«Պատասխանները բավականին լուրջ վերլուծություններ էին. նախագահն ամբողջովին տիրապետում էր իրավիճակին». Քաղտեխնոլոգ

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի խոսքով՝ «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված ծավալուն հարցազրույցի ժամանակ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին տրվել են այնպիսի ակտուալ հարցեր, որոնք վերջին 2,5 տարում հուզում էին հանրությանը։

Ինչ վերաբերում է պատասխաններին, ապա Վիգեն Հակոբյանը դրանք բաժանում է երկու մասի։

«Այն, ինչը վերաբերում էր Արցախի հարցին, թե՛ պատմությանը, թե՛ ընթացիք բանակցություններին, կարծում եմ՝ այդ պատասխանները բավականին լուրջ և որակյալ վերլուծություններ էին։ Ամեն դեպքում պարզ էր, որ նախագահն ամբողջովին այդ գործի մեջ էր, ամբողջովին տիրապետում էր իրավիճակին մինչև 2018 թվականի հեղափոխությունը, նաև դրանից հետո։

Պատասխանների երկրորդ մասը վերաբերում էր իշխանափոխության բացատրություններին, թե ինչպե՞ս եղավ ու ի՞նչ մեխանիզմներով։ Այս հատվածը համոզիչ չէր, որովհետև գոնե ինձ համար այդ իշխանափոխությունը բավականին տարօրինակ էր և մենթալիտետային առումով բնորոշ չէր նախորդ իշխանությանը։

Ընդհանրապես, երբ խոսում են ինչ-որ իշխանության, նրա բնորոշ գծերի մասին, միշտ վերլուծվում է նաև անցյալը, թե իշխանությունն ինչպես է գործում, պետական համակարգի մեխանիզմները, ուժայիններն ինչպես են գործում, որոշումներն ինչպես են ընդունվում, և այլն։ Կարծում եմ՝ 2018 թվականի գարնանը բուն իշխանության գործելաոճը բնորոշ չէր նույն իշխանության նախորդ վարքագծին։ Հիմա Սերժ Սարգսյանի այն պատասխանը, որ իշխանությունն ինքը հանձնել է ոչ թե կապիտուլյանտին, ինչպես Փաշինյանին բնորոշեց նախագահը, այլ Կարեն Կարապետյանին, ըստ իս, սա ցանկացած վերլուծություն անող մարդու համար չի կարող համոզիչ լինել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Վիգեն Հակոբյանը։

Նրա կարծիքով՝ մեկ հարցազրույցով հնարավոր չէ հասարակության կասկածները փարատել, քանի որ այնպես չէ, որ հասարակությունում բոլոր մարդիկ տրամաբանում են կամ ընդունակ են վերլուծության։ Ինչպես ցույց տվեցին հասարակության  հետպատերազմյան ազդակները՝ ոչ միշտ են ադեկվատ։

«Չեմ կարծում, որ մեկ հարցազրույցով բոլոր հարցերը փակվում են։ Ամեն դեպքում հասկանալի է, որ հասարակության մի զգալի մասի մոտ շարունակում է բավականին լուրջ անվստահություն մնալ նախկին իշխանության նկատմամբ։ Սերժ Սարգսյանը փորձում էր ամբողջովին ցույց տալ, թե Արցախի բանակցային գործընթացի հետ կապված ինչ ժառանգություն է թողել Նիկոլ Փաշինյանին։ Այս 44-օրյա պատերազմից հետո այնքան հարցեր են առաջացել՝ կապված այսօրվա վարչախմբի գործելաոճի հետ, որ շատ բան կարող է և այլ տեսանկյունից դիտարկվել»,- հավելեց քաղտեխնոլոգը։

Վիգեն Հակոբյանի բնորոշմամբ՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցն ամբողջությամբ նշանակում է, որ Հայաստանում սկսվել է իշխանափոխության գործընթացը, և այն սկսվել է ոչ միայն այդ հարցազրույցով՝ դրանից առաջ եղել էր Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը, 17 ընդդիմադիր ուժերի բողոքի ակցիաները, և այլն։

Ըստ նրա՝ իշխանափոխության այդ գործընթացն իրականացվելու է, որտեղ հիմնական խաղացողները բավականին ակտիվ դիրքավորվում են և՛ ընդդիմության ընդհանուր ձևաչափի մեջ, և՛ առանձին, ու յուրաքանչյուրն իր առանձին օրակարգն ունի։

«Կարծում եմ՝ ամենացավալի վարկանշային հարվածը, որը կարող է հասցվել այսօր ցանկացած ընդդիմադիրի, այն է, որ նրան կապում են գործող իշխանության հետ։ Այդ պատճառով էլ այսօր բոլորը ցանկանում են՝ որքան հնարավոր է՝ այդ մեղադրանքներն իրենցից հեռու վանեն։ Կարծում եմ՝ երբ գործը հասնի ընտրություններին, չի բացառվում, որ Հանրապետական կուսակցությունն առանձին հանդես գա։ Չեմ բացառում, որ հենց Սերժ Սարգսյանը կարող է գլխավորել այդ ցուցակը, հաջողության դեպքում կցանկանա՞ ղեկավարել երկիրը, թե՞ չէ, այդ համոզմունքը չունեմ»,- եզրափակեց Վիգեն Հակոբյանը։

Տեսանյութեր

Լրահոս