Իշխանությունները միացրել են մահերը հաշվելու մեխանիզմը և առաջ են գնում
Հայաստանում սովորական է դարձել՝ հաշվել կորոնավիրուսից մահացողների թվերը։ Օրական 15-20, երբեմն էլ՝ մինչև 30 մահ ենք ունենում, ու դա կարծես քչերին է հուզում։ Նախընտրական գործընթացները դեռ չսկսված՝ Նիկոլ Փաշինյանը մի կողմից՝ մարզեր է այցելում, բազմամարդ հավաքներ է կազմակերպում, մյուս կողմից՝ ձևացնում է, թե պայքարում է համավարակի տարածման դեմ՝ խորհրդակցություններ է անցկացնում, հանձնարարում խստացնել վերահսկողության միջոցառումները։
Մինչ իշխանություններն առաջնորդվում են և՛ նալին, և՛ մեխին սկզբունքով, այդ ընթացքում համավարակը մոլախոտի նման տարածվում է։
Կրկին խնդիրներ են առաջացել հիվանդանոցային կարողությունների հետ կապված։ Առողջապահության նախարարը խոսում է վերահսկողության միջոցառումների խստացման մասին, հակառակ դեպքում, ասում է՝ համաճարակային իրավիճակը կվատթարանա։
Խստացումներին դեմ է էկոնոմիկայի նախարարը։
«Ես գիտեմ, որ խստացումները շատ վատ են տնտեսության համար։ Քանի որ ես տնտեսության համար եմ պատասխանատու, դեմ եմ լինելու խստացումներին»,- ասում է Վահան Քերոբյանը։
Որ սահմանափակումները վնասում են տնտեսությանը, այդպես էլ կա։ Բայց դա չի նշանակում, թե կարելի է անտեսել մահերը, ինչ է թե՝ տնտեսությունը կարող է տուժել սահմանափակումներից։
Վատ է, որ բախվել ենք այն իրավիճակին, երբ կրկին մտածում ենք սահմանափակումներ կիրառելու մասին։ Սահմանափակումները ոչ մի լավ բան չեն խոստանում տնտեսությանը։ Բայց դրա մասին ժամանակին է պետք մտածել։ Եվ ոչ թե թողնել իրավիճակն այնքան բարդանա, որ հետո ստիպված լինենք սահմանափակումներ կիրառել։
Համավարակի դեմ պայքարը վաղուց Հայաստանում հետին պլան է մղվել։ Թեև այնպես չէ, որ նախկինում արդյունավետ պայքար էր տարվում։ Այդ պայքարի արդյունքը եղավ այն, որ Հայաստանը հայտնվեց առավել տուժած երկրների շարքում։ Այսօր էլ այդպիսին է։ Ինչպես վարակվածների, այնպես էլ մահացածության թվով գտնվում ենք առաջատարների շարքում։
Որքան էլ Նիկոլ Փաշինյանն արդարանա, որ վերջում բոլորը գալու են նույն դիրքի, միևնույն է՝ մեզ մոտ համավարակային իրավիճակը շատ ավելի վատ է, քան տարածաշրջանի այլ երկրներում։ Հայաստանում 1 մլն բնակչության հաշվով մահացածների թիվը 1171 է, Վրաստանում՝ 944, Ադրբեջանում՝ 344, Թուրքիայում՝ 367, Իրանում՝ 737։ Վարակակիրների թվով ևս առաջատարներից ենք. Հայաստանում՝ 64,3 հազար, Վրաստանում՝ 70 հազար, Ադրբեջանում՝ 25,2 հազար, Թուրքիայում՝ 38,1 հազար, Իրանում՝ 22,0 հազար։
Վերջին շրջանում օրական մինչև 1000 և ավելի վարակակիր ենք ունենում։ Վարակակիրների թիվն ընդհուպ մոտեցել է 200 հազարի, իսկ մահացածներինը՝ 4,5 հազարի։
Կարևոր չէ՝ այդքան մահերը եղել են միայն կորոնավիրուսի՞, թե՞ նաև այլ հարակից հիվանդությունների պատճառով։ Մեկ տարում համավարակի հետևանքով շուրջ 4,5 հազար մարդ ենք կորցրել։ Կորուստները հաստատ այդքան չէին լինի, եթե պատշաճ պայքարեինք վարակի դեմ։
