Բաժիններ՝

Փորձագետները չեն բացառել Հայաստանում և Արցախում էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը. News.am

Փորձագետները չեն բացառել Հայաստանում եւ Արցախում էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը
Արցախի տարածքները, որոնք անցել են Ադրբեջանին, տնտեսական լուրջ նշանակություն ունեն, եւ, համապատասխանաբար, մենք կորցրել ենք զգալի տնտեսական ներուժ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի նախկին տեղակալ, տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանը:

«Հայտնի է, որ ՀԷԿ-երը, որոնք Արցախում շատ էին, ամենաէժան էլեկտրաէներգիան էին արտադրում: Հանրապետությունում ՀԷԿ-երի հիմնական մասը մենք կորցրել ենք, համապատասխանաբար, կրճատվել են ռեսուրսները հասանելի էներգիա ստանալու համար: Արցախի հնարավորությունները թույլ էին տալիս էլեկտրականությամբ ապահովել ոչ միայն սեփական բնակչությանը, այլ նաեւ հարակից բնակավայրերը»,-նշեց փորձագետը:

Ավետիսյանի խոսքով՝ այժմ Արցախը էլեկտրաէներգիայի պահանջ կզգա: «Բացի այդ, հասանելի էլեկտրաէներգիայի կորսված աղբյուրները չեն կարող հետեւանքներ չունենալ Հայաստանի համար, քանի որ ստիպված ենք փնտրել այլընտրանքներ, առավել թանկ աղբյուրներ, ինչը կհանգեցնի էներգետիկ հավասարակշռության փոփոխության: Դժվար է ասել, թե արդյոք դա կհանգեցնի սակագների աճին եւ ինչ ծավալով:

Բացի այդ, լուրջ խնդիր է առաջանում՝ Հայաստանի եւ Արցախի էներգետիկ անվտանգության ապահովումը: Պետք չէ մոռանալ, որ մենք կորցրել ենք նաեւ ենթակառուցվածքը, որում ժամանակին լուրջ ներդրումներ ենք կատարել: Այդ կորուստները բացասական ազդեցություն կունենան երկարաժամկետ հեռանկարում: Մարդիկ վնասներ են կրում: Իրավիճակի փոփոխությունը նոր ծախսեր է պահանջում, քանի որ հին ենթակառուցվածքը կարող է ակտուալ չլինել»,-ընդգծեց նա:

Տնտեսագետ Հրանտ Միքայելյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ Արցախը մինչեւ պատերազմը էլեկտրաէներգիայի տեսանկյունից ինքնաբավ էր, իսկ այժմ հանրապետությունը էլեկտրաէներգիայի պահանջ է զգում: «ՀԷԿ կորուստը հանգեցրեց էներգետիկ հավասարակշռության խախտման: Արցախը Հայաստան հացահատիկի արտահանող էր: Այժմ այդ բացասական հավասարակշռությունը ոչ ակտիվ ազդեցություն կունենա Հայաստանի ողջ տնտեսության վրա: Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի գների հնարավոր աճին, ապա դրան կարող է հանգեցնել ոչ թե դա, այլ դրամի շարունակվող արժեզրկումը»,-պարզաբանեց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս