«Բա պետք է այդպես ստորանալով բերման ենթարկվեն». Հրաչյա Հակոբյանը՝ սյունեցիների մասին

Նիկոլ Փաշինյանի այցը Սյունիք և դրա ձախողումը Փաշինյանը և իր թիմակիցները կապեցին նախկին իշխանությունների հետ՝ նշելով, թե բնակիչների հատուկ շրջանակներ են ուղղորդել, որոնք ղեկավարվում են նախկին իշխանությունների կողմից։

Նշենք, որ սյունեցիները ցանկանում էին Նիկոլ Փաշինյանից պարզաբանում ստանալ, թե ինչո՞ւ է ադրբեջանցին իր դրոշով, «բարի գալուստ Ադրբեջան» ցուցանակներով հայտնվել Սյունիքում, ինչո՞ւ իրենք չեն կարողանում հանգիստ պայմաններում հասնել մարզկենտրոն կամ մեկ այլ համայնք, ինչո՞ւ մարզում գտնվող բոլոր շահեկան դիրքերը հանձնեց թշնամուն, և առհասարակ՝ ո՞վ պետք է ապահովի իրենց անվտանգությունը։

Սակայն այս հարցերին պատասխանելու փոխարեն՝ Նիկոլ Փաշինյանն այցի ավարտին Սյունիքի մարզպետարանում հավաքեց իրավապահ համակարգի ներկայացուցիչներին, այդ թվում՝ ԱԱԾ և ոստիկանության պետերին, որոնք շտապել էին Սյունիք, և հրահանգեց՝ հրապարակավ պատասխանատվության ենթարկել իր դեմ բողոքի ակցիայի մասնակիցներին, որից հետո իրավապահներն անցան գործի։ Նրանք բերման ենթարկեցին մի շարք համայնքների ղեկավարների, նրանց տեղակալներին, որոնց մի մասին տարել են անհայտ ուղղությամբ։ Բերման են ենթարկել նաև պատերազմին մասնակցած բնակիչների։

Սյունիքից ընտրված «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի խոսքով՝ Մեղրիի համայնքապետի և այլոց դեմ քրեական գործ է հարուցվել, քանի որ նրանց արարքներում խուլիգանության փաստ է եղել, նաև «հասարակական կարգը կոպիտ ցինիզմով խախտելու փաստեր» են եղել։

«Այն, որ խուլիգանություն է եղել՝ միանշանակ է։ Այդքան շատ էիք ուզում իմանալ, գայիք Սյունիք՝ կիմանայիք, կլուսաբանեիք։ Ոչ, սյունեցին Նիկոլ Փաշինյանին չի մերժում, սյունեցին չի կարող այդ ձևով մերժի, նա չի կարող խուլիգանություն անել, սեռական բնույթի հայհոյանքներ տալ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց Արմեն Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ Սյունիքում բոլոր շահեկան դիրքերը թշնամուն  հանձնելուց հետո՝ բազմաթիվ սյունեցիներ իրենց սեփական տունը, որոշ դեպքերում՝ գույքով հանդերձ, կորցրեցին, դրանք մնացին ադրբեջանական զորքի հսկողության տակ։ Որոշներն իրենց տները պարզապես այրեցին՝ թշնամուն չթողնելու համար։ Այսօր թշնամին գյուղերից մի քանի մետր հեռավորության վրա է, և շատերը պարզապես իրենց սեփական հողում ապրում են վախով։

Սյունիքում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ իմքայլական մեկ այլ պատգամավոր՝ Հրաչյա Հակոբյանը՝ Նիկոլ Փաշինյանի աներորդին էլ ասաց, թե գրանցված միջադեպը Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում մեկ ժամ տևած ելույթի պատասխանն էր։

Մանրամասնելով,  պատգամավորը նշեց, թե հայտնի շրջանակները չեն կարողացել բովանդակային ձևով հակադարձել այդ ելույթին, ուստի գնացել են նման քայլի։

Նրա բնորոշմամբ՝ Նիկոլ Փաշինյանի դեմ բողոքողները «մի քանի խուժաններ» էին։

«Մի քանի խուժանների հավաքելով մի տեղ, կազմակերպել են անհնազանդության ակցիան, նրանք սրանով ուզում են վարկաբեկել Նիկոլ Փաշինյանին։ Ուզում եմ ասել, որ այդ հայհոյանքները չեն մնալու անպատասխան, չեն մնացել։ Հիմա ես՝ որպես քաղաքական թիմի անդամ, ինչո՞ւ չէ, որոշ դեպքերում դուք ինձ սիրում եք ներկայացնել՝ որպես աներձագ, հիմա ես որպես Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամ՝  ուզում եմ ասել հետևյալը՝ դավաճանն էլ են իրենք, կապիտուլյանտն էլ են իրենք, և այն հայհոյանքները, որոնք իրենք ուղղել են, ես բառ առ բառ ուղղում եմ իրենց»,- հավելեց Հրաչյա Հակոբյանը։

Նշենք, որ երեկ Սյունիքում բնակիչները Նիկոլ Փաշինյանին դիմավորեցին «կապիտուլյանտ», «դավաճան», «հողատու» վանկարկումներով, իսկ բնակիչներից մեկը երբ նրան անվանեց կապիտուլյանտ, Նիկոլ Փաշինյանը հակադարձեց՝ «կապիտուլյանտը դուք եք»։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի գիշերը Նիկոլ Փաշինյանը գաղտնի պայմաններում ստորագրեց Արցախի կապիտուլյացիոն պայմանագիրը, որի արդյունքում Արցախի 75 տոկոսը հանձնեց թշնամուն, այդ թվում՝ Հադրութը և Շուշին։ Հարց է առաջանում՝ սյունեցինե՞րն են այդ փաստաթուղթը ստորագրել։

Պատգամավորի համար առհասարակ դատապարտելի չէ այն հանգամանքը, թե ինչպես են իրավապահները բերման ենթարկում մարդկանց, ավելին՝ այդ ամենը նրա համար օրինաչափ է։

«Բա պետք է բերման ենթարկեն, ու այդպես ստորանալով բերման ենթարկվեն, որովհետև նրանք հայհոյում են ՀՀ քաղաքացիներին»,- եզրափակեց նա։

Հիշեցնենք, որ երեկ Սյունիքում հայհոյանքներն ուղղված էին միայն Նիկոլ Փաշինյանին։

Ի դեպ, 2018 թվականին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Հայաստանում միայն ինքը չէ վարչապետ, Հայաստանում կա 3 մլն վարչապետ, հիմա հարց է առաջանում, այդ վարչապետներից մի քանի տասնյակն արդյոք իրավունք չունե՞ն ազատ արտահայտել իրենց կամքը, հատկապես այն դեպքում, երբ վարչապետ են, սակայն զրկվել են իրենց հողից, տներից, անվտանգ ապրելու իրավունքից՝ զուտ մեկ վարչապետի պատճառով։

Տեսանյութեր

Լրահոս