«Կամ մենք` կարող անհատները, մտնում ենք թեմայի մեջ, պատասխանատվություն ստանձնում, կամ էլ շարունակում ենք դիտել, թե ոնց է երկիրն ավերակների վերածվում»
Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բազմիցս նշել եմ, որ պատերազմը տնտեսական գործունեության տրամաբանական շարունակությունն է, քանզի դա պայքար է ռեսուրսների համար: Իսկ հողը գլխավոր ռեսուրսն է: Պատերազմներում հաղթանակները կամ պարտությունները ի սկզբանե կանխորոշված են, երբ դիտարկում ենք այս տեսանկյունից: Մենք շարունակաբար ճիշտ չենք օգտագործել մեր ռեսուրսները և պատերազմը տրամաբանական ելքն էր, որի մասին հանգամանալից գրել եմ ամռանը` «Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածում:
Ներկա կառավարիչների ձախողումը այդ ելքի էլ ավել մոտեցնելն էր և վատագույն սցենարի իրականություն դարձնելը: Այո’, հնարավոր էր ավելի քիչ վնասներով դուրս գալ այս պատերազմից:
Հիմա ունենք այն ինչ ունենք, իսկ ո՞րն է ելքը:
Նշածս տրամաբանության մեջ ելքը տնտեսություն սարքելն է, իսկ դրա համար նախ և առաջ մարդուն պետք է վերցնել պետության հոգածության տակ: Ինչու՞. Որովհետև մարդն է տնտեսական գործունեության գլխավոր դերակատարը և նրա բարոյահոգեբանական վիճակից է առաջին հերթին կախված տնտեսության լավ ու վատ, կամ ընդհանրապես լինել կամ չլինելը:
Սա կնշանակի գործողությունները պետք է սկսվեին հենց այսօր: Գործողություններ ուղղված պատերազմի արդյունքում առավել շատ տուժած քաղաքացիների առաջնային կարիքների բավարարում, լինի դա բնակֆոնդ, թե ապրուստի միջոց` ասենք մշակովի հողատարածքի տեսքով: Գործողություններ սահմաններին` ապահովության վերկանգնման ուղղությամբ: Գործողություններ զինվորների առողջական և մարտական վիճակի վերկանգնման ուղղությամբ:
Մեր տնտեսության և մեր վիճակի ելքը խոշոր հաշվով կախված է նրանից, թե մենք ինչ կանենք այսօր, առաջիկա մեկ-երկու տարում: Եթե մենք նշածս առաջնային հարցերը չլուծեցինք, ի վիճակի չենք լինելու լուծել ավելի մեծ խնդիրներ: Իրականում սրանց լուծումը շատ պարզ է, դրա մասին էլ եմ շատ խոսել: Այս լուծումները փող բաժանելու մեջ չէ, ինչն այսօր անում է այս կառավարությունը:
Այս կառավարությունը, իր ապիկարությամբ և նաև լիբերալ մոտեցումներով չի կարողանալու լուծել մեր պետության առաջ ծառացած այս խնդիրները և հետևաբար, այսպես շարունակելու դեպքում, երկարաժամկետ հատվածում ձախողման խորացումը անխուսափելի է: Պետք է իրատես լինել, և չտրվել պատրանքների, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը մինչ այս պատերազմ արդեն ձախողել էր, իսկ պատերազմի ելքը վերջակետն էր:
Կարճաժամկետ լուծման միակ օպտիմալ տարբերակը անցումային կառավարումն է, որտեղ քաղաքականը կառավարչականից կանջատվի: Այս երկու ուղղությամբ էլ շարունակաբար ձախողել ենք, քանզի երկրում չունենք մարդիկ, որ երկու առումով էլ կայացած են և կկարողանային պատասխանատվություն ստանձնել ներկա վիճակին:
Սակայն, առանձին վերցրած ունենք կառավարչական կարողություններ, որ կարող ենք հիմա գործի դնել, իսկ սրա համար ՆՓ-ն պետք է մեր հետ նստի և համաձայնության գա անցումային կառավարման առաջարկած մոդելին: Իսկ քաղաքականը գործի կդրվի արտահերթ ընտրություններից հետո, երբ մեկ տարվա մեջ բացառապես կառավարչական գործառույթներ իրականացնող անցումային կառավարությունը կավարտի իր հանձնառությունը:
Ամեն օր կորսված ժամանակ է, ամեն անգործ օր անվերադարձ է, ամեն օր մնացած և չլուծված խնդիր արտագաղթի նոր ալիք է: Կամ մենք` կարող անհատները, մտնում ենք թեմայի մեջ, պատասխանատվություն ստանձնում, կամ էլ շարունակում ենք դիտել, թե ոնց է երկիրն ավերակների վերածվում»: