Մարդը ծափի մեջ
Ամեն անգամ, երբ աշխարհը կամ որևէ պետություն ոչ հայանպաստ որոշում է կայացնում, Հայաստանից ամենաբարձր ձայնով հնչում են դժգոհություններ ու մեղադրանքներ այն մասին, որ, ահա, կրկին քաղաքական կեղտոտ շահերը գերակայեցին համամարդկային արժեքներին ու սկզբունքներին։
Այդպես մենք մեղադրում ենք և՛ Արևմուտքին, և՛ Ռուսաստանին՝ ըստ նպատակահարմարության ու ըստ պահի թելադրանքի։
Հիմա մոդայիկ է Ռուսաստանին մեղադրելը, որը դեմ է քվեարկել եվրոպական կառույցում հայ ռազմագերիների վերադարձման հարցի քննարկմանը։ Պատերազմի օրերին մենք մեղադրում էինք Արևմուտքին, որը, գերադասելով իրավամբ կեղտոտ աշխարհաքաղաքական շահերը, ծպտուն չէր հանում Ադրբեջանի ու Թուրքիայի վայրագությունների կապակցությամբ։
Այս և Հայաստանից պարբերաբար հնչող էլի շատ մեղադրանքներ իրականում հիմնավոր են և ճշմարիտ․ այո՛, աշխարհը, բոլոր պետություններն առաջնորդվում են ոչ թե արժեքներով ու սկզբունքներով, այլ իրենց շահերով։ Էսթետիկական տեսանկյունից դա տհաճ է, բայց իրողություն է, որով գործում է միջազգային քաղաքականությունը։ Բայց նույն էսթետիկ հարթությունում կա մի խնդիր, որը Հայաստանից հնչող համաշխարհային մեղադրանքները դարձնում է պակաս բարոյական ու պակաս ազնիվ։
Իսկ խնդիրն այն է, թե արդյոք աշխարհին ու առանձին վերցրած երկրներին արժեքներին դավաճանելու մեջ մեղադրող Հայաստանում որքանո՞վ են այդ նույն արժեքներն ու սկզբունքները գերակա շահերի նկատմամբ։ Ահա այս հարցի պատասխանը, մեղմ ասած, ոգևորիչ չէ ու խոսում է այն մասին, որ Հայաստանում, ինչպես աշխարհում ու այլ երկրներում, շահերը բազմապատիկ գերակա են արժեքներին ու սկզբունքներին, և, որ աշխարհին արժեքների դավաճանության մեջ ամենախրոխտը մեղադրողներն իրենք են շահերի գերի ու արժեքների հարցում աննախանձախնդիր։
Եվ դա վերաբերում է ամբողջ քաղաքական համակարգին՝ իշխանությամբ ու ընդդիմություններով հանդերձ։
Շահերի ու արժեքների հակադրության խնդիրը լայն իմաստով հանգում է հարցին՝ արդյոք քաղաքական ուժը, գործիչը, ի վերջո, պետությունն ունի՞ արժեքներ, հանուն որոնց պատրաստ է զոհել քաղաքական շահերը, թե՞ հակառակը՝ հետապնդում է շահեր, որոնց իրացման համար ունակ է զոհաբերել արժեքներն ու սկզբունքները։ Իրականությունը ցավալիորեն այն է, որ Հայաստանի քաղաքական կյանքում այս երկու առանցքներից՝ արժեքներից ու շահերից, գերակա են հատկապես ու հաստատապես շահերը, գերակա են այնքան ու այնպես, որ հանուն դրանց ոտնահարվում են բոլոր արժեքները, այդ թվում՝ արժեքներից ամենաարժեքավորը՝ մարդը։
Արժեքային տիրույթում մարդը վերարժեքային սուբստանտ է, շահերի պարագային՝ ընտրազանգված, որը կարող է նաև զոհաբերվել հանուն քաղաքական նպատակների։
Գռեհիկ է հնչում, սակայն իրականությունն այն է, որ քաղաքական շահերի տիրույթում՝ պատերազմում զոհերի քանակն ու գերեվարվածների թիվը հաշվապահական թվաբանություն է, որը բոլոր կողմերն օգտագործում են կա՛մ իշխանությունը պահպանելու, կա՛մ իշխանության գալու համար։
Մարդը Հայաստանում միջոց է և ոչ երբեք՝ նպատակ, իսկ միջոցի հետ վարվում են՝ ըստ նպատակահարմարության ու ըստ անհրաժեշտության։
Սա հանգեցնում է քաղաքական ուժերի ու ընդհանուր առմամբ քաղաքականության դեգրադացիայի, քանի որ քաղաքականությունն առանց արժեքների՝ ստի վաճառականություն է, իսկ սկզբունքների բացակայությունը քաղաքականությունը դարձնում է անբարո ու անկման տեսանկյունից՝ անհատակ։
Քաղաքականության արժեզրկումն ու արժեքազրկումը, ի վերջո, հանգեցնում է արժեքներից զուրկ պետության, լայն իմաստով՝ նաև պետության արժեզրկման։ Պետության ներքին դևալվացիան պրոյեկտվում է աշխարհում Հայաստանի դերի վրա ու հանգեցնում է միջազգային հարաբերություններում հայկականության արժեզրկմանն ու ապասուբյեկտայնությանը։
Արժեքային հռչակագրերով հանդես գալու, բայց քաղաքականության մեջ արժեքներ չդավանելու և միայն շահերով առաջնորդվելու ճոխություն իրենց կարող են թույլ տալ, թերևս, միայն գերտերություններն ու համաշխարհային բևեռների առանցքները, փոքր երկրների պարագային արժեքներից հրաժարվողները կարող են հայտնվել և հայտնվում են համաշխարհային քաղաքականության լուսանցքում, այնտեղ, որտեղ գտնվողներին վերաբերվում են ոչ թե արժեքային տիրույթում՝ որպես սուբյեկտի, այլ շահերի բազմաշերտ համակարգում՝ որպես մանրադրամի։
Հայաստանում քաղաքականությունը վարկաբեկված ու հեղինակազրկված է նաև, իսկ գուցե առաջին հերթին՝ այն պատճառով, որ անհիշելի ժամանակներից այն հիմնված է կեղտոտ շահերի վրա, որոնք իրացվում են արժեքների ու սկզբունքների տոտալ ոտնահարմամբ։ Դրա հերթական արարը տեղի է ունենալու երկու ամիս անց՝ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ՝ արժեքների հերթական բռնաբարման արտահերթ ակտի օրը։
Հարություն Ավետիսյան