«Օրենքը բուհերին անմիջական կախման մեջ է դնելու քաղաքական իշխանություններից». Մենուա Սողոմոնյան
Այսօր Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված չզեկուցվող հարցերից մեկով գործադիրը հավանություն տվեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և հարակից օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթին և ուղարկեց Ազգային ժողով: ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ, Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու Մենուա Սողոմոնյանն ասուլիսի ժամանակ պնդեց, որ նախագիծը մի շարք խնդրահարույց կետեր