Փոմպեոն հաստատել է հուսիթներին ահաբեկիչներ հայտարարելու ԱՄՆ-ի մտադրությունը
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն հաստատել է «Անսար Ալլա» եմենական շարժումը (հուսիթներ) օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն հայտարարելու մտադրությունը: Այդ մասին ասվում է մամուլի տեղեկագրում, որը հրապարակվել է ամերիկյան պետդեպարտամենտի կայքում: Ավելի վաղ Reuters գործակալությունը, վկայակոչելով աղբյուրների, հաղորդել էր «Անսար Ալլա» եմենական շարժումն ահաբեկչական կազմակերպություն հայտարարելու ԱՄՆ-ի պլանների մասին, դրա հետ մեկտեղ նշվել է, որ վարչակազմն այդ քայլին կարող է գնալ արդեն հունվարի 11-ին: «Պետդեպարտամենտը Կոնգրեսին կծանուցի «Անսար Ալլա» (շարժումը) օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն հայտարարելու իմ մտադրության մասին»,-մամուլի տեղեկագրում մեջբերվում են Փոմպեոյի խոսքերը: Նաեւ նշվում է, որ ահաբեկիչների ցուցակում կընդգրկվեն շարժման երեք առաջնորդներ:
Փոմպեոյի խոսքով՝ այս միջոցները «լրացուցիչ գործիքներ են Իրանի կողմից աջակցվող «Անսար Ալլա»-ի ահաբեկչական գործունեությանը հակազդելու համար: Նա հավելել է, որ այս որոշումն ուղղված է «խաղաղ, ինքնիշխան եւ միասնական Եմենի հասնելու ուղղությամբ ջանքերի առաջմղմանը, որն ազատ է իրանական միջամտությունից եւ խաղաղության մեջ է իր հարեւաննների հետ»:
«ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի նման պլանների մասին նոյեմբերին հաղորդել էր Foreign Policy հրատարակությունը: Այս քայլը, գրում է հրատարակությունը, սպառնում է խարխլել Եմենին օգնություն ցուցաբերելու ուղղությամբ միջազգային ջանքերը, ինչպես եւ ՄԱԿ-ի միջնորդությամբ երկրում խաղաղ կարգավորման ջանքերը: Այնուհետեւ ահաբեկչությանը հակազելու հարցերով զբաղվող ԱՄՆ-ի համակարգող Նաթան Սեյլսը հայտարարել է, որ իշխանությունները նախօրոք չեն հաղորդելու եմենական շարժումն ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու մասին: 2014 թվականի օգոստոսից Եմենում շարունակվում է դիմակայությունը կառավարական ուժերի ու երկրում իշխանությունը վերցրած հուսիթների միջեւ: Այն առավել ակտիվ փուլ է անցել 2015 թվականի մարտին կոալիցիայի ներխուժումից հետո, որը գլխավորում է Սաուդյան Արաբիան: Եմենի Իրավունքի ու զարգացման կենտրոնների տվյալների համաձայն, 2015 թվականի գարնանից Եմենում սպանվել են 10 հազարից ավելի խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ գրեթե 2,4 հազար երեխաներ եւ շուրջ 2 հազար կանայք, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: