«Սա այն ծրագիրն է, որը Նիկոլ Փաշինյանը երեք տարի շարունակ կրկնում էր». Մետաքսե Հակոբյան

Արցախում ժամանակ առ ժամանակ թշնամին փորձում է դիրքերն առաջ տալ, սակայն տեղի զինվորականների ու ռուս խաղաղապահների օգնությամբ վերադառնում է ելման դիրքեր։ Երկու օր առաջ նման փորձ կատարել էր Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղի ուղղությամբ, սակայն նրան ստիպել են, որպեսզի հետ գնա։

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասաց, որ Արցախում իրավիճակը նոյեմբերի 10-ից սկսած նույնն է․ ամեն դեպքում կայուն իրավիճակ չկա, սակայն լուրջ իրադարձություններ էլ տեղի չեն ունենում։

«Այստեղ ավելի շատ թշնամին հոգեբանական ազդեցություն է թողնում, քան ռազմական ինչ-որ գործողություններ կատարում։ Այս առումով և՛ բնակիչներն են բավականին զգոն, և՛ ռուս խաղաղապահները, նաև Անվտանգության խորհուրդն է լարված աշխատում։ Ցանկացած ոտնձգություն արագ է կասեցվում է, սակայն սա որևէ կերպ չի նվազեցնում այն անհանգստությունն ու խուճապը, որը կա Արցախում, որովհետև այստեղ յուրաքանչյուրը գիտակցում է, որ մենք այսօր հայտնվել ենք այնպիսի իրավիճակում, որն ուղիղ կապված է Հայաստանում կատարվող իրադարձությունների և հայաստանյան իշխանությունների արած քայլերի հետ։ Ինչպես արդեն բոլորս ենք համոզվել, Հայաստանում որևէ քայլ չի կատարվում ի նպաստ Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների։ Այդ պատճառով էլ ցանկացած փոքր քայլ արդեն խուճապ է առաջացնում»,- նշեց Մետաքսե Հակոբյանը։

Ըստ պատգամավորի, նոյեմբերի 9-ից սկսած ադրբեջանցիներն առանց որևէ արգելքի անցուդարձ են անում հայկական զինուժի հսկողության տակ գտնվող ճանապարհներով, ինչը բավականին երկար ճանապարհ է․ այն սկսվում է  Քարվաճառով, գնում է Դրմբոնով, այնուհետև՝ Կարմիր Շուկա՝ մինչև Շուշի։ Այդ ճանապարհներով անցնող բեռնատարների քանակն այնքան շատ է, որ տեսանելի են նաև Ստեփանակերտից, ճանապարհն անցնում է Ստեփանակերտի վերևով։

Մետաքսե Հակոբյանն ընդգծեց, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները, մասնավորապես՝ հայ-ադրբեջանական սահմանի վիճակը, անմիջապես ազդում է Արցախի վրա։ Արցախում մարդիկ իրենց խնդիրները թողած, շունչները պահած՝ հետևում են Սյունիքի իրադարձություններին և անհրաժեշտության դեպքում աջակցություն կցուցաբերեն։

«Արցախցին միշտ է հասկացել, որ Հայաստանի համար ավելի շատ Արցախն էր անվտանգության երաշխավորը, այսինքն՝ եթե այսօր Քարվաճառն ու Քաշաթաղը թշնամու վերահսկողության տակ են, ապա ուղիղ վտանգը կա Վարդենիսի, Սյունիքի ուղղությամբ։ Այսօր զրկվելով հայրենիքի այդ հատվածից, փաստորեն, ՀՀ-ն զրկում ենք նաև իր անվտանգության գոտուց, նաև թշնամին ուղիղ այն սահմանի վրա է, որտեղ առանց որևէ արգելքի՝ 3,5 կիլոմետր առաջ է եկել ու դիրքավորվել է։ Մենք բոլորս գիտակցում ենք, որ Արցախը՝ չնայած այն հանգամանքին, որ ինքնորոշված, բոլոր պետական կայացած ինստիտուտներով պետություն է, սակայն չճանաչված է, և այդ պատճառով էլ թշնամին այդ ոտնձգություններն իր տեսանկյունից համարում էր արդարացի, բայց Հայաստանի հանդեպ այդ ոտնձգություններն անհասկանալի ու աններելի են։ Արցախցին այս ամենից ավելի է լարվում, որ եթե թշնամին որևէ բանի առջև կանգ չառնելով՝ մտնում է ՀՀ պետական տարածք, ապա որևէ խնդիր չի ունենա գործողություններ իրականացնելու Արցախում, այստեղ միակ արգելքը ռուս խաղաղապահներն են, որոնք իրենց աշխատանքը կատարում են այնպես, ինչպես պետք է կատարեն»,- հավելեց Մ. Հակոբյանը։

Միաժամանակ նա տեղեկացրեց, որ Կարմիր Շուկայի բնակիչների երեկվա պահանջից հետո ռուս խաղաղապահներն ուժեղացրել են այդ ճանապարհով վերհսկողությունը, որպեսզի որևէ միջադեպ չգրանցվի, նաև զերծ մնան ճանապարհատրանսպորտային պատահարներից։

«Այդուհանդերձ անհասկանալի է այն, որ եթե թշնամուն թույլատրվում է մեր վերահսկողության տակ գտնվող տարածքներում անցուդարձ անել՝ թեկուզ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, ապա ինչո՞ւ նույն հնարավորությունը չունենք մենք՝ Քարվաճառով գալ դեպի Հայաստան»,- շեշտեց նա։

Նա նաև ընդգծեց, որ թշնամու կողմից առաջ չգալու միակ երաշխքիը ռուս խաղաղապահների ներկայությունն է Արցախում, չնայած թշնամին միշտ էլ դիմելու է սադրանքների, և անվտանգության առումով արցախցին ապահովագրված չէ, թեկուզ այն առումով, որ  թշնամու նպատակը բնակչության շրջանում խուճապ առաջացնելն է ու Արցախը հայաթափելը։

«Այսինքն՝ սա այն ծրագիրն է, որը Նիկոլ Փաշինյանը երեք տարի շարունակ կրկնում էր, այսօր փորձում են այն կյանքի կոչել»,- եզրափակեց Մետաքսե Հակոբյանը։

Հիշեցնենք՝ մայիսի 12-ին թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ մի քանի կիլոմետր Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի հատվածներում առաջ է եկել, մինչ օրս նրանք առաջ եկած հատվածներում են և հետ չեն գնում։ Սյունիքում մի քանի անգամ անցկացվել են բանակցություններ, որպեսզի թշնամին հետ գնա, սակայն ապարդյուն։ Հարակից գյուղերի ղեկավարներն ու բնակիչներն ասում են, որ թշնամու զինվորներն ինչ-որ քարտեզներով են առաջ եկել և պնդում են, թե վերադասից հրաման են ստացել, որ առաջ գան, քանի որ համարում են, որ այդ տարածքներն ադրբեջանական են։

Տեսանյութեր

Լրահոս