Բաժիններ՝

«Իմացանք, որ Նարեկը զոհվել է, հետո ասացին՝ սխալվել ենք, ողջ է, հաջորդ օրն իմացանք, որ մահացել է, ուղղակի դին չեն ճարում»

Արցախում նահատակված 26-ամյա Նարեկ Ջիվանի Սարգսյանը Սյունիքի մարզի Սիսիան քաղաքից էր, ընտանիքի կրտսեր որդին: Դպրոցն ավարտելուց հետո պարտադիր ժամկետային ծառայության էր անցել ՀՀ Զինված ուժերում, իսկ զորացրվելուց հետո ծառայությունը շարունակում էր հայոց բանակում՝ Սիսիանի զորամասում պայմանագրային զինծառայող էր:

Նարեկի մայրը՝ տիկին Լուիզան, 168.am-ի հետ զրույցում ասաց, որ որդին շատ էր սիրում զինվորականի աշխատանքը և ամենայն պատասխանատվությամբ էր կատարում իր առջև դրված մարտական առաջադրանքները:

«Նարեկս Սիսիանի գնդում էր աշխատում, սիրով էր գնում իր գործին, այս տարի մայիսի 6-ին կլրանար 6 տարին, որ այդտեղ էր աշխատում… 2020 թվականի մայիսից դիրքերում էր, մի քանի անգամ էր տուն եկել. Սեպտեմբերի 27-ին էլ 2 օրով դիրքերից իջավ, որ մասնակցեր քեռու տղայի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններին, նա էլ էր պատերազմի ժամանակ զոհվել: Մեկ այդ ժամանակ ենք Նարեկիս տեսել, մեկ էլ հոկտեմբերի 8-ի գիշերը, ժամը 2-ին: Եկավ տուն, ասաց՝ մեզ տանում են Արցախ, հաջորդ օրը գիշերը Հադրութում զոհվել է տղաս: Վերջին անգամ իր հետ խոսել ենք հոկտեմբերի 8-ին, երբ հաջող էինք անում…»,- պատմեց Նարեկի մայրը:

Նարեկը 2017 թվականի դեկտեմբերին էր ամուսնացել, ունի 2 տարեկան դուստր: Նպատակներ շատ ուներ, սակայն կիսատ մնացին.

«Նարեկս բնավորությամբ՝ հանգիստ, համեստ, խելացի, ընկերասեր, շատ նվիրված էր ընկերներին, ընտանիքի համար լավ տղա, նոր էր ամուսնացել, ունի փոքրիկ աղջիկ, չհասցրեց, որ լավ հայր դառնար…»,- արցունքն աչքերին ասաց զոհված զինծառայողի մայրը:

Նարեկի մանկության ընկերներից Արմենը 168.am-ի հետ զրույցում պատմեց, որ Նարեկի հետ նույն բակում են մեծացել, նույն դպրոցը հաճախել, և հիմա դժվար է համակերպվել այն իրողության հետ, որ Նարեկը զոհվել է: Ընկերներով հաճախ են գնում Նարեկի գերեզմանին, «զրուցում» նրա հետ, հիշում նրա հետ անցկացրած օրերն ու հետաքրքիր պատմությունները:

«Ընկերներով որ հավաքվում ենք, ժամերով Նարեկից ենք խոսում: Շատ նվիրված էր իր ընկերներին, հարգում էր ընկերությունը… Մեր ընկերության կարևոր կտորը գնաց, մենք էլ չենք հավատում, մենք էլ չենք հարմարվում: Եթե ամեն օր չէ, ապա ամեն 2րդ, 3-րդ օրը պետք է գնանք շիրիմին, թեկուզ հիմա նկարի հետ ենք զրուցում, բայց էլի զրուցում ենք: Ցանկությունն էր, որ իր ընտանիքը լավ ապրեր, շատ նվիրված էր ընտանիքին, հարազատներին, ընկերներին, մեծահոգի մարդ էր, թեկուզ անծանոթ մարդն էլ մի բան ուզեր՝ չճանաչելով՝ կաներ նրա համար, այդպիսի մարդ էր ընկերս: Մի աղջիկ ունի Նարեկը, երազում էր տղա ունենալու մասին, միշտ ասում էր…»,- պատմեց Արմենը:

Վերջին անգամ ընկերները հանդիպել էին Նարեկի մորեղբոր տղայի հուղարկավորության օրը՝ սեպտեմբերի 28-ին, հաջորդ օրը կրկին վերադարձել էր դիրքեր, իսկ արդեն հոկտեմբերի 8-ին տեղափոխվել էր Արցախ:

«Նարեկը գիտակցված է գնացել ռազմաճակատ, մեր ընկերներից մեկը, որ էլի այնտեղ է եղել ու ավելի ուշ վերադարձել է, պատմում է, որ Նարեկի վերջին խոսքերը եղել են՝ հանուն հայրենիքի պատրաստ ենք մեռնելու, մտածել է, որ կարող է հետ չգա, ու գնացել է: Հիշում եմ՝ Արցախ մեկնելուց առաջ 2 ժամ ազատ ժամանակ են ունեցել, Սիսիանի զորամասն էլ իրենց տանը շատ մոտ է, ասել է՝ իջնեմ տուն, երեխուս տեսնեմ, նոր գնամ, ոնց որ սրտին տար…»,- պատմեց զոհված զինծառայողի ընկերը:

Նարեկի այրին՝ Տաթևը, մեզ հետ զրույցում հիշեց այն օրը, երբ ամուսնուն ճանապարհում էր ռազմաճակատ: Ասում է՝ խոստացել էր վերադառնալ.

«Ամսի 8-ին Սիսիանի դիրքերից իջնելուց զանգել ասել էր, որ տանելու են Ղարաբաղ, դե, քանի որ զորամասը մեր տանը մոտ է, վազելով եկել էր տուն: Ասել էր՝ երեխուն չքնացնեք, որ գամ տեսնեմ, բայց մինչև եկավ, երեխեն քնած էր: Մի քանի ժամ մնաց, ինչ-որ բան զգալով՝ իրեն անընդհատ պահեցի տանը, մինչև որ զորամասից կզանգեին, կգնար: Շատ անհանգիստ էր, երբ խոսում էինք, չէր պատկերացնում, թե ուր պետք է գնար, ինչ պատերազմ է, ասում էր՝ Տաթև, հաստատ չեմ զոհվի, այդ խոսքերն ինձ ուժ էին տալիս մտածելու, որ ոչինչ չի լինի: Մինչև ժամը 3-ը մնաց տանը, մինչև զանգեցին ու ասացին՝ մեքենաները շարժվում են: Երեխան քնած էր, երկար նայեց ու գնաց…»:

Նարեկի զոհվելու մասին հարազատներն իմացել են դեպքից 3-4 օր անց, սակայն դրանից մի քանի ժամ հետո ռազմական ոստիկանությունից կապ են հաստատել նրա հարազատների հետ և հերքել լուրը:

«Հոկտեմբերի 13-14-ն էր, իմացանք, որ Նարեկը զոհվել է,  մարմինը բերում են, հետո զանգել էին իրենց տուն, ասել էին՝ հազար ներողություն, ձեր տղան Ստեփանակերտի ռազմականում է, ողջ է: Հաջորդ օրն իմացանք, որ դա էլ է սխալ, մահացել է, ուղղակի դին չեն ճարում: Այսինքն՝ մի անգամ իմացանք, որ մահացել է, դին արդեն բերում են, տանն այնպիսի վիճակ էր… մի քանի ժամ հետո ասացին՝ կներեք, սխալվել ենք, ողջ է ձեր տղան, հաջորդ օրն առավոտյան իմանում ենք, որ իրոք մահացել է, ուղղակի դին չեն ճարում: Հոկտեմբերի 27-ին նոր մարմինը բերեցին»,- պատմեց Նարեկի ընկերը՝ Արմենը:

Տաթևը, ևս շեշտեց, որ ամուսնու մասին գույժը լսելուց հետո սկսել են փնտրել նրան, հետո 17 օր սպասել են, մինչև կստանային  ԴՆԹ-ի  համընկնման պատասխանը:

«Մեզ ասացին, որ դին 3 օր հետո են գտել, բայց ես իմ աչքով չտեսա, չկարողացա հրաժեշտ տալ նույնիսկ…»:

Տաթևը պատմեց, որ ամուսնու մարտական ոգին բարձր էր ռազմաճակատ մեկնելիս, գնում էր պաշտպանելու հայրենիքը, տունը, ընտանիքը, սակայն այն, ինչ տեղի ունեցավ նոյեմբերի 10-ին, դավաճանություն է համարում.

«Շատ ցավալի ընդունեցի, որ Արցախն այդպես տրվեց: Ստացվեց այնպես, որ այդքան զոհ ունեցանք, բայց անիմաստ, ոչ մեկը պատասխանատվություն չկրեց դրա համար, մեկը մեզ համար՝ ես չունեցա ոչինչ, որ հրաժեշտ տամ, ումի՞ց պահանջեմ, ի՞նչ պահանջեմ: Իսկ ակնկալիքներ այս իշխանությունից չունեմ, դեռ ամեն ինչ անորոշ է, չեմ կարող մտածել, թե հետո ինչ կլինի: Չեմ ուզում ամենավատը մտածել, դեռ հույս ունեմ, որ Սյունիքին չի հասնի հարցը, բայց մյուս կողմից՝ այս իշխանությունից ամեն ինչ կարելի է սպասել, եթե 1 գիշերվա ընթացքում Արցախը հանձնեց, հնարավոր է, որ 1 գիշերվա ընթացքում Սյունիքն էլ հանձնեն: Նարեկը գնաց կռիվ՝ պաշտպանելու իր տունը, բայց այսօր Սյունիքը վտանգված է…

Ես երդվել եմ, որ այն, ինչ Նարեկը չհասցրեց անել մեր երեխայի համար, ինքս եմ պատասխանատվություն վերցրել, որ իր փոխարեն էլ անեմ, շատ նպատակներ ուներ… Նարեկին խոստացել եմ, որ իր փոխարեն կանեմ ամեն ինչ…»:

Նարեկ Սարգսյանի հուղարկավորությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 28-ին՝ Սիսիանի զինվորական պանթեոնում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս