«Երկուսի գործողություններում ակնհայտորեն չկա որևէ քրեաիրավական տարր»․ Ռոբերտ Հայրապետյան
«Երեկ Մեղրիում, Ագարակում տեսանք, թե Նիկոլ Փաշինյանն ինչպիսի իրեն արժանի վերաբերմունքի և ընդունելության արժանացավ, որից հետո, ըստ էության, Նիկոլ Փաշինյանին պատկանող «Հայկական ժամանակ» թերթը հրապարակեց մի հոդված, որտեղ գլխավոր նկարը Մխիթար Զաքարյանի նկարն էր, և նշվում էր, որ Նիկոլ Փաշինյանի դեմ ռեպրեսիաները, ըստ էության, կազմակերպել է նախկին ՀՀԿ-ական քաղաքապետ Մխիթար Զաքարյանը։
Սրանից հետո կանխատեսել էին ոստիկանության պրիմիտիվ գործողությունները, որոնք իրականացվեցին Մխիթար Զաքարյանի նկատմամբ»,- Քննչական կոմիտեի առջև 168.am-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Ռոբերտ Հայրապետյանը։
Հիշեցնենք՝ Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը Քննչական կոմիտեում է։
Փաստաբանի տեղեկություններով, քննչական խումբ է ձևավորվել, և փորձում են հասկանալ՝ ի՞նչ մեղադրանք առաջադրել, որպեսզի քիչ թե շատ խելամիտ լինի․
«Առաջին կանխավարկածով՝ մեղադրանք են փորձում առաջադրել խուլիգանության հոդվածով․ իբրև թե Մխիթար Զաքարյանն իրականացրել է խուլիգանություն և կազմակերպել է քաղաքացիների բողոքի ակցիան։
Նախ, ուզում եմ նշել, որ քաղաքացիների բողոքի ակցիան ինքնաբուխ է և տեղավորվում է Սահմանադրությամբ՝ քաղաքացիների ինքնաբուխ ակցիաներ կազմակերպելու տրամաբանության մեջ, և հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ որևէ բռնություն չի եղել, ընդամենը քաղաքացիները խոսքով, առանց կոնկրետ բռնություն գործադրելու, կամ այդպիսիք գործադրելու սպառնալիքի, ուղղակի արտահայտել են իրենց բողոքի ձայնը կապիտուլյանտի նկատմամբ, ով Մեղրիի մոտավորապես տասը տոկոսը կապիտուլյացրել է, հիմա էլ փորձում է միջանցքի հետ կապված՝ ադրբեջանական կողմի հետ այս կամ այն հարաբերությունների մեջ մտնել։
Այժմ Մխիթար Զաքարյանին փորձում են մեղադրանք առաջադրել խուլիգանության հոդվածով, ինչը ծիծաղելի է, որովհետև նա դեռևս չունի դատաիրավական կարգավիճակ, և ինձ համար առնվազն անհասկանալի է, թե որպես ինչ է Մխիթար Զաքարյանը գտնվում Քննչական կոմիտեում։
Սպասենք զարգացումներին»։
Ռոբերտ Հայրապետյանի գնահատմամբ՝ գիշերվա երեքին Մեղրիի համայնքապետի բնակարանի խուզարկությունը կճանաչվի ոչ իրավաչափ՝ հստակեցնելով, որ Մ․ Զաքարյանի բնակարանից որևէ փաստաթուղթ, իր չի առգրավվել։
Նա ոչ իրավաչափ համարեց նաև ձերբակալությունների շարունակվող շղթան․ «Որովհետև առնվազն չկա տրամաբանություն մարդու խոսքի ազատության իրավունքի իրացման շրջանակում նրան քրեական բռնաճնշումների ենթարկելու մեջ։
Էլ չեմ ասում, որ Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը երեկ գիշերվանից անհետացել է, փաստաբանները փորձում են բոլոր հնարավոր տարբերակներով գտնել, փորձել ճշտել նրա գտնվելու վայրը։
Այժմ միջոցներ են ձեռնարկվում՝ հասկանալու, թե ով է առևանգել Մենուա Հովսեփյանին։
Մխիթար Զաքարյանը երեկ դուրս էր եկել, և հեռուստաընկերություններին նաև տվեց հարցազրուց առ այն, որ՝ ես դուրս եմ եկել հանդարտեցնելու իմ համայնքի բնակչությանը և ինձ վրա վերցնելու հարվածներ, որոնք, եթե ինձ վրա չվերցնեմ, կարող են ունենալ անդառնալի հետևանքներ, և նույն ֆունկցիան, ըստ էության, Շուռնուխում կատարում էր Մենուա Հովսեփյանը»։
«Երկուսի գործողություններում ակնհայտորեն չկա որևէ քրեաիրավական տարր»,- շեշտեց փաստաբանը։
Մանրամասները՝ տեսանյութում