«Մենք երբեք չենք բանակցել այն մասին, թե մենք ինչ ենք տալու, մենք մշտապես բանակցել ենք այն մասին, թե մենք ինչ ենք ստանալու». Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել «Արմյուզ» հեռուստաընկերությանը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, արցախյան վերջին պատերազմում ՀՀ դիվանագիտական և ռազմաքաղաքական ձախողումներին՝ կապիտուլյացիայի պատճառներին, հետևանքներին:

Լրագրողի հարցին՝ «Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ Ձեզնից իբրև ժառանգություն ստացել է բանակցային մի փաթեթ, որում բովանդակային բանակցություններ սկսել կամ շարունակել արդեն իսկ հնարավոր չէր։ Այդ հնարավորությունները սպառված էին, այդ պատճառով նա սկսել է իր կետից, ոչ թե Ձեր կետից, ինչպես ինքն էր բառացիորեն ասում, և ճշգրտում է, ասում է, որ Արցախի կարգավիճակի հետագա ճշգրտման որևէ հնարավորության մասին խոսք չի եղել Ձեր կողմից նրան թողած ժառանգության մեջ, փոխարենը խոսք է եղել միայն յոթ շրջանի անվերապահ հանձնման մասին, ընդ որում՝ որևէ երաշխիք չի եղել, որ Ադրբեջանը նոր պայմաններ կամ նոր պահանջներ մեզ չի ներկայացնի։ Այսինքն՝ փաստացի 2018-ի ապրիլին բանակցային գործընթացը եղել է փակուղում։ Այդպե՞ս է», Սերժ Սարգսյանը պատասխանեց.

«Ո՛չ, միանշանակ ո՛չ։ Նրա ասածները խոսում են միայն ու միայն այն մասին, որ ինքը, նույնիսկ գրեթե երեք տարի աշխատելով որպես վարչապետ, այսինքն՝ լինելով գլխավոր բանակցող, այդպես էլ չի հասկացել բանակցությունների իմաստը, թե ընդհանրապես ինչ են բանակցում։ Ձեր ասած միտքը նա շարադրել է կապիտուլյացիայից հետո և միանգամից, առանց հապաղման համանախագահ երկրներից մեկի ներկայացուցիչը՝ Պոպովը, միանգամից այդ փուչիկը պայթեցրել է։ Ինձ կարող են չհավատալ, բայց արդյո՞ք որևէ հիմք կա չհավատալու Պոպովին, որովհետև, եթե Պոպովի ասածը իրականությանը մի միլիմետր անգամ չհամապատասխաներ, ապա մյուս համանախագահները միանգամից կփորձեին նրան ուղղել, որովհետև ինչքան էլ հակասություններ ունենան ԱՄՆ-ն, ՌԴ-ն, Ֆրանսիան…

…Ուզում եմ սկզբունքային խնդիրներին անդրադառնալ, ասել հետևյալը, որ մենք երբեք, երբեք չենք բանակցել այն մասին, թե մենք ինչ ենք տալու, մենք մշտապես բանակցել ենք այն մասին, թե մենք ինչ ենք ստանալու։ Բայց բանակցությունները այս մարդկանց համար տալու կամ չտալու խնդիր էին, ինչը անհեթեթություն է, անհեթեթություն՝ միգուցե ինչ-որ չափով բնորոշ այդ կարգի մարդկանց համար։ Մեր ցանկացածը և մեր կարմիր գիծն այն էր, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չլիներ Ադրբեջանի կազմում, երբեք։ Դա էր մեր կարմիր գիծը, և մենք այդ գիծը պաշտպանել ենք մինչև 2018-ի ապրիլի 23-ը»։

Տեսանյութեր

Լրահոս