Բաժիններ՝

«Ապրեցեք երկար» կամ երկարակեցության գաղտնիքը՝ ըստ վարչապետի

Մինչ աշխարհի գիտնականները գլուխ են կոտրում` ինչպես երկարացնել մարդու կյանքի միջին տևողությունը, Հայաստանի իշխանություններն արդեն ոչ միայն գտել են այդ լուծումը, այլև` առաջարկում են այն կիրառելու կոնկրետ եղանակներ։

Այդ կարևոր գործի նրբությունները երեկ հասարակությանը ներկայացրել է վարչապետ Տիգրան Սարգսյանը` ելույթ ունենալով «Կենսաթոշակային բարեփոխումներ. հեռանկարներ և իրականություն» թեմայով երկօրյա միջազգային երկրորդ գիտաժողովում։ Վարչապետը նշել է, որ, ինչպես ցույց է տալիս փորձը, մարդիկ 3-4 տարով ավելի երկար են ապրում, եթե կարողանում են պլանավորել իրենց ապահով ծերությունը: Պա՞րզ է։ Ոչ թե ապահովել, այլ` պլանավորել ապահովել։

Առաջին հայացքից շատ պարզ է թվում. մեզանից յուրաքանչյուրը կարող է վերցնել թուղթ ու գրիչ և սկսել պլանավորել. մինչև 60 տարեկան աշխատել այսքան գումար, այդ աշխատածից «ետ գցել» այսքանը, այդ «ետ գցածները» ներդնել որևէ բիզնեսում կամ որպես ավանդ։ Հետո կարող ենք հաշվել, թե օր ծերության որքան դրամագլուխ կունենանք և ըստ դրա` որոշել, թե որ երկրներում ենք շրջագայելու` ֆոտոխցիկով և ծովափնյա հագուստով։ Իհարկե, դա ամենևին չի նշանակում, որ պլանները գոնե մասամբ իրականություն կդառնան։

Օրինակ` 2008թ. մի ողջ երկրի կառավարություն` իր բոլոր ռեսուրսներով, նստել ու պլանավորել էր հաջորդ տարվա բյուջեն ու տնտեսական աճը։ Սակայն եկավ ճգնաժամն ու ամեն ինչ հարամեց։ Այնպես որ, պլանավորելը դեռ չի նշանակում, որ ապահով կապրեք։ Սակայն պլանավորման կամ կանխատեսման ճշմարտացիությունն այս դեպքում դեր չի խաղում, կարևորը` պլանավորելու փաստն է (չէ՞ որ պայմանն էր այդպիսին` երկար են ապրում նրանք, ովքեր պարզապես պլանավորում են)։

Այնպես որ, թուղթ ու գրիչը մի կողմ դնելուց հետո կարող եք համարել, որ կատարեցիք այդ գործը և առնվազն 3-4 տարով երկարաձգեցիք ձեր կյանքը, սակայնգ ժամանակից շուտ ուրախանալ պետք չէ։ Տիգրան Սարգսյանը հստակեցնում է, որ ապահով ծերություն պլանավորել ասվածը շատ կոնկրետ ձև ունի` մասնակցել կուտակային կենսաթոշակային համակարգին, որը Հայաստանում ներդրվելու է 2014թ. հունվարի 1-ից։
Եթե ամփոփենք, ստացվում է մոտավորապես հետևյալը։

Ցանկանո՞ւմ եք 3-4 տարով երկար ապրել, ուրեմն պլանավորեք ձեր ապահով ծերությունը։ Ցանկանում եք պլանավորե՞լ, մասնակցեք կուտակային կենսաթոշակային համակարգին (այսինքն` ձեր աշխատածի մի մասը տվեք ինչ-որ հիմնադրամի` հավատով ու վստահությամբ, որ պետությունը ձեզ հետո ետ կվերադարձնի կրկնակին)։ Սա հիշեցնում է հետևյալ բնույթի գովազդները` ցանկանո՞ւմ եք ունենալ նոր ավտոմեքենա` ուրեմն գնեք վիճակախաղի տոմսգ Տարբերությունն այն է, որ դրանք խոստանում են գոնե իրական, նյութական բարիքներ, ոչ թե 3-4 տարվա կյանք։

Ընդ որում, կուտակային կենսաթոշակային համակարգի առավելությունների թվարկումը Տ. Սարգսյանը սկսել է շատ հեռվից` նշելով, որ յուրաքանչյուր 3 աշխատողի բաժին է ընկնում մեկ թոշակառու, իսկ «դա լուրջ բեռ է և լուրջ խոչընդոտ, բիզնեսը դառնալու է խիստ ծախսատար և կորցնելու է իր գրավչությունը»։

Սակայն, դրա հետ մեկտեղ` կառավարությունը չի բարձրացնում կենսաթոշակային տարիքը և չի կրճատում սոցիալական ծրագրերը (ոչ թե այն պատճառով, որ մեծահոգի է, այլ` որովհետև դա չի օգնում)։ Փոխարենը՝ առաջարկում է ուս ուսի տված ապահովել (կամ պլանավորել) կյանքի վերջին տարիների կոմֆորտը։ «Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր աշխատող քաղաքացի պետության հետ միասին պատասխանատվություն է կրում իր բարեկեցիկ կենսաթոշակային տարիքի համար:

Դա ոչ միայն պետության, այլև յուրաքանչյուր աշխատող քաղաքացու պարտավորությունն է` մտածել բարեկեցիկ ծերության մասին, այսինքն` նա պարտավոր է աշխատանքի ընթացքում որոշակի հատկացումներ կատարել իր անձնական հաշվին և կուտակել ապահով ծերության համար»,- ասել է վարչապետը:

Մեծ հաշվով, որևէ նոր բան այստեղ չկա. բոլորն էլ աշխատելու տարիներին փորձում են որոշակի գումար կուտակել` ապահով ծերության համար։ Ոմանք կուտակում են` բարձի տակ, ոմանք` թանկարժեք մետաղներ են գնում կամ անշարժ գույք, ոմանք էլ ավանդ են ներդնում բանկում։ Սակայն պետությունն այժմ պարտադրում է` կուտակեք մեզ մոտ` կենսաթոշակային հիմնադրամում, պարտադիր-կամավոր սկզբունքով։

Օգտագործվում են նաև շահագրգռող գործոններ, այլ կերպ ասած` «բոնուսներ». «Որպեսզի այդ անցումն ավելի մոտիվացված լինի, պետությունը պարտավորություն է ստանձնում կրկնապատկել իր քաղաքացիների խնայողությունները. որքան քաղաքացին կկուտակի իր հաշվին, այդքան պետությունը կկրկնապատկի նրա խնայողությունը»:
Ցանկանում եք սահմանված նվազագույնից ավելի շա՞տ կուտակել, որպեսզի գերապահով ծերություն ունենաք։ Խնդիր չկա։ Նման ցանկություն ունեցողների համար գործելու են նաև կամավոր կուտակային հիմնադրամներ:

Իսկ միգուցե վախենում եք, որ ձեր գումարները` խնայողությունները, կարող են փոշիանալ ոչ ճիշտ կառավարման կամ այլ պատճառներո՞վ։ Հանգիստ եղեք, դրանք պարզապես շահարկումներ են, ստոր հերյուրանքներ։ «Հաշվի առնելով միջազգային լավագույն փորձը` օրենսդրությամբ սահմանել ենք բավական խիստ չափանիշներ կառավարիչների ընտրության և կուտակված միջոցների կառավարման համար: Այդ միջոցները կարող են պահվել միայն հուսալի արխիվներում, որոնք համաշխարհային համադրումների ներքո համարվելու են առավել ապահով ակտիվներ»,- ասում է վարչապետը:

Բա գնաճն ու փոխարժե՞քը` միգուցե կհարցնեն առավել զգուշավոր մեր հայրենակիցները։ Ի՞նչ իմանաս` այսօր կուտակած 1000 դրամով վաղը գոնե 1 հատ հաց կկարողանա՞ս գնել, թե՞ ոչ։ Վարչապետն այդ հարցի պատասխանն էլ է տվել. «Պետությունը նաև պատրաստ է երաշխավորել գնաճին և փոխարժեքին առնչվող որոշակի ռիսկեր»: Իհարկե, երաշխավորում է ոչ բոլոր ռիսկերը, այլ «որոշակի», սակայն չեղածից լավ է։

Եվ վերջապես, հարկավոր է մի քիչ էլ պետության մասին մտածել և զիջողությունների գնալ` հանուն ավելի լավ Հայաստանի։ «Այսօր Հայաստանի կառավարությունը պատրաստ է գործարկելու եռաստիճան կենսաթոշակային համակարգը, որը վերջ կդնի կենսաթոշակառուների շրջանում աղքատությանը»,- ասել է Տ. Սարգսյանը: Ո՞վ չի ցանկանում տեսնել Հայաստան, որտեղ ոչ մի աղքատ թոշակառու չի լինի։

Դրա համար էլ բողոքները պետք է մի կողմ թողնել։ Թեպետ մյուս կողմից` մենք արդեն այսօր չպետք է տեսնեինք աղքատ թոշակառուներ, քանի որ վարչապետն ասում է. «Պետությունը պարտավորություններ ունի սոցիալապես խոցելի խավերի նկատմամբ և երաշխավորում է նվազագույն սոցիալական ապահովվածություն իր բոլոր քաղաքացիների համար»: Սակայն տեսնում ենք։ Անգամ պաշտոնական տվյալներով` վերջին 3 տարիներին շատ աղքատ մարդկանց թիվն ավելացել է 70 հազարով։ Ստացվում է` երաշխավորելը մի բան է, կատարելը` այլ։

Ինչևէ, կուտակային կենսաթոշակային համակարգը նոր բան չէ և կիրառվում է ողջ աշխարհում։ Ավելին, ոչինչ փոխել չի լինի, և քննադատելու փոխարեն, ըստ վարչապետի, «մեր երիտասարդները պարտավոր են ծանոթանալ այս հայեցակարգին, քանի որ 2014 թ. հունվարի 1-ից նրանք պետք է ընտրություն կատարեն և ինքնուրույն պլանավորեն իրենց ապագան»։

Ավելացնելու բան չկա։ Թերևս, միայն մի «փոքրիկ» դետալ. հիմնադրամ ընտրելուց առաջ, նախ` հարկավոր է մտածել` ինչպե՞ս աշխատանք գտնել և գումար վաստակել։ Կարծում ենք՝ ճիշտ հերթականությունն ամեն դեպքում սա է, թեպետ մեր պետությունը շատ դեպքերում գործում է հակառակ ծայրից (նախ` ստիպում է տալ, հետո` ստանալ)։
Ամեն դեպքում, այս ամենի մեջ կա մի լուսավոր կետ` երկարակեցությունը։ Այս հոդվածը կարդալով` ընթերցողը, եթե չի պլանավորում իր ապահով ծերությունը, ապա գոնե քիչ թե շատ սկսում է մտածել այդ ուղղությամբ։ Իսկ դա կարող է նշանակել` կյանքի տևողության ավելացում` եթե ոչ 3-4 տարով, ապա` առնվազն մի քանի ամսով։

«168 ԺԱՄ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս