Փաստացի, մեկ հոգին պետք է հարյուրավոր մարդկանցից թեստ վերցներ. Քաղաքացին՝ օդանավակայանում թեստավորման հերթերի մասին
Արդեն մի քանի ամիս է՝ համավարակն իր օրակարգն է թելադրում ճամփորդողներին. ուղևորին թույլատրվում է պետական սահմանը հատել կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքի առկայության դեպքում (առավելագույնը 72 ժամ վաղեմության)։
Այս սահմանափակումը, սակայն, ենթադրում է ոչ միայն լրացուցիչ ֆինանսական ծախսեր, այլև անսպասելի իրավիճակներ:
168.am-ի հետ զրույցում ճամփորդությունից վերադարձած Անի Կարապետյանը պատմեց այն խոչընդոտների մասին, որոնց բախվում են ճամփորդողները:
Նրա հավաստմամբ՝ մեկնելիս խնդիր չեն ունեցել, բայց վերադարձին ստիպված են եղել համավարակի ակնհայտ ռիսկերի պարագայում սպասել «Զվարթնոց» օդանավակայանում տեղակայված covid-թեստավորման լաբորատոր կետի հերթում. «Սպասարկողները մեկ-երկու հոգի էին, հետո երրորդը ավելացավ. Փաստացի՝ մեկ հոգին պետք է հարյուրավոր մարդկանցից թեստ վերցներ:
Ու քանի որ տուրիստական ընկերություններն աշխատում են «Էկոսենս»-ի հետ, քանի որ այդ ընկերությունը զեղչեր է տալիս, հիմնական հոսքն այնտեղ է:
Իսկ վճարումն անում ես, ինչը քիչ չէ ՀՀ քաղաքացու համար՝ 15.000 դրամ՝ գնալը, 15.000 դրամ՝ վերադարձը:
Մենք 1 ժամ հերթ ենք կանգնել, մինչև մեր հերթը հասել է, իսկ մեզանից հետո ևս մեկ թռիչք եկավ, ու մի ահռելի հերթ էլ սպասում էր էլի «Էկոսենս»-ին»:
Մեր զրուցակիցը նշեց նաև, որ ականատես է եղել թեստավորմանն անչվող տարօրինակ միջադեպի. «Ընտանիքի հայրը չէր կարող մեկնել հանգստի, որովհետև երբ առաջին անգամ թեստը տվել է, պատասխանը եղել է դրական, մեկնելիս՝ իրեն ասում են՝ չես գնում, որովհետև թեստդ բացասական է: Ու պարզ չի՝ ով է փոխհատուցելու այն գումարը, որն ինքն արդեն նախապես վճարել է»:
Ի դեպ, Անի Կարապետյանը տեղեկացրեց, որ հինգշաբթի օրը հանձնած վերադարձի թեստի պատասխանը ցայսօր չի ստացել. «Ես արդեն մի քանի օր է՝ Հայաստանում եմ, ու իմ թեստի պատասխանը չեմ ստացել:
Այսինքն՝ գումարի համար իրենք քեզ թույլ չեն տալիս դուրս գալ օդանավակայանից, բայց պատասխան չեն տալիս. չեն մտածում, որ, օրինակ, իմ տանը վտանգավոր գոտում երկու ծնող ունեմ: Գուցե ես վարակված եմ եկել։ Ի՞նչ է նշանակում՝ փողի տերն ես, բայց պատասխանի տերը չե՞ս:
Այստեղ ակնհայտ ամենաթողություն կա։ Եթե միայն գումարի տերն եք, ուրեմն գումարը 15․000 դրամից դարձրեք սիմվոլիկ 5000 դրամ, որովհետև, ըստ էության, պատասխանը ո՛չ ձեզ է հետաքրքիր, ո՛չ Առողջապահության նախարարությանը»:
«Էկոսենս» ախտորոշիչ լաբորատորիայի հետ կապ հաստատել չհաջողվեց:
168.am-ը պատրաստ է լսել նաև նրանց տեսակետը: