Գարո Փայլանը Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծ է ներկայացրել Թուրքիայի մեջլիսի նախագահությանը

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ, հայ պատգամավոր Գարո Փայլանը Թուրքիայի մեջլիսի նախագահությանն օրինագիծ է ներկայացրել, որով առաջարկվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ցեղասպանության պատասխանատուների անունները վերացնել հանրային վայրերից և փոփոխություն կատարել Թուրքիայի քաղաքացիության մասին օրենքում:

Ինչպես հաղորդում է Ստամբուլի «Ակոս»-ը, Փայլանի ներկայացրած օրինագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Թուրքիայի Ազգային մեծ ժողովը պետք է պատասխանատվություն ստանձնի, որպեսզի հայ ժողովրդի ապրած Մեծ եղեռնը կոչվի իրական անունով: «Մեծ հանցագործությունը պետք է ճանաչվի Թուրքիայի խորհրդարանի կողմից, և Հայոց ցեղասպանությունից տուժածները 106 տարի անց պետք է հասնեն արդարության»,-նշվում է նախագծում:

Փայլանն ապրիլի 24-ին ուղերձ էր հղել, որում նշել էր, որ Հայոց ցեղասպանության հարցում արդարության հասնել հնարավոր է միայն Թուրքիայում: «Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել այս հողերի վրա, և ցեղասպանության հարցում արդարությունը հնարավոր է միայն այս հողերի վրա: Եթե Թուրքիան առերեսվի Հայոց ցեղասպանության հետ, այլևս կարևոր չի լինի, թե ինչ կասեն մյուս պետությունների խորհրդարանները: 106 տարի է՝ ժխտվում է Հայոց ցեղասպանությունը, և այդ պատճառով այլ երկրների խորհրդարանների քննարկման առարկա է շարունակում մնալ»,-նշել էր Փայլանը:

Տեսանյութեր

Լրահոս