Ֆուտբոլի հավաքականում բոլորն արդեն գիտեն իրենց տեղն ու դերը. Արտակ Գրիգորյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի աշխարհի առաջնության որակավորման փուլում գրանցած վերջին հաջողություններից հետո սպասելիքները մեծացել են ընտրանու թե հնաբնակներից և, թե նորեկներից: Կապառոսի ստեղծած Հայաստանի ընտրանու հիմնական շարժիչ ուժերից մեկը Արտակ Գրիգորյանն է:

Վերջինս «Արմենպրես»-ի հետ զրույցում խոսեց հավաքականի առաջիկա խաղերից, ակումբային հեռանկարներից ու իր անցած ճանապարհից:

-Ինչպե՞ս սկսեցիք ձեր ֆուտբոլային կարիերան։

– Հայրս և հորեղբայրս եղել են ֆուտբոլիստներ։ Առաջին քայլերս արել եմ հայրիկիս գլխավորությամբ, հետո հորեղբայրս է զբաղվել ինձանով։ Առաջին անգամ որպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ նորամուտս նշել եմ Աբովյան քաղաքի համանուն թիմում: Այդ ժամանակ խաղում էինք առաջին լիգայի շրջանակում։ Դրանից հետո ընդունվեցի ՀՊՏՀ, այնուհետև զորակոչվեցի զինվորական պարտադիր ծառայության։ Այդ ընթացքում այնպես ստացվեց, որ ես Երևանի «Արարատի» հետ պայմանագիր կնքեցի։ Մարզվում էի թիմի հետ, մասնակցում հանդիպումներին, բայց չէի կարողանում այլ մրցաշարերում հանդես գալ ծառայությանս պատճառով։ Ծառայության ավարտից հետո 2008 թ․ հունվարին Արարատի առաջին թիմով մեկնեցինք Խորվաթիա ուսումարզական հավաքի, այդ ժամանակ մարզիչը Դուշան Միրիչն էր, ով երիտասարդներին շատ էր հնարավորություններ տալիս, իմ բախտն էլ այդտող ժպտաց, որ կարողացա մարզվել այդ հզոր թիմի հետ։ Հետո, երբ վերադարձանք Հայաստան, Դուշան Միրիչին փոխարինեց Վարուժան Սուքիասյանը, ով կարևոր դեր ունեցավ իմ կյանքում։ Նրա օրոք հանդես եկա և Արարատի առաջին թիմում, և ազգային հավաքականի կազմում։

– Ո՞րն է եղել ձեր կարիերայում ամենադժվար ժամանակահատվածը։

– Ամենադժվար ժամանակահատվածը «Ուլիսի» կազմում չեմպիոն դառնալուց հետո սկսվեց։ Շատ դժվար էր այդ ժամանակ, հասկացա, որ նվաճելը ավելի հեշտ է, քան այդ կոչումը պահպանելը։ Հետո սկսվեց թիմում անհաջող շրջան։ Եվ որոշում կայացրեցի տեղափոխվել Կապանի «Գանձասար», այնտեղ, ճիշտ է, մեկ լավ մրցաշրջան անցկացրեցի, սակայն ընտանիքիցս ստիպված հեռու էի գտնվում։ Եվ որդիս էլ նոր էր լույս աշխարհ եկել․ այդ ժամանակահատվածը, իրոք, շատ ծանր էր։

– Շատ ակումբներ եք փոխել, ո՞ր ակումբը ինչպիսի՞ յուրահատկություն ուներ ձեզ համար։

– «Արարատը» ինձ համար շատ հոգեհարազատ է, քանի որ իմ առաջին քայլերը այնտեղ եմ արել և այն միշտ կմնա իմ սրտում։ «Ուլիսի» հետ եմ առաջին անգամ դարձել երկրի չեմպիոն և ուրախ եմ, որ մեծ ներդրում եմ ունեցել այդ նվաճման մեջ։ Եվ վերջում կառանձնացնեմ «Ալաշկերտը»․ արդեն 6 տարի այստեղ եմ, այս թիմի ավագն եմ, և դարձել ենք մի ընտանիք։ Կարիերայիս ամենալուրջ հաջողությունները գրանցել եմ այստեղ։

– Առաջնության ամենաթեժ հատվածում թիմում տեղի ունեցավ գլխավոր մարզչի փոփոխություն, հեշտ ստացվեց ադապտացիան։

– Իմ կարիերայում շատ են եղել այդպիսի դեպքեր, երբ գլխավոր մարզչի փոփոխություն է եղել։ Ամեն մարզիչ ունի իր անհատական մոտեցումը. օրինակ՝ երբ Ալեքսանդր Գրիգորյանը եկավ ու տեսավ, որ մենք փորձառու թիմ ենք, մի քանի փոփոխություններ կատարեց նախկին խաղաոճի համեմատ ու, կարծում եմ, դա հանդիսացավ իր հաջողության գաղտնիքը։ Իհարկե, լինում են բարդ մարզիչներ, սակայն հիմա մարզիչներն են փորձում ավելի շատ հարմարվել ֆուտբոլիստներին։

– Մեկ խաղ է մնացել առաջնությունում, կարելի է ասել՝ եզրափակիչ, ինչպե՞ս է թիմը մոտենում այդ հանդիպմանը։

– Իհարկե, բոլորս էլ լավ գիտակցում ենք, թե մեզ ինչպիսի խաղ է սպասվում։ Մենք նաև մեր օտարերկրյա խաղընկերներին մոտիվացնում ենք այս հանդիպմանը, իհարկե, նրանց համար էլ է կարևոր այս տիտղոսը, սակայն լեգեոներների համար սա ուղակի իրենց թիմի նվաճումն է, իսկ հայ ֆուտբոլիստի համար Հայաստանի չեմպիոն դառնալը մեկ այլ զգացում է։ Այժմ բոլորն էլ լավ պատկերացնում ենք՝ որտեղ էինք և հիմա ինչպիսի հնարավորություն ունենք չեմպիոն դառնալու։

– Ավելի վաղ ասել էիք, եթե հեռանաք «Ալաշկերտից» ձեր պայմանագրի ավարտվելուց հետո, ապա կտեղափոխվեք այնպիսի ակումբ, որը պայքարում է լուրջ տեղերի համար ։ Ըստ ձեզ, ո՞րն է այդ ակումբը։

– Մի քանի ակումբներ կան, որոնցից առաջարկներ եմ ստացել, բայց ես ասել եմ, որ «Ալաշկերտից» կհեռանամ միայն այն ժամանակ, երբ թիմը փոխի իր քաղաքականությունը ու այլևս չպայքարի մրցանակային տեղերի համար։ Այդ ակումնբերին չեմ պատրաստվում պատասխանել, հիմա սպասում եմ մրցաշրջանի ավարտին, որպեսզի ակումբի ղեկավարի հետ քննարկեմ հետագա քայլերս, բայց 99% հավանականությամբ այս մրցաշրջանում չեմպիոն դառնալուց հետո կմնամ «Ալաշկերտում»։

– Հենրիխ Մխիթարյանի հավաքական չհրավիրվելը մեծ աղմուկ բարձրացրեց, հնարավո՞ր է, որ դա դառնա լարվածության պատճառ։

– Իրականում Հենրիխին ճանաչում եմ շատ լավ թե խաղադաշտում, թե խաղադաշտի սահմաններից դուրս։ Իհարկե, Հենրիխը շատ կարևոր մարդ է հայկական ֆուտբոլի համար։ Ես նաև ծանոթ եմ իր պրոֆեսիոնալ տեսակին, և կարող եմ ասել, որ հաստատ չի թողնի, որ հավաքականում լարվածություն ստեղծվի։ Այս ամենի վերաբերյալ միայն մի բան կարող եմ հստակ ասել, որ սա քաղաքական պատվեր չէ, այլ մարզչական որոշում։

– Հավաքականի կազմում ունեք երկու ծանր հանդիպում Խորվաթիայի և Շվեդիայի հետ, ինչպե՞ս եք պատրաստվում պայքարել աշխարհի փոխչեմպիոնների և շվեդների դեմ։

– Նախորդ խաղերից հետո, երբ զրուցում էինք ֆեդերացիայում, ասացին, որ Գերմիանիայի խաղից առաջ մարզիչն է խնդրել երկու ընկերական հանդիպում կազմակերպեն թոփ հավաքականների դեմ, որովհետև ինքը պետք է տեսնի, թե թիմը ինչպես է պայքարում։ Մեզ համար, իհարկե, շատ մեծ փորձություն է, դժվար է լինելու բայց սա առաջ գնալու միակ տարբերակն է։ Այսպիսի թիմերի դեմ պայքարելով պետք է հասկանանք, թե ինչպես ենք խաղալու Գերմանիայի դեմ։ Այս հանդիպումները մեծ հաշվով փորձեր են, և դա է վկայում մարզչի հրապարակած հայտացուցակը։

– Հայաստանի առաջնությունում խաղային պրակտիկա քիչ են ստանում երիտասարդ հայ ֆուտբոլիստները, այս ամենը հաշվի առնելով՝ ինչպե՞ս պետք է տեղի ունենա հավաքականում սերնդափոխությունը։

– Դա ամենացավոտ հարցերից մեկն է։ Այս թեման միշտ քննարկվում է, սակայն մինչև վերջերս չկար շոշափելի առաջխաղացում, և երբ Կապառոսը Ժիրայր Շարոյանին հրավիրեց հավաքական, այդ ժամանակ հույս արթնացավ մեր մյուս երիտասարդ ֆուտբոլիստների մոտ, որ իրենք էլ կարող են հրավիրվել հավաքական։ Ու եթե ցույց տան իրենց լավագույն կողմերով, ապա հնարավորություն կունենան խաղալ բարձրակարգ առաջնություններում։

-Հավաքականում աշխատել եք շատ մարզիչների հետ, իսկ հիմա աշխատում եք իսպանացի Խոակին Կապառոսի հետ, ինչպիսի՞ խաղային փիլիսոփայություն ունի և ո՞րն է նրա առանձնահատկությունը՝ հաշվի առնելով խմբային փուլի արդյունավետությունը։

– Այն, որ Կապառոսը բարձրակարգ մարզիչ է, անգամ չի էլ քննարկվում: Պատահական չէ , որ մարզել է թոփ ակումբներ։ Ես հասկացել եմ, որ մեր մարզիչը երբեք չի շեղվում իր ընտրած ողղուց։ Իր առաջ դնում է նպատակ և գնում դեպի այդ նպատակը։ Մեր հավաքականի հետ կապված՝ առաջին հերթին կարող եմ ասել, որ վերլուծում է հակառակորդ թիմի խաղը և ըստ դրա կառուցում մերը։ Օրինակ՝ Իսլանդիայի և Ռումինիայի դեմ խաղերում մենք խաղացել ենք տարբեր մարտավարությամբ։ Որպես ուրախ մարդ՝ Կապառոսը հավաքականին տվել է այդ ուրախությունն ու թեթևությունը։ Թիմին նաև հաղորդել է հստակություն, այո, կա հիմնական կորիզ, սակայն բոլորն արդեն գիտեն իրենց տեղն ու դերը հավաքականում։

– Գիտենք, որ շատ խստապահանջ եք ձեր նկատմամբ, արդյոք նույնը պահանջո՞ւմ եք ձեր որդուց, ով ևս հետաքրքրված է ֆուտբոլով։

– Որդուս հետ կապված փոքր ինչ շտապում եմ։ Օրինակ, երբ տանում եմ մարզումների, և մի բան այն չի անում, տանը ասում եմ՝ ինչո՞ւ այդպես արեցիր։ Այնուհետև հիշում եմ, որ դեռ փոքր է, բայց այս տարիքից փորձում եմ թիմային խաղացող մեծացնել։ Ունի ներուժ, սակայն պետք է իր հետ մեծ ծավալի աշխատանք տարվի։ Հեշտ է ընկալում և հաճույքով է կատարում մարզիչների ցուցումները։

– Կան ֆուտբոլիստներ, որոնք, երբ մոտենում են կարիերայի ավարտին, նաև մտածում են մարզչական կարիերայի մասին, դուք այդ ուղղությամբ քայլեր անո՞ւմ եք։

– Դեռ ոչ, որովհետև եթե հիմա ես դրա մասին մտածեմ, ապա շուտով կավարտեմ կարիերաս։ Ես հիմա մինչև վերջ տարված եմ ֆուտբոլային մարզումներով, բալանսավորված հանգստով և սննդակարգով։ Այդ ամենը շատ կարևոր է, որպեսզի կարողանաս խաղալ։ Դեռ ունեմ երազանք, և դա Կատար գնալն է ։

Հարցազրույցը՝ Սուրեն Սահակյանի

Տեսանյութեր

Լրահոս