Կհետևենք, թե ինչ միջոցներ կձեռնարկի Անկարան վստահության ձևավորման համար․ Արա Այվազյան

«Չեմ պատրաստվում մեկնաբանել Թուրքիայի ԱԳ նախարարի խոսքերը»,- այս մասին այսօր Մոսկվայում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը՝ անդրադառնալով Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի այն կարծիքին, թե եռակողմ հայտարարությունը կարող է նաև հայ-թուրքական կարգավորման գործընթացի մեկնարկի պատճառ դառնալ։

Նախարարն ասաց, որ չի պատրաստվում մեկնաբանել Թուրքիայի ԱԳ նախարարի խոսքերը, այլ պատրաստվում է հիշեցնել Թուրքիայի գործողությունները՝ 1991 թվականի ՀՀ անկախության ձեռքբերումից հետո ընկած ժամանակահատվածում։ Սակայն նախարարը սկսեց 100-ամյա վաղեմության ողբերգությունից՝ Հայոց ցեղասպանությունից, ընդգծելով, որ հայ ժողովուրդն ունի պատմական հիշողություն։ Նա նաև նշեց, որ ՀՀ անկախության առաջին օրերին ՀՀ իշխանություններն արտահայտել են անկեղծ ցանկություն՝ հաստատել բարիդրացիական հարաբերություններ մեր հարևան Թուրքիայի հետ առանց նախապայմանների, որին ի պատասխան՝ 1993 թվականին ականատեսը դարձել այն շրջափակման, որը շարունակվում է առ այսօր՝ հարաբերությունների հաստատումից հրաժարում և կտրուկ ագրեսիվ մոտեցում Հայաստանի նկատմամբ այս ողջ 30-ամյա փուլում։ Արա Այվազյանը հիշեցրեց նաև, որ 2008-2009 թթ. Սկսվեց, այսպես կոչված, ֆուտբոլային դիվանագիտության գործընթացը, որը նախաձեռնել էր հայկական կողմը Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացման համար, որն ամփոփվեց Ցյուրիխում արձանագրությունների ստորագրմամբ, որոնք արդյունքում մնացին թղթի վրա, և Թուրքիան օգտագործելով տարբեր քաղաքական տողատակեր՝ հրաժարվեց իրականացնել ստանձնած պարտավորությունները։

ՀՀ ԱԳ նորանշանակ նախարարը նաև հիշատակեց այս տարեսկզբին Էրդողանի արած հայտարարությունը, որով նա արդարացրեց Հայոց ցեղասպանությունը, ինչն Արա Այվազյանի խոսքով ապացուցում է հարաբերությունների կարգավորմանն Անկարայի անպատրաստ լինելը, էլ չասած վերջին փուլի մասին՝ հուլիսից սկսած, երբ սկսեց սպառնալ անմիջականորեն ՀՀ-ին տարբեր մակարդակներով։ Այվազյանն ասաց, որ, ինչպես իր բացման խոսքում է նշել, Թուրքիան առանցքային դերակատարություն է ունեցել Արցախի դեմ պատերազմի հրահրման հարցում, սպառնացել է և ծայրահեղ բացասական դերակատարություն է ունեցել, ահաբեկիչներ ներմուծել տարածաշրջան, ստանձնել ռազմական գործողությունների հրամանատարությունը։

«Մենք բոլորս ցանկանում ենք ապրել խաղաղության, բարիդրացիության մեջ մեր հարևանների հետ, բայց դրան հասնելու համար Անկարան պետք է վստահություն ձեռք բերի, որը կորսվել է այս ողջ ընթացքում։ Մենք կհետևենք, թե ինչ միջոցներ կձեռնարկի վստահության ձևավորման համար Անկարան, և միայն դրանից հետո կգնահատենք, թե որքան անկեղծ են նրա խոսքերը Հարավային Կովկասի նոր դարաշրջանի մասին»,- ասաց Արա Այվազյանը։

Տեսանյութեր

Լրահոս