.1 մլրդ դրամ:

Ընդ որում, 2020թ. հակաճգնաժամային կառավարման խնդիրն ավելի խորքային է և ունի չորս հիմնական ուղղություն՝ 1. կառավարության որդեգրած ամբոխահաճո քաղաքականության գործոնը, 2. հասարակության հետ կառավարության սխալ հաղորդակցման խնդիրը, 3. Կառավարության «անպատասխանատու կառավարման» քաղաքականության հանգամանքը. և 4. անվտանգային խարխլված համակարգը, որը, թերևս, կարևորությամբ առաջին խնդիրն է:

Վերջին երեք տարիներին ՀՀ տնտեսական համակարգում կուտակված ռիսկերը և կառուցվածքային խնդիրները, ուղեկցվելով տնտեսության ամբոխահաճո և անարդյունավետ կառավարմամբ, երկրում ստեղծել են վտանգավոր լարում, ինչն էլ 2020թ. վրա հասած կորոնավիրուսային համավարակի և Արցախյան պատերազմի պայմաններում ՀՀ տնտեսությունը մտցրեց խոր ճգնաժամային շրջափուլ: Ավելին, կորոնավիրուսային համավարակի ու Արցախյան պատերազմի դեռևս չմարած ռիսկերը՝ մի կողմից, և ներքաղաքական ու աշխարհաքաղաքական (տարածաշրջանային) անորոշություններն ու անկայունությունները՝ մյուս կողմից, լրացուցիչ վտանգներ են ստեղծում տնտեսության համար: Այս համատեքստում, ՀՀ կառավարության որդեգրած թույլ արդյունավետ, երբեմն նույնիսկ՝ ուշացած կամ սխալ հակաճգնաժամային տնտեսական քաղաքականությունների, ինչպես նաև հետճգնաժամային շրջանում թերի ծրագրված, ոչ լիարժեք գործիքակազմով ու մասնակի կիրառվող քաղաքականությունների արդյունքում ստեղծվել է իրապես պայթյունավտանգ իրավիճակ:

Փորձագետների կողմից ժամանակակից տնտեսաչափական VECM մոդելով կատարված գնահատումները փաստում են, որ երկրում կուտակված ռիսկերի ռեալիզացիայի և իրական ՀՆԱ-ի կրճատման պարագայում կառավարության պարտքի, պետական ծախսերի ու եկամուտների, գնաճի, ինչպես նաև իրական արդյունավետ փոխարժեքի հավանական բացասական արձագանքն ու դինամիկան շոկից երկու-երեք տարի անց երկրում կստեղծեն կոլապսային ծանր իրադրություն։ Հավանական է, որ կառավարությունը կհայտնվի դեֆոլտային իրավիճակում, կտրուկ կվատթարանա հասարակության բարեկեցության մակարդակը, կսրվի ներքաղաքական լարվածությունը։ Նկարագրված սցենարի դեպքում իրատեսական և բարձր է գնահատվում նաև բանկային համակարգային ճգնաժամի սկսման հավանականությունը։

Եվ այսպես, ամփոփելով վերջին երեք տարիներին ՀՀ տնտեսական համակարգում տեղի ունեցող իրադարձությունների, ինչպես նաև 2020թ.-ից առ այսօր երկրում շարունակվող համակարգային ճգնաժամի վերաբերյալ հոդվածում տեղ գտած դիտարկումները, պետք է փաստենք, որ նման աղետալի իրավիճակում Հայաստանը հայտնվել է, թերևս, այն սխալների պատճառով, որոնք թույլ է տվել ՀՀ ներկայիս իշխանությունը` իր ամբոխահաճո, հիմնականում՝ անարդյունավետ, հաճախ՝ նույնիսկ ժամանակավերպ տնտեսական քաղաքականությունների արդյունքում: Բնական է, որ երկրին վրա հասած բացասական շոկերի` կորոնավիրուսային համավարակի և Արցախյան պատերազմի պարագայում տնտեսությունում կուտակված խոցելիություններն անմիջապես ռեալիզացվելու և իրենց ազդեցությունն էին թողնելու ճգնաժամի խորության վրա: Այսինքն, պետք է փաստենք, որ ճգնաժամի ծանր սոցիալ-տնտեսական, ինչպես նաև քաղաքական հետևանքներն առաջին հերթին ոչ թե բացասական շոկերի ի հայտ գալու, այլ տնտեսական սխալ քաղաքականությունների միջոցով նախաճգնաժամային տարիներին տնտեսության ներուժի հետևողական թուլացման, ճգնաժամերի` կանխարգելիչ քաղաքականությունների ձախողման և անարդյունավետ կառավարման պատճառ և արդյունք էին:

Մտահոգիչն այն է, որ իշխող ուժի կողմից անցյալից դասեր չքաղելու, նույն ոգով ու ոճով տնտեսության կառավարումը շարունակելու դեպքում` երկրում կուտակված և դեռևս չմարած ռիսկերի հետագայում հնարավոր ռեալիզացման պարագայում շատ հավանական է, որ իրավիճակն էապես կսրվի, ինչի արդյունքում տնտեսության համակարգային կոլապսը կդառնա ոչ թե պարզապես վերլուծական սցենար, այլ դառն իրականություն, ինչն էլ, ցավոք, իր մաշկի վրա զգալու է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի:

Տեսանյութեր

Լրահոս