
«Մի երկու օր առաջ թշնամու կողմից առաջախաղացում է եղել, բանակցությունների արդյունքում իրավիճակը շտկվել է, այս պահին որևէ խնդիր չկա». Հաթերքի գյուղապետ

168.am–ի հետ զրույցում Արցախի Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղի ղեկավար Վարդան Գրիգորյանն ասաց, որ իրավիճակը Հաթերքում նորմալ է, որևէ անհանգստանալու բան չկա։
«Մի երկու օր առաջ թշնամու կողմից առաջախաղացում է եղել, բանակցությունների արդյունքում իրավիճակը շտկվել է, այս պահին որևէ խնդիր չկա, ժողովուրդն իր բնականոն կյանքով ապրում է»,- նշեց Վարդան Գրիգորյանը։
Նա նշեց, որ գաղափար չունի, թե ինչպես է թշնամին բացատրում իր առաջ գալը, այդ հարցն իրեն չի հետաքրքրել, եթե նրանց կողմից առաջախաղացում է եղել, ապա պետք է հետ գնային։
«Ես հավաստիացնում եմ, որ անհանգստանալու բան չկա, ամեն մարդ իր գործին է, շինարարն իր շինարարությամբ է զբաղվում, հողագործն իր վարն ու ցանքն է անում, անհանգստանալու բան չկա։ Դրսում այլ տեսակի տեղեկություններ են շրջանառվում, այստեղի մարդիկ դրանից անհանգստանում են»,- հավելեց Հաթերքի ղեկավարը։
Նա նշեց, որ Արցախի 44-օրյա պատերազմի ընթացքում գյուղում արկեր են պայթել, գյուղը վերականգնում են։
Հիշեցնենք, որ երեկ տելեգրամյան ալիքներից մեկը գրել էր, որ Հաթերքում թշնամին դիմել է սադրանքի և առաջ է եկել, որից հետո հայկական զինուժը նրան ստիպել է վերադառնալ իր դիրքեր։