Աֆղանստանում հինգ մարդ է տուժել շենքի վրա հրթիռի ընկնելու հետեւանքով
Առնվազն հինգ մարդ վերքեր են ստացել Աֆղանստանի արևելքի Կունարի նահանգի վարչակազմի շենքի վրա հրթիռի ընկնելու հետևանքով: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է նահանգային խորհրդի ղեկավար Վալայեթ Խան Մաշվանին։
Պաշտոնյայի խոսքով՝ հրթիռն ընկել է սրահում, որտեղ այդ պահին անցնում էր Ղուրանի ընթերցման մրցույթ:
Առայժմ հայտնի չէ, թե որտեղից է այն արձակվել: Կունարի նահանգապետ Իքբալ Սայիդը հաստատել է գրոհի փաստը: Աֆղանստանում ընթանում է կառավարական ուժերի և «Թալիբան» արմատական շարժման դիմակայությունը, որն ավելի վաղ, ըստ վերջին տվյալների, վերահսկում էր երկրի գյուղական շրջանները և հարձակում ծավալում խոշոր քաղաքների վրա:
Դրան զուգահեռ Աֆղանստանում իր ազդեցությունն է ուժեղացնում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Աֆղանստանի պաշտպանության ու անվտանգության ազգային ուժերն ամբողջ երկրում համատեղ գործողություններ են անցկացնում ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ:
2020 թվականի սեպտեմբերի 12-ին Քատարի մայրաքաղաք Դոհայում Աֆղանստանի կառավարության և «Թալիբան»-ի միջև մեկնարկել են հաշտության բանակցությունները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: