«Ցավոք, այս խայտառակ հայտարարությամբ մենք պանթուրանական ծրագրի կատարման կարևոր կետն ապահովում ենք». Թուրքագետ

«Մեր երկիրը կանգնած է մի շարք անվտանգային խնդիրների առջև և դրանցից առաջինը, ենթադրում եմ, որ նաև հոգևոր անվտանգությունն է, որի պահապաններն են նաև մտավորականները, և անցնող տարիների ընթացքում կար թերահավատ մոտեցում նրանց նկատմամբ: Բայց, ի պատիվ մեզ՝ բոլորից ամենակրիտիկական վիճակում կարողացել ենք ի վերջո գտնել այն ճիշտ ճանապարհը և կանգնել ազգային արժեքների սահմանին»,- մտավորականների հետ հանդիպման ժամանակ իր ելույթում ասաց Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ հավելելով, որ մտավորականության թիրախավորումը զուգակցվում էր նաև ազգային արժեքների հանդեպ տոտալ հարձակումներով:

«Հայագիտական առարկաների դեմ հալածանքները, Մայր բուհում այդ առարկաների ոչ պարտադիր դառնալու շուրջ սկսված պրոցեսները ցույց տվեցին, որ կա մտավորականության մի փոքր խումբ, որը պատրաստ է կանգնել ի պաշտպանություն այդ ամենին, կա խումբ, որը հարմարվողական է, և կա խումբ, որը, ցավոք, հանցավոր լռություն է պահպանում»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է Թուրքիայի ու Ադրբեջանի գործողություններին՝ թուրքագետը նկատեց.

«Այսօր և 30 տարվա ընթացքում Թուրքիան ու Ադրբեջանը երբևէ չեն փոխել իրենց քաղաքականությունն ու դիրքորոշումը Հայաստանի ու հայության նկատմամբ, որն ընդգծված թշնամական է: Բայց չգիտես ինչու՝ կային շրջանակներ, որոնք փորձում էին երկխոսել թուրքերի հետ, ներել նրանց, ԱԺ ամբիոնից հայտարարում էին, որ կան լավ թուրքեր, ԱԺ իշխող խմբակցության ղեկավարը հայտարարում էր, որ Թուրքիան չի միջամտելու արցախյան հարցին, կրթության ոլորտի պատասխանատուներից մեկը, որը, ենթադրում եմ՝ այս օրենքի գորշ կարդինալներից է, ասում էր, որ ապրիլի 23-ի ջահերով երթի ժամանակ չի կարելի այրել Թուրքիայի դրոշը, որովհետև դա հանցագործություն է, ու այդ նույն անձը որոշում էր չափորոշիչները, որոնցով պետք է դաստիարակվեն սերունդներ: Կարծում եմ, որ այս հանցավոր դիլետանտիզմն ուղղակիորեն սպառնալիք է եղել և մնում է մեր անվտանգությանը, նաև այն ոլորտին, որը վերաբերում է Թուրքիային, այսինքն, մեր արտաքին հարաբերություններին: Այսօր թուրքական սպառնալիքը չի դադարել, և ենթադրում եմ, որ երբևէ չի էլ դադարելու: Հայ-թուրքական պատերազմը հազարամյա պատերազմ է, որը սկսվել է թուրքերի՝ այս տարածաշրջան մուտքով:

Ընթացքում ունեցել ենք ճակատամարտեր, վերջինն այդպիսին էր, հաջորդող ճակատամարտեր անպայման լինելու են՝ 5, 10 տարուց թե 1 ամսից, և թուլացնել մեր զգոնությունը՝ այն, ինչին հետևողական հարվածում էին 2.5 տարվա ընթացքում, դա ամենամեծ հանցանքն է, որ կարող էին իրականացնել մեր ազգի նկատմամբ. թուլացնել զգոնությունը թշնամու՝ թուրքի, ադրբեջանցու հանդեպ: Եվ այսօր այն, ինչ տեղի է ունենում Թուրքիայում և տարածաշրջանում՝ կարող եմ ասել հետևյալը. Թուրքիան փոխել է իր ագրեսիվ տոնայնությունը վերջին մեկ շաբաթվա ընթացքում, որովհետև հասել է իր համար գլխավոր խնդրին՝ այս պահին Արցախի մի մասի օկուպացիային, բայց նրա նկրտումները շարունակում են մնալ նույն ագրեսիվը, ուղղակի ձևակերպումներն են տարբեր: Անկյունաքարայինը Մեղրիի հարցն է, որի միջոցով ճանապարհ՝ դեպի Նախիջևան: Դա պանթուրանական ծրագրի ամենացանկալի կետն է. ցամաքային ճանապարհով Թուրքիան կապել Նախիջևանի հետ, Նախիջևանը՝ Ադրբեջանի հետ, և այդպես շարունակ: Ցավոք, այս խայտառակ հայտարարությամբ մենք պանթուրանական ծրագրի կատարման կարևոր կետն ապահովում ենք»,- նկատեց Ռուբեն Մելքոնյանը:

Թուրքագետն ասաց՝ հնարավոր է՝ Թուրքիան հայտարարի, որ պատրաստ է բացել ՀՀ-ի հետ սահմանը, բայց այն սպառնալիք է մեզ համար, քանի որ հիմա դրան տոտալ անպատրաստ վիճակում ենք:

 

Տեսանյութեր

Լրահոս