«Թուրքիան կարող է հայտարարել Հայաստանի հետ սահմանները բացելու պատրաստակամության մասին. ի՞նչ պետք է անի Հայաստանը». Ռուբեն Մելքոնյան
ԱԺ-ում այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ կազմակերպված խորհրդարանական լսումների ժամանակ ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն իր ելույթում ներկայացրեց Հայաստանին ուղղված արդի մարտահրավերները՝ սպառնալիքներ և անելիքներ բաժանումով.
Թուրքագետը նախ առանձնացրեց թուրք-ադրբեջանական սպառնալիքը, ինչը, ըստ նրա, վաղուց իրական է, ապա նաև՝ այդ տանդեմի նկրտումների շարունակականությունը. «Մենք վաղուց պետք է պատրաստ լինեինք պայքարել ոչ միայն ադրբեջանական, այլ հենց թուրք-ադրբեջանական սպառնալիքին:
Թուրքիայի նախկին նախագահներից մեկը՝ Թուրգութ Օզալը, մի գիրք ունի. «Թուրքիան Եվրոպայում և Եվրոպան Թուրքիայում», հիմա դա վերաձևակերպվել է այսպես՝ Թուրքիան Ադրբեջանում և Ադրբեջանը Թուրքիայում. այնքան, որ միահյուսված են այդ երկու պետությունները և նրանցից բխող սպառնալիքները մեզ:
Երկրորդը՝ թուրք-ադրբեջանական նկրտումների շարունակականությունն է և աճը, և դրա տարբեր դրսևորումներ մենք տեսնում ենք: Այո՛, Արամ Սարգսյանը շատ ճիշտ նշեց Մեղրիի խնդիրը, որը հայտնի պանթուրանական ծրագրի մեխն է, և այսօր մեզ մոտ այդ խնդիրն այնքան չի քննարկվում, ինչքան Թուրքիայում. արդեն նույնիսկ Էրդողանը ներկայացնում է, թե ինչպես է Մեղրիում անցնելու ճանապարհը, ինչ ոճի ճանապարհ է լինելու, և այլն: Այս ամենն ակնհայտ ցույց է տալիս թուրքական նկրտումների ծրագրված, մշակված լինելը:
Բացի դրանից՝ նաև ֆինանսականից մինչև կրոնական տարբեր սպառնալիքներ, վկան՝ երեկվա Դադիվանքի դեպքը, երբ արդեն կա ուդի հոգևորական Դադիվանքում»:
Որպես երրորդ սպառնալիք՝ Ռուբեն Մելքոնյանը նշեց Թուրքիայի հնարավոր հայտարարությունը Հայաստանի հետ սահմանները բացելու մասին: Նա նաև վարչապետին հիշեցրեց պատմական մի քանի դրվագների մասին. «Թուրքիան կարող է հայտարարել Հայաստանի հետ սահմանները բացելու պատրաստակամության մասին. ի՞նչ պետք է անի Հայաստանը, և արդյոք կա՞ որևէ ծրագիր նման սպառնալիքը կանխելու, կամ նման սպառնալիքին պատրաստ լինելու համար:
Ուզում եմ նշել, որ այդ նախապայմանը, որ Թուրքիան չէր բացում Հայաստանի հետ սահմանները, եղել է ոչ թե ֆուտբոլային դիվանագիտությունից հետո, ինչպես ասում էր Փաշինյանը մի երկու օր առաջ, այլ եղել է 90-ականների սկզբից: Բավական է կարդալ Թուրքիայի Հանրապետության պատմության դասագիրք՝ նախատեսված երրորդ կուրսի ուսանողների համար, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների տարբեր խնդիրներ շատ ավելի ճիշտ պատկերացնել»:
Թուրքագետը խոսեց նաև անելիքներից. «Առաջինը՝ կարծում եմ՝ իրատեսություն, այսինքն՝ մեր բոլոր ծրագրերը պետք է կառուցված լինեն իրատեսության վրա, երկրորդը, գուցե կոպիտ հնչի, բայց ապատգիտացում ՝ վերլուծական և քաղաքական դաշտի ապատգիտացում, որովհետև այս վերջին տարիներին դիլետանտիզմը հոշոտել է այդ համակարգերը՝ բերելով նման հետևանքների: Այս նույն ամբիոնից խոսում էին լավ թուրքերի մասին և այլն. այդ բոլորը բոլորիս ծանոթ է, հայտնի է:
Երրորդը՝ շատ կոնկրետ քայլ՝ նոր մարտահրավերների գույքագրում: Այն, ինչ հիմա պետք է անենք, առաջին հերթին փոփոխված իրավիճակում թուրք-ադրբեջանական նոր մարտահրավերների գույքագրումն է՝ առանց ինքնախաբեության, և դրանց նկատմամբ մշակված ծրագրերի քննարկումն ու իրականացումը»:
Անդրադառնալով Էդմոն Մարուքյանի՝ ազգային կուսակցությունների մասին դիտարկմանը՝ Ռուբեն Մելքոնյանը հավելեց. «Ես երջանիկ կլինեի, որ Ձեր ասածը ճիշտ լիներ, և կուսակցությունները բոլորը լինեին ազգային: Բայց հարցը հռետորական է. Ազգային կուսակցությունը հայոց լեզվի, հայոց պատմության, հայոց եկեղեցու դեմ երբեք չի պայքարում»: