Բաժիններ՝

«Ցանկացած բեռի ավելացում ենթադրում է անուղղակի ձևով առավելություններ տալ ստվերում աշխատողներին». Փայլակ Թադևոսյան

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ պետական բյուջեում գոյացած ճեղքը լրացնելու համար նախատեսվում է նվազեցնել շրջանառության հարկի շեմն ու ավելացնել բեռը: Շրջանառության հարկն առևտրի ոլորտում այժմ 5 տոկոս է՝ մինչև 1,5 տոկոս նվազեցման հնարավորությամբ, կախված փաստաթղթավորումից։ Արտադրության ոլորտի համար նախատեսված է ավելի ցածր հարկային բեռ՝ 3,5 տոկոս։ Կառավարությունը համարում է, որ դրանք ցածր են, և անհրաժեշտ է վերանայել։

Ինչ վերաբերում է հարկի շեմին՝ ներկայումս այս դաշտում գործում են այն տնտեսվարողները, որոնց տարեկան շրջանառությունը հասնում է 115 մլն դրամի։ Հետաքրքրական է, որ 2019թ. հունվարի 1-ից նախատեսված էր, որ շրջանառության հարկի շեմը պետք է իջեցվի մինչև 58,3 մլն դրամը։ Բայց իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հրաժարվեց դրանից, ու հիմա պարզվում է, թե այն ժամանակ սխալ են վարվել:

«Հարկ վճարողների պաշտպանություն» ՀԿ նախագահ Փայլակ Թադևոսյանի խոսքով՝ ամեն ինչին անհրաժեշտ է նայել ընդհանուր համակարգի մեջ՝ հնարավոր հետևանքներով հանդերձ:

«Գործարար միջավայրում մրցունակությունը պահպանելու գործառույթ ունի պետությունը: Երբ որ հարկման ռեժիմները տարբեր են, այդ մրցունակության վրա ազդող գործոններ են լինում, բայց միաժամանակ չմոռանանք ֆիքսել, որ երբ ցանկացած հարկային բեռ է ավելացվում, և որոշակի ոլորտներում ոլորտի մի մասի տնտեսվարողները գտնվում են, այսպես ասած, ստվերում, իսկ մյուս մասը՝ օրինական դաշտում, ցանկացած բեռի ավելացում ենթադրում է անուղղակի ձևով առավելություններ տալ ստվերում աշխատողներին, կամ այն չափը, որը ճիշտ են հայտարարագրում իրենց եկամուտները, դրանց մի մասին դրդել գնալ ստվերային գործունեության»,- հարկային քաղաքականության ճեղքի կրճատմանն ուղղված միջոցառումները հաստատելու մասին որոշման վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց Փայլակ Թադևոսյանը:

Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը, որը բազմիցս հայտնել է, որ կողմ է շրջանառության հարկի դրույքաչափի բարձրացմանը ու շեմի ավելացմանը, քննարկման ժամանակ նշեց, որ այժմ չի կարելի իրականացնել նման քայլեր՝ առնվազն այնքան ժամանակ, մինչև չվերանա տնտեսության ապագայի մշուշը:

«Հարկադրույքի ավելացման դեպքում ունենք բավականին գրագետ մասնագետներ, որոնք շատ արագ կարողանում են խուսափողական քաղաքականությունը կամ խուսափելու ձևերը գտնել, եղանակները, մեթոդները մշակել և տանել դեպի ստվեր: Այ, երբ որ հարկային մարմինները կամ Ֆինանսների նախարարությունն  ասում են՝ «մենք վարչարարություն իրականացնելու ժամանակ կգտնենք այդ ձևը կամ մեթոդը բացահայտելու», առնվազն այս խոսքերին հավատալու համար պետք է պատմական էքսկուրսիա իրականացնել նախորդ արած հայտարարությունների և կատարած աշխատանքների շուրջ:

Այն ժամանակ՝ միկրոձեռնարկատիրության համակարգը ներդնելուց, երբ մենք լսում էինք՝ «վարչարարության ժամանակ դուք չեք կարողանալու հայտնաբերել ստվերը», մեզ ասում էին՝ «կարող ենք», իսկ հիմա իրենք են բարձրաձայնում և ասում՝ «չենք կարող հայտնաբերել, և դաշտում կան անբարեխիղճ հարկատուներ, որոնք տրոհում են բիզնեսը, որպեսզի քիչ հարկ վճարեն»: Սա տրամաբանական է, որ լինելու է, սա միշտ է լինելու: Ինչքան օրենսդրությունը տվեց հնարավորություն, միշտ էլ հայտնվելու են անբարեխիղճ հարկատուներ, միշտ էլ հայտնվելու են այնպիսի գրագետ մասնագետներ, որոնք կարողանալու են այդ մեթոդները մշակել և խուսափել հարկերից»,- ասաց Նաիրի Սարգսյանը՝ նշելով, որ անգամ լուծումներ են ներկայացրել, որոնք, ըստ նրա, հնարավորություն կտան նվազեցնել անբարեխիղճ հարկատուների թիվը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս