«Ուզո՞ւմ ենք ապրել հայրենի հողի վրա, թե՞ կդառնանք քոչվոր ցեղ. կանգնած ենք հայրենիքը կորցնելու վտանգի առաջ». Անի Ղազարյան

Դերասաններին աստղերի հետ ասոցիացնելը մեզ հաճախ կտրում է իրականությունից, և ստեղծվում է կարծիք, թե նրանք ապրում են բոլորովին այլ աշխարհում, մինչև զրուցում ես նրանց հետ և պարզում, որ ունեն նույն մտահոգությունները: «Ստեղծագործողը և հետպատերազմյան շրջանը» շարքի շրջանակներում զրուցեցինք դերասանուհի Անի Ղազարյանի հետ:

Ամեն օր վախով եմ արթնանում

Դա անհաղթահարելի բան է: Հատկապես այն դեպքում, երբ պատերազմը դեռ չի ավարտվել, ու դեռ չգիտես՝ ինչ կլինի մոտ ապագայում: Ամեն օր վախով եմ արթնանում:

Աշխատանքի ժամերին փորձում ենք մոռանալ, կտրվել իրականությունից. հասկանում ենք, որ պետք է գործ անել ու հիմա ավելի շատ, քան առաջ, բայց, միևնույն է, միշտ չի, որ ստացվում է:

Կարդացեք նաև

Պետք է կարողանանք ոտքի կանգնել ու արարել

Մշակույթի ուժը հզոր երևույթ է: Ավաղ, մեր երկրում՝ չգնահատված ու չարժևորված: Մշակույթը կրթում է, դաստիարակում ու հենց այս ուղղությամբ պետք է աշխատել: Պետք է կարողանանք ոտքի կանգնել ու արարել, պետք է կարողանանք առողջ արժեքներ ներարկել մեր երիտասարդներին ու առհասարակ հասարակությանը: Բայց հիմա, կարծում եմ, բոլորիս ներսում նույնն է՝ դատարկություն, անորոշություն ու անասելի ցավ: Մեզ ոտքի կանգնելու համար, առողջ ստեղծագործելու համար ժամանակ է հարկավոր:

Մենք բոլորս կանգնած ենք հայրենիքը կորցնելու վտանգի առաջ

Միայն երիտասարդները չեն հուսահատված: Հուսահատությունը համատարած է… Բայց դա հարցի լուծում չէ: Մենք բոլորս կանգնած ենք հայրենիքը կորցնելու վտանգի առաջ: Յուրաքանչյուրս մեզ պիտի մի պարզ հարց տանք՝ ուզո՞ւմ ենք արդյոք ապրել հայրենի հողի վրա, թե՞ դե, հիմա կորցրինք՝ կորցրինք, կդառնանք քոչվոր ցեղ, աշխարհի մի անկյունում կապրենք: Ու եթե պատասխանը «Ուզում ենք հայրենիք ունենալն» է, ապա պիտի անտարբեր չլինենք, պիտի պայքարենք հանուն դրա: Ամեն մեկս՝ մեր ձևով: Դա հիմա կարևորագույն հարցն է:

Եթե այս տարիներին անհատ ստեղծագործողների նվիրումը չլիներ…

Պետություն-ստեղծագործող կապ, այո, եղել է, բայց մեր սերունդը դա չի հիշի: Ես էլ միայն պատմածներով գիտեմ: Սովետական Միության տարիներին շատ ամուր է եղել այդ կապը, հետո ամեն ինչ սկսեց կամաց-կամաց քայքայվել: Եթե այս տարիներին անհատ ստեղծագործողների նվիրումը չլիներ, ընդհանրապես մշակույթ չէինք ունենա:

Կուզենայի՝ ոչ թե երազանքներ լինեին, այլ…

Ցավոք, ապագան միայն երազանքների տեսքով եմ տեսնում, բայց կուզենայի՝ ոչ թե երազանքներ լինեին, այլ հստակ նպատակներ:

Անի Գաբուզյան

Տեսանյութեր

Լրահոս