Բաժիններ՝

Վանաձորի կայարանի երկաթուղային վագոնային կշեռքը կհանձնվի ՀԿԵ-ին

Վանաձորի կայարանի տարածքում առկա երկաթուղային վագոնային կշեռքը և կշեռքի շինությունը կներառվեն և կշահագործվեն «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ կոնցեսիոն ակտիվների կազմում: Այս մասին համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

Նշվում է, որ այդ նպատալով ընկերությունը դիմել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը։

Քանի որ Վանաձոր քաղաքի կայարանի տարածքում առկա երկաթուղային վագոնային կշեռքը և կշեռքի շինությունը ներկայում չի շահագործվում և գտնվում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հաշվեկշռում, նախարարությունը դիմել է կոմիտեին` դրանք հանձնելու «Հարավկովկասյան երկաթուղու» շահագործմանը։ Կոմիտեն տվել է իր համաձայնությունը։

«Նախագծով առաջարկվող կարգավորումը թույլ կտա Վանաձոր քաղաքի կայարանի տարածքում առկա երկաթուղային վագոնային կշեռքը և կշեռքի շինությունը վերանորոգումից հետո արդյունավետ շահագործել, ինչպես նաև ապահովել ԱՊՀ անդամ երկրների երկաթուղով բեռնափոխադրումների պահանջների կատարումը»,– ասված է որոշման հիմնավորման մեջ:

Այսպիսով հնարավորություն կստեղծվի իրականացնելու Վանաձորի երկաթուղային կայարանում վագոնների բարձումից հետո դրանց կշռումը, ինչպես նաև կբարձրանա գնացքների անվտանգ երթևեկության ապահովումը:

Այս որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ՊԵԿ–ը երկամսյա ժամկետում վագոնային կշեռքը և կշռման սենյակը, ինչպես նաև դրանց տեխնիկական փաստաթղթերը կհանձնի ՏԿԵՆ–ին` շահագործման համար «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին փոխանցելու նպատակով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս