Հաշմանդամ նկարիչների ցուցահանդես ԱՄՆ դեսպանի նստավայրում (լուսանկարներ)

Այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը և նրա կինը՝ Լիբբի Հեֆերնն ընդունելություն էին կազմակերպել  «Արվեստը դեսպանատներում»  ծրագրի շրջանակներում՝ դեսպանի նստավայրում բացված ցուցահանդեսը ներկայացնելու նպատակով:

«Արվեստագետներ առանց սահմանների»  խորագիրը կրող ցուցահանդեսում ներկայացված էին հատուկ կարիքներով ամերիկացի և հայ 19 նկարիչների ստեղծագործությունները: Հրավիրյալ հյուրերի շարքում էին ՀՀ պաշտոնատար անձինք, քաղաքական գործիչներ, հատուկ օլիմպիադաների կոմիտեների ներկայացուցիչներ, հասարակայնության հետ հապերի գծով մասնագետներ: Հանդիպման ընթացքում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը և նրա կինը՝ Լիբբին, իրենց տան պատերին փակցված նկարների հեղինակների հետ մեկ առ մեկ զրուցելուց, նկարի բովանդակությանն ու նկարիչների նպատակներին ծանոթանալուց հետո, շնորհակալություն հայտնեցին հավաքվածներին՝ ներկա գտնվելու համար:

Ւր ողջույնի խոսքում դեսպան Հեֆերնը նշեց, որ ցուցադրությունն առանձնակի նշանակություն  ունի իր կնոջ՝ Լիբբի Հեֆերնի համար, քանզի նա, որպես վերականգնողական թերապիայի մասնագետ, իր ողջ կարիերան նվիրել է հատուկ կարիքներ ունեցող երեխաների հետ աշխատելուն: 168.am-ի հետ զրույցում թե՛ դեսպանը և թե՛ իր կինը  կարևորեցին ներառական խնդիրներով անձանց մասնակցությունը նման միջոցառումներին և չառանձնացրեցին ներկայացված նկարներից և ոչ մեկը: «Նրանք բոլորն էլ հրաշալի են: Ունեն յուրահատուկ պատմություն և նշանակություն»,- մեզ հետ զրույցում ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ևս կարևորեց նման միջոցառումների անցկացումը Հայաստանում:  Նա նաև հատուկ շնորհակալություն հայտնեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին՝ այս միջոցառումն իր տանն անցկացնելու և ներառական խնդիրներով երեխաներին անդրադառնալու համար:

Կարդացեք նաև

«Ես շատ կարևորում եմ դեսպանի նման քայլը:  Սա հանրությանը ևս մեկ անգամ ահազանգ է, որ մենք պետք է շատ զգոն և ուշադիր լինենք:  Դա միայն մեր խնդիրը չի, ամբողջ աշխարհն է մտահոգված ներառական խնդիրներ ունեցող անձանցով:  Մշակույթի նախարարությունը զբաղվում է սահմանափակ կարողություններ ունեցող տաղանդավոր երեխաներով, նրանց հանրության առաջ ճանաչելի դարձնելով, միջազգային մրցույթներին ներկայացնելով:

Նկարչության, երաժշտության ոլորտում մենք ունենք շատ շնորհալի մասնակիցներ: Դեկտեմբերի 3-ին ևս կազմակերպվելու է հատուկ միջոցառում, որտեղ հանդես կգան  ներառական խնդիրներ ունեցող երաժիշտ անձինք: Ես կարծում եմ, որ այս քաղաքացիների հաղթանակներն ու ուրախությունը ուժ են տալիս ոչ միայն իրենց, այլև ողջ հանրությանը: Միակ բանը, որի համար ափսոսում եմ, որ մենք այս ամենը կարևորում ենք միայն այն ժամանակ, երբ առիթներ ունենք»,- մեզ հետ զրույցում ասաց ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Ներառական խնդիրներ ունեցող երեխաներից Սիրանույշը անիվների վրա ծառ էր պատկերել: Մեզ հետ զրույցում Սիրանույշը նշեց, որ մեծ խորհուրդ ունի իր համար այդ ծառը: «Ես ծառ եմ» խորագիրը կրող նկարը վկայությունն էր այն բանի, որ փոքրիկ նկարչուհին ունի հենաշարժողական ապարատի խնդիր, իսկ նկարում օգտագործված վառ գույները վկայում էին այն մասին, որ Սիրանույշի հոգում ուրախություն և տոն է: Թեպետև սայլակի վրա, բայց նա էլի ամուր ծառի նման է և կարողանում է շարժվել:

Նշենք, որ դեսպանատներում արվեստի գործերի ցուցադրման հարցերով զբաղվող ԱՄՆ Պետքարտուղարության «Արվեստը դեսպանատներում» ծրագրի գրասենյակը հիմնադրվել է 1963 թվականին: Այն մեծ դերակատարում ունի Միացյալ Նահանգների հանրային դիվանագիտության ասպարեզում, մշակույթի ներկայացման ու տարածման գործում:

Լուսանկարները՝ Սերժ Դավիդովի

Տեսանյութեր

Լրահոս