«Սյունիքում ապրում է 140 հազարից ավելի մարդ, մեծամասնությունն ատում է Նիկոլին. հասկանում են՝ նա ինչ բերեց Սյունիքի գլխին». Վահե Հակոբյան
«Ես չեմ պատրաստվում այդ անլվայի ասածները մեկնաբանել»,- այս մասին Քննչական կոմիտեի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը՝ անդրադառնալով իմքայլական պատգամավոր Արփի Դավոյանի այն հայտարարությանը, թե Սյունիքում բոլորն իրենց արածի համար պատասխան են տալու։
Անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների մեկ այլ հայտարարության, թե իրենք Սյունիքում ամենամեծ վարկանիշն ունեն, Վահե Հակոբյանը նկատեց՝ բա հո չէի՞ն ասելու, որ վարկանիշ չունեն։
«Հո չէի՞ն ասելու, որ մենք տապալել ենք ամեն ինչ, ուզում ենք այսպես մնանք, մի քիչ էլ տապալենք ու նոր գնանք։ Իհարկե, պետք է ասեն, որ իրենց ռեյտինգը բարձր է, ու շարունակեն իրենց պոպուլիստական թեզերն առաջ տանելով՝ այդ ամենը կերցնել հանրությանը։ Նիկոլն այսքան շրջում է, գողի նման, մնացած մարզերն էլ է տափուկի նման գնում, քանի՞ մարդ է հավաքում, բացի երեխաներից, որոնց այդ անբարոյականները բերում են այնտեղ նկար ստանալու համար»,- նշեց Վահե Հակոբյանը։
Ըստ Վահե Հակոբյանի, իշխանությունն իրենց կարճ խելքով մտածում է, թե հասել են իրեն նպատակին՝ համայնքների ղեկավարներին բերման ենթարկելով։
«Սկզբից որոշել էին ինձ բերման ենթարկել, բայց հետո հասկացել են, որ դրանից հետո Սյունիքում մեծ ընդվզում կսկսվի, դրա համար որոշել են ներքևից վերև գան, որ մասնատելով գան։ Իհարկե, իրենք չաչաչար սխալվում են, Սյունիքն այս 10-20-ը չէ, Սյունիքում ապրում է 140 հազարից ավելի մարդ, մեծամասնությունն ատում է Նիկոլին, հասկանում են՝ նա ինչ բերեց Սյունիքի գլխին»,- շեշտեց նա։
Վահե Հակոբյանը նաև ընդգծեց, որ սյունեցին ոչ միայն Սյունիքի հարցն է բարձրացնում, այլ ամբողջ Հայաստանի։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի Սյունիք կատարած երեկվա այցից հետո մարզի մի շարք համայնքների ղեկավարների, փոխքաղաքապետերի ու բնակիչների բերման են ենթարկել կամ տարել անհայտ ուղղությամբ։ Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի տունն էլ խուզարկելուց հետո նրան բերման են ենթարկել և հարուցել քրեական գործ։ Նա այժմ Քննչական կոմիտեում է։