«Ռուսաստանը մեր դաշնակիցն է, և ավելի լավ դաշնակից Հայաստանը չի կարող ունենալ»․ Արթուր Վանեցյան

«Հարկավոր է այնպես անել, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները այնպիսի մակարդակի հասնեն, որպեսզի որևէ մեկը չկարողանա դրանք փոխել»,- այս մասին այսօր ռուս հեղինակավոր հեռուստառադիոհաղորդավար Վլադիմիր Սոլովյովի «Ամբողջական կոնտակտ» առցանց հաղորդմանը տված հարցազրույցում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:

Նա նախ պարզաբանեց, թե ինչու ստանձնեց ԱԱԾ տնօրենի պաշտոնը Հայաստանում տեղի ունեցած, այսպես կոչված, հեղափոխությունից հետո, ապա հեռացավ այդ պաշտոնից:

Նա պարզաբանեց, որ հասկանում էր՝ Նիկոլ Փաշինյանի պոպուլիզմն էվոլյուցիա էր ապրում, և այն դարձավ այլ հոսանք, որը կոչվում է նիկոլիզմ, իսկ նիկոլիզմը, ըստ նրա՝ սարսափելի բան է, այն Հայաստանն ու Արցախը հանգեցրեց այն հետևանքներին, որոնք այսօր մեզ մոտ կան:

«Երբ ես հեռացա, ես ասացի, որ այդ մարդը մեր երկիրը տանում է դեպի անդունդ, ինձ չլսեցին, պոպուլիզմի երկրորդ չափաբաժինը եղավ, և նա սկսեց ինձ մեղադրել, որ ես ռուսական գործակալ եմ, որ ես կապված եմ նախկին իշխանությունների հետ, ամեն ինչում, ինչ հնարավոր էր, և արդյունքում ես չկարողացա ժողովրդին բացատրել, թե ինչ է մեզ սպասվում: Ցավոք սրտի, իմ բոլոր կանխատեսումները, իսկ ես տալիս էի այդ մասին հարցազրույց, խոսում էի այդ մասին հրապարակային, իրականացան և իրականացան շատ վատ ձևով»,- ասաց Վանեցյանը:

ԱԱԾ նախկին տնօրենը նաև պատմեց, որ պատերազմը սկսվելու օրը՝ սեպտեմբերի 27-ին, եղել է Մոսկվայում, երբ տեղեկություն է ստացել, որ պատերազմ է սկսվել, անմիջապես վերադարձել է Երևան՝ նույն օրը, և հաջորդ օրը գնացել Արցախ:

Ճշտող հարցին՝ այսինքն՝ ռազմագործողություններին մասնակցե՞լ եք, Վանեցյանը պատասխանեց՝ այո:

Նա նշեց, որ պատերազմին մասնակցել է որպես գեներալ՝ ավտոմատը ձեռքին, խրամատի մեջ, ինչը հաճախ հանդիպող տեսարան չէ:

«Որտե՞ղ էիք, երբ տեղեկություն ստացաք, որ ավարտվել է պատերազմը» հարցին՝ Վանեցյանը պատասխանեց. «Մենք Շուշիում էինք, այսինքն՝ Շուշիի տակ կա Շոշ գյուղ, մենք այնտեղ դիրքերում էինք, բանակի ղեկավարությունը մեզ այնտեղ էր տեղակայել, և մենք հսկում էինք մեր հատվածը»:

Հարցին, թե փաստորեն Ձեզ հրամայել են դա հանձնե՞լ, Արթուր Վանեցյանը պատասխանեց՝ այո, ասացին, որ ամեն ինչ ավարտվել է, պետք է հեռանալ: Վանեցյանը նշեց, որ դրանից հետո ինքը վերադարձել է Երևան՝ արդեն քաղաքական ճանապարհով պայքարելու համար իր կուսակցության միջոցով:

Խոսելով հայ-ռուսական հարաբերություններից՝ Վանեցյանն ասաց, որ Ռուսաստանը մեր դաշնակիցն է, և ավելի լավ դաշնակից Հայաստանը չի կարող ունենալ, Ռուսաստանի հետ մենք պետք է ունենանք ճիշտ, ուղիղ հարաբերություններ:

«Ռուսաստանը չի հանդուրժում սուտասաններին, չի հանդուրժում մարդկանց, ովքեր չեն խոսում իրենց խնդիրների, հարաբերությունների մասին ուղիղ, և Ռուսաստանի հետ պետք է հաշվի նստել: Ռուսաստանը սովորական երկիր չէ, Ռուսաստանը գերտերություն է, և ես կարծում եմ, որ իշխանության գալուց հետո մենք պետք է դիտարկենք ՌԴ-ի հետ ավելի սերտ համագործակցության հարցը, ավելի խորը ինտեգրացիոն գործընթացներ, և հարկավոր է այնպես անել, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններն այնպիսի մակարդակի հասնեն, որպեսզի որևէ մեկը չկարողանա դրանք փոխել»,- ասաց Վանեցյանը:

«Ո՞ւմն է Ղրիմը» Սոլովյովի ուղիղ հարցին՝ Վանեցյանը պատասխանեց. «Ղրիմը մերն է, «Крым наш», вернее Ваш: Իսկ եթե անկեղծ՝ ռուսական է: Ղրիմի ժողովուրդը՝ բնակչության ավելի քան 95 տոկոսը, քվեարկության ճանապարհով հայտարարեց Ռուսաստանին միանալու իր ցանկության մասին, և ժողովրդի իրավունքը՝ արտահայտել իր կամքը հանրաքվեով, անբեկանելի է:

Կարծում եմ՝ Ղրիմի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պետք է հարգվի բոլորի կողմից: Ես վստահ եմ, որ՝ այո, Ղրիմը ռուսական է, բայց եկեք զուգահեռ անցկացնենք Ղարաբաղի հետ: 90-ական թթ. ժողովուրդը, որը ապրում էր Արցախում, ևս ինքնորոշվեց հանրաքվեի միջոցով, բայց, ցավոք սրտի, ժողովրդի կամարտահայտությանը չաջակցեցին: Աջակցել է Ռուսաստանը, մի քանի երկրներ, բայց վերջին Ղարաբաղյան պատերազմը ցույց տվեց, որ այն երեք սկզբունքները, որոնք ԼՂ հակամարտության կարգավորման հիմքում էին, ժողովուրդների ինքնորոշման իրավունք, տարածքային ամբողջականություն և ուժի չկիրառում, խախտվել են, դրանցից երկուսը խախտվել են»,- ասաց Վանեցյանը:

Տեսանյութեր

Լրահոս