Արցախցիներին հյուրընկալած քաղաքացիները կստանան հյուրընկալության ծախսերի փոխհատուցում. Ի՞նչ փաստաթղթեր է պետք ներկայացնել
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ հյուրընկալության երկու ծրագրերի համար այսօրվանից կգործարկվի դիմումների ընդունումը:
«Մասնավորապես, գիտենք, որ Արցախի մեր հայրենակիցների մի հատվածը, որ իր ժամանակավոր բնակությունը հաստատում է ՀՀ տարածքում, մի մասը գտնվում է պետության ենթակայության տակ գտնվող կառույցներում, մի մասը իր բնակությունը հաստատում է նաև մասնավոր ընկերությունների աջակցությամբ՝ հյուրանոցներում, սակայն զգալի մի հատվածը բնակվում են բարեկամների, ընկերների կամ ուղղակի մեր հայրենակիցների տներում:
Այն քաղաքացիները, ովքեր հյուրընկալել են արցախցիներին, յուրաքանչյուր չափահաս անձի գծով ստանալու են իրենց հյուրընկալության ծախսերի փոխհատուցում 30 հազար դրամի չափով, իսկ Արցախում՝ 45 հազար դրամի չափով:
Այս մասով՝ այսօրվանից արդեն նորից կսկսենք դիմումների ընդունումն էլեկտրոնային եղանակով: Այն շահառուները, ովքեր նախկինում բնակվել են Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում, այս ծրագրերը նրանց մասով տևելու է 6 ամիս ժամկետով, իսկ այն անձինք, ովքեր որ վնասված տներում են նախկինում բնակվել, այս ծրագիրը՝ 3 ամսով՝ այն տրամաբանությամբ, որ այս պահին Արցախի կառավարությունն ակտիվ իրականացնում է նաև այդ քանդված շենքերի կամ բնակելի տների վերանորոգման աշխատանք»,- նշեց նախարարը՝ հույս հայտնելով, որ կարճաժամկետ հատվածում Արցախի մեր հայրենակիցները կվերադառնան, սակայն նկատեց, որ թե՛ այս, և թե՛ մնացած բոլոր միջոցառումների շարունակությունը կտևի այնքան, որքան կենսական անհրաժեշտություն կլինի:
Լրագրողի հարցին, թե ինչպես է կազմակերպվելու այս ծրագրերի շահառուների իդենտիֆիկացումը, նախարարն արձագանքեց. «Այն մարդիկ, ովքեր հյուրընկալ են, ներկայացնում են իրենց տվյալները և այն անձանց տվյալները՝ նաև անձը հաստատող փաստաթղթի պատճեններն էլեկտրոնային եղանակով, ովքեր բնակվում են իրենց տանը: Մենք մաքսիմում գործընթացը պարզեցրել ենք: Ամբողջն իրականացվելու է մեր ստուգման միջոցով՝ բացառապես տվյալների ստուգում ենք իրականացնում»:
Նախարարը տեղեկացրեց, որ հունվարից կմեկնարկեն նաև երկու փոքր ժամանակավոր աշխատանքային ծրագրեր. «Մասնավորապես, այսպես կոչված, պրակտիկայի ծրագիր: Հաշվի առնելով, որ փաստում ենք, որ մի քանի ամիս առնվազն այդ շահառուների հատվածը բնակվելու է Հայաստանում, այդ անձանց մասով մենք իրականացնում ենք ծրագիր: Եթե գործատուի մոտ կանցնեն պրակտիկայի՝ նաև կրթական, աշխատանքային որոշակի փորձ ձեռք կբերեն այդ անձինք, նրանց մենք տրամադրելու ենք 100 հազար դրամի աշխատավարձի աջակցություն և նաև, որպեսզի գործատուներին նույնպես խրախուսենք, այն անձինք, ովքեր ներգրավված կլինեն այդ կրթական պրակտիկայի, ուսման մեջ՝ 34 հազար դրամի մասով՝ նաև գործատուներին աջակցություն և բոլոր հարկերի փոխհատուցում գործատուներին:
Մյուս ծրագիրն աշխատանքային, որը նաև նախարարության ընդհանուր ծրագրերի շրջանակներում է, դա համայնքներում հասարակական աշխատանքներում ներգրավվելն է: Մասնավորապես, ունենք գյուղական համայնքներում շինարարական, բարեկարգման որոշակի ծրագրեր, որտեղ անձինք ներգրավվում են օրավարձով աշխատանքի: Այդ ծրագրի շահառու կարող են դառնալ յուրաքանչյուր օրվա համար 8000 դրամի աշխատավարձի չափով:
Այս ծրագրերը հունվարից ավելի մանրամասն կներկայացնենք»:
Մեսրոպ Առաքելյանը տեղեկացրեց նաև այն ծրագրերի մասին, որոնց շահառուներ են դառնում ՀՀ քաղաքացիները. «Մասնավորապես՝ պատերազմի հետևանքով ավերածություններ տեղի ունեցան նաև ՀՀ սահմանամերձ համայնքներում, ունեցանք քաղաքացիական անձանց շրջանում զոհեր և վիրավորներ:
Մարզպետարանների կողմից իրականացվել է գույքագրում սահմանամերձ համայնքներում ավերածությունների հետևանքով տուժած քաղաքացիների մասով: Այս ծրագրով բոլոր այն քաղաքացիները, ովքեր դիմել են, արդեն ստացել են փոխհատուցում՝ յուրաքանչյուրը՝ անհատական»: Նախարարի փոխանցմամբ՝ ընդհանուր առմամբ գյուղական համայնքներում տեղի ունեցած փոքր ավերածությունների գումարային արժեքը կազմել է մոտավորապես մոտ 50 միլիոն դրամ:
«Այս պահին նաև կա ծրագիր քաղաքացիական անձանց շրջանում զոհերի և վիրավորում ստացածների համար: Զոհերի ընտանքներին տրամադրվում է փոխհատուցում միանվագ 5 միլիոն դրամի չափով, հաշմանդամության կարգ ստացած քաղաքացիների մասով՝ կախված հաշմանդամության խմբից՝ 1-3 միլիոնի չափով: Այս մասով սկսել ենք գործընթացը. ըստ դիմումների՝ իրականացնում ենք փոխհատուցման տրամադրում»: