Ինձ կբացատրե՞ք, թե միջնորդության խնդիրն ինչո՞ւ է կատարվում ոչ թե 102-րդ ռազմաբազայի հրամանատարի, այլ Արցախի ռուսական զորքերի հրամանատարի կողմից. Թևան Պողոսյան

«Մեր երկրի անվտանգությունը խարխլվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից ու մինչ օրս գնալով վատանում է: Իսկ այսօրվա դրությամբ պարզապես կարող ենք նշել, որ ունենք կաթվածահար պետություն, որն ունակ չէ ապահովել երկրի անվտանգությունը, ինչպես նաև հասարակության»,- մամլո ասուլիսի ժամանակ ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը:

Նրա խոսքով, ՀՀ գլխավոր օրենքները՝ հատկապես սահմանապահ զորքերի կամ զինված ուժերի պարտականությունների մասին, չեն կատարվում:

«6-րդ օրն է, դիվերսիոն կամ ահաբեկիչների խումբ է ներթափանցել ՀՀ տարբեր մասեր, և այն, ինչ պահանջվում է օրենքով՝ չեզոքացնել, ձերբակալել կամ ոչնչացնել, ինչ-որ բանակցություններ են տեղի ունենում: Տեղի հրամանատարներն ի՞նչ էին անում, որ միանգամից իրենց խնդիրը չէին կատարում: Նրանք գիտեն՝ սա իմ կետն է ու պետք է ոչնչացնեմ թշնամուն, որից հետո կզեկուցի: Կա՛մ զեկուցել են, վերևից ասել են՝ ոչինչ չանեք, կա՛մ վստա՞հ ենք, որ նախօրոք չեն ասել՝ որևէ գործողություն չձեռնարկեք: Նոյեմբերի 10-ից սկսած ես ամեն օր ասում եմ իշխանություններին՝ խնդրում եմ, գիտակցված հեռացեք՝ հանուն Հայաստանի շահի: Շատ տեղերում, որ փորձել են պարտությունից հետո մնալ, միշտ էլ այս նույն վիճակն է եղել: Գիտակցված ձևով պետք է դասեր քաղեին ուրիշներից և հեռանային, հնարավորություն տային նոր շնչով ինչ-որ մեկ այլ գործողություն անել:

6-րդ օրն է՝ սկսում են հեռախոսազանգերով տարբեր երկրների ղեկավարների հետ ինչ-որ հարցեր քննարկել: Դա պետք է տեղի ունենար առաջին 6 րոպեին: Ձևակերպումներն ընդհանրապես անհասկանալի են: Իսկ բանակցություններին ովքե՞ր են մասնակցում. ասում են՝ ՀՀ Զինված ուժերի հրամանատարներ: Ինձ կբացատրե՞ք, թե միջնորդության խնդիրն ինչո՞ւ է կատարվում ոչ թե 102-րդ ռազմաբազայի հրամանատարի, այլ Արցախի Հանրապետությունում ռուսական զորքերի հրամանատարի կողմից: Եթե լիազորել են ինչ-որ մեկին, ապա ինչո՞ւ մեզ մանրամասն դա չի ներկայացվում, ու այստեղ գալիս է հարցերի շարք, թե իրականում ի՞նչ է կատարվում: Իմ պատկերացմամբ՝ պարզապես պարտված իշխանություններն ունեն ինչ-որ պարտավորություններ ստանձնած կամ բանավոր համաձայնություններ, որոնք չեն կատարել, ու Ադրբեջանը փորձում է դրանց հետևից գնալ ու անել: Եթե Շուռնուխի կամ Որոտանի ինչ-որ կետերում ինչ-որ քարտեզով համաձայնել ու հետ եք քաշվել, այդ քարտեզը միայն այդ գյուղերի մասո՞վ էր, թե՞ այդ քարտեզում Հայաստանի Հանրապետությունն էր»,- նշեց Թևան Պողոսյանը:

Անդրադառնալով հայ ռազմագերիների խնդրին՝ բանախոսը նկատեց. «Նրանց հետ բերելու համար թշնամու կողմից նվեր էինք ստացել ու ձերբակալելու հրաման պետք է լիներ, որ փոխանակեին բոլորը բոլորի դիմաց: Կան տեղեկություններ, որ վերցրել են, հետո վերևից հրաման է եկել, թե՝ բաց թողեք: Ցավում եմ, որ ՀՀ-ն իր պատմության մեջ ձևավորեց նաև պատմական մի էջ, որ մեկ շաբաթից ավելի է՝ զինված ահաբեկչական դիվերսիոն խումբը տարածքում է, 6 օրվա ընթացքում չի կատարել այն գործողությունները, որոնք պետք է կատարեր, բանակցային հմտություններ չունի այնքան, որ այս խնդիրը լուծեր, ու դա շարունակվում է: Երևի աշխարհում կդառնանք այն առաջին պետություններից մեկը, ով, պարզվել է, ահաբեկիչների հետ նստած բանակցում է, ոչ թե ոչնչացնում»:

Տեսանյութեր

Լրահոս