Կար ժամանակ, երբ մարդիկ մահանում էին, որովհետև չէին կարողանում ժամանակին օգտվել հիվանդանոցային բուժօգնությունից։ Այսօր էլ, ըստ էության, այդ խնդիրը կա։ Մարդիկ սպասում են հիվանդանոցային բուժում ստանալու իրենց հերթին, որովհետև ազատ մահճակալներ չկան։ Ու մինչ կհասնի հերթը, հիվանդությունը բարդանում է՝ խնդիրներ ստեղծելով հետագա բուժման համար։
Թե այսպիսի երևույթների հետևանքով քանի մարդկային կյանք ենք կորցրել, հայտնի չէ։ Հազիվ էլ հայտնի դառնա նաև հետագայում։ Բայց որ այդպիսիք եղել են ու դեռ հավանաբար լինելու են, ոչ մեկը չի կարող ժխտել։
Ձև անելով՝ համավարակի դեմ չեն պայքարում։ Փաշինյանը հանձնարարում է ակտիվացնել տեսչական ստուգումները, հատկապես՝ փակ տարածքներում և հանրային տրանսպորտում, շարունակել իրազեկումը՝ դիմակի կրման մշակույթը տարածելու ուղղությամբ։ Բայց նման հանձնարարություն տալուց առաջ լավ կլիներ՝ ինքը հետևեր համաճարակային կանոնների պահպանմանը, և ոչ թե՝ նախընտրական միջոցառումներ կազմակերպեր ու անունը դներ մարզային այցեր։
Ինչո՞ւ հանկարծ հիմա նա մարզային այցերը սկսեց, երբ երկրում կրկին ակտիվացել է համավարակը։
Դրա համար նա, անշուշտ, շատ հիմնավոր պատճառներ պիտի ունենար։ Թեև ոչ մի նշանակություն չունի, թե պատճառներն ինչում են։ Եթե դու չես պահպանում համավարակի կանոնները, ինչպե՞ս կարող ես ուրիշից պահանջել։ Դրա մասին պետք էր մտածել վարչական լծակներով մարդկանց իրար գլխի հավաքելուց և վարակի տարածման ռիսկերը մեծացնելուց առաջ։
Այդպես արեցին համավարակի տարածման սկզբնական փուլում, որ կարճ ժամանակ հետո երկիրը վերածվեց համաճարակային ակտիվ գոտու։ Այնպիսի մի փուլում, երբ առողջապահական համակարգն ընդհանրապես պատրաստ չէր դրան, թե՛ հիվանդանոցային պայմաններով, և թե՛ բժշկական պարագաներով։
Այս ամենի հետևանքով երկիրը ոչ միայն մարդկային, այլև ֆինանսական մեծ կորուստներ է ունենում, այդ թվում՝ ինչպես առողջապահության համակարգում, այնպես էլ՝ ընդհանրապես տնտեսության մեջ։ Չհաշված դեռ, որ կարող ենք բախվել նոր խստացումների ու սահմանափակումների հետ։
Վաղուց արդեն մոռացել ենք, թե համավարակի դեմ պայքարում ինչքան միջոցներ են ծախսվել ու դեռ շարունակում են ծախսվել։ Դրանք գումարներ են, որոնք գնում են պետության գրպանից։ Գուցե ինչ-որ չափով նաև միջազգային կառույցներն են օգնում։ Բայց փաստ է, որ հիմնական աղբյուրը պետական բյուջեն է։ Այդ ծախսերը կարող էին անհամեմատ ավելի քիչ լինել, եթե համավարակի դեմ պայքարը ձևական բնույթ չկրեր։ Կան պարտադիր սահմանափակումներ, որոնց անտարբերությամբ են հետևում ոչ միայն քաղաքացիները, այլև այդ սահմանափակումները կյանքի կոչող կառույցները։ Արդյունքներն այսպիսին էլ պիտի լինեին։
Իշխանությունները միացրել են մահերը հաշվելու մեխանիզմը և առաջ են գնում։ Հազարավոր մարդկանց կորցրեցինք պատերազմի ժամանակ, հազարավորների կորցնում ենք համավարակի հետևանքով, բայց դա էլ դեռ վերջը չէ։
Թե ո՞ւր ենք հասնելու այս տեմպերով, հայտնի չէ։ Մեկ տարի առաջ Նիկոլ Փաշինյանը հպարտանում էր, որ Հայաստանում մահերը պակասել են։ Այսօր նա այլևս չի հիշում այդ մասին։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