«Կարող եմ ասել, որ լրիվ անկայուն վիճակ է: Միանշանակ: Ես կոնկրետ վաղվա ապագան չեմ տեսնում». Սյունիք համայնքի ղեկավարը՝ կրակոցների մասին

Երեկ տեղեկություն տարածվեց, որ երեկոյան Սյունիքի մարզի սահմանային հատվածում Փահլասարի և Դիցմայրի ուղղությամբ հակառակորդը կրակ է բացել:

«Ավելի ճիշտ, եղել է փոխադարձ հրաձգություն Դիցմայր գյուղի ու Փայլասարի կողմերը»,-hraparak.am–ի հետ զրույցում ասել էր Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը:

Քաղաքապետը տեղեկացրել էր նաև, որ կրակոցներ հաճախ են լինում, սակայն այսօրվանն ավելի երկար է տևել:

«Թե որն է պատճառը, ես կարող եմ ասել, որ պատճառ չի լինում, միշտ էլ կրակոցներ լինում են, բայց այսօր անհամեմատ երկար տևեց»,- ասել էր Կապանի քաղաքապետը:

Այն մասին, որ ՀՀ Սյունիքի մարզի գյուղերի հարևանությամբ ադրբեջանական զինվորականները շարունակում են կրակոցներ արձակել, մեկ օր առաջ գրել էր նաև Սյունիքում եռօրյա այցով գտնվող ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

168.am-ը Կապան խոշորացված համայնքի Սյունիք գյուղի վարչական ղեկավար Արթուր Մանուչարյանին հարցրեց, թե ի՞նչ տեղեկություն ունի նա նշված կրակոցների վերաբերյալ: Նշենք, որ այդ գյուղի տարածքում է գտնվում Դիցմայրը:

«Նախկինում ևս եղել են կրակոցներ, բայց այս անգամ դրանք շատ ինտենսիվ էին: Անգամ դիտակետերի ուղղությամբ փոխհրաձգություն տեղի ունեցավ: Այնպես չէ, որ գյուղի վրա էին կրակում, բայց մի քանի ժամ անընդհատ կրակում էին»,- ասաց Սյունիք համայնքի ղեկավարը:

Հարցին, թե ինչո՞ւ են վերջին ժամանակներում ինտենսիվ դարձել կրակոցները, Արթուր Մանուչարյանը պատասխանեց՝ չի կարող ասել:

«Կրակոցները գիշերն էին, գնացել եմ գյուղացիների մոտ, հանգստացրել, հորդորել, որ պանիկայի մեջ չընկնեն, իրազեկել եմ հրամանատարներին, որպեսզի նրանք անմիջապես զբաղվեն այդ գործընթացով: Դա ռազմական երևույթ է: Պատճառն իրենցից պետք է հարցնենք: Հետաքննություն պետք է ընթանա՝ որտեղից ու ով է սկսել: Որքան տեղյակ եմ՝ ռուսական սահմանապահներն էլ են խառնվել, որպեսզի հրադադարի ռեժիմը վերականգնվի»,- ասաց Սյունիք համայնքի ղեկավարը:

Տեղում աշխատող 168.am-ի հարցին, թե բնակիչները նշում են, որ դա ինչ-ինչ դավաճանական գործողությունների արդյունք կարող է լինել, համայնքապետն ասաց, որ դրանք ընդամենը ենթադրություններ են:

«Գյուղացին որ ասում է, կարո՞ղ է դրա պատասխանը տալ: Մի կես ժամ որ գյուղի կենտրոնում նստեք ու ենթադրությունները գրանցեք, շատ բան կլսեք: Մեկը կասի՝ դավաճանություն է, մյուսը, թե՝ հրահանգավորած է եղել: Ես կարող եմ ասել, որ լրիվ անկայուն վիճակ է: Միանշանակ: Ես կոնկրետ վաղվա ապագան չեմ տեսնում»,- եզրափակեց Արթուր Մանուչարյանը:

168.am-ը զրուցել է նաև համայնքի բնակիչների հետ, որոնք հաստատել են կրակոցների ինտենսիվության փաստը:

Տեսանյութից մի հատված՝ ստորև

Տեսանյութեր

Լրահոս