«Սյունիքում լրջորեն վտանգված է քաղաքացիների կյանքի իրավունքը, պետք է ստեղծվի անվտանգության գոտի». Արման Թաթոյան

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի խոսքով՝ Արցախյան պատերազմից հետո Սյունիքում ադրբեջանական զինված ուժերի կամ սահմանապահ զորքերի ներկայացուցիչների հայտնվելու պատճառով, խախտվել են ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները, սեփականության, ձեռնարկատիրության և այլ իրավունքներ։

Ըստ Արման Թաթոյանի,  Սյունիքում Ադրբեջանի զինված ուժերի ներկայությունը ամբողջությամբ հակասում է Միջազգային իրավունքներին և ապալեգիտիմ է։

«Սյունիքում լրջորեն վտանգված են կյանքի, առողջության, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, ազատ տեղաշարժի, մի շարք այլ իրավունքներ։ Այս պատճառները հաշվի առնելով եմ նշում, որ պետք է ստեղծվի անվտանգության գոտի, ադրբեջանական զինված ուժերը, սահմանապահ զորքերն իրենց ցուցանակներով, դրոշներով պետք է այնտեղից հեռանան։ Այն տարածքները, որտեղ նրանք այսօր տեղակայված են, և որի պատճառով խոչընդոտներ են առաջացել մեր քաղաքացիների համար։ Պետք է ազատ, անվտանգ հասանելի լինեն մեր քաղաքացիներին արոտավայրերը, խոտհարքերը։ Միջազգային կարևորագույն կանոն է, որ սահմանի հետ կապված ցանկացած գործընթացի արդյունք չպետք է առաջացնի մարդու իրավունքների խախտումներ, կամ չպետք է խաթարի մարդկանց բնականոն կյանքը, իսկ այսօր դա այդպես է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արման Թաթոյանը։

Միևնույն ժամանակ Մարդու իրավունքների պաշտպանը տեղեկացրեց, որ Սյունիքում առակա բոլոր խախտումները պարբերաբար ներկայացնում է միջազգային կառույցներին։

«Անվտանգության գոտու հետ կապված մենք հիմա հայեցակարգային կարևոր դետալներ ենք մշակում, որոնք նույնպես ներկայացնելու ենք միջազգային կառույցներին։ Այդ հայեցակարգում ևս ցույց են տրված ու հիմնավորված մարդու իրավունքների խախտումները։ Ես ներկայացնում եմ իմ գնահատականները, համոզված եմ դրանց հիմնավորված լինելու հարցում»,- հավելեց Արման Թաթոյանը։

Նրա բնորոշմամբ՝ Ադրբեջանն այժմ փորձում է  միջազգային հանրության մոտ այնպիսի տպավորություն ստեղծել, թե իբր  ամեն ինչ նորմալ է, իրենց ներկայությամբ իրավունքներ չեն խախտվել, ինչն ամբողջությամբ  չի համապատասխանում իրականությանը։

«Սյունիքում ադրբեջանցիների ներկայության համար որևէ իրավական հիմնավորում չկա, հայտարարությունները, թե դա նրանց տարածքն է, սա ես առհասարակ չեմ ընդունում, քանի որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև՝ որպես երկու ինքնիշխան պետություն, չի եղել դեմարկացիա և դելիմիտացիա, սա հայտարարել է նաև ՀՀ արտգործնախարարությունը։ Սահմանների անորոշության մասին հայտարարել է նաև ՀՀ նախագահը, իսկ ինձ մնում է մարդու իրավունքների տեսանկյունից հստակ արձանագրում անել, որ, եթե մենք հիմքում դնում ենք մարդու իրավունքները, և սահմանային բնակչի իրավունքը խախտված է, ապա ադրբեջանցիներն այնտեղից պետք է հեռանան, և սա միանշանակ է։ Ինձ որևէ միջազգային կազմակերպություն չի կարող բացատրել, հիմնավորել, որ այդ աստիճան միլիտարիզացված և այդքան մոտ  մեր գյուղերին ու ճանապարհներին՝ դա կհամարվի նորմալ մարդու բնականոն կյանքի համար»,- եզրափակեց Արման Թաթոյանը։

Տեսանյութեր

Լրահոս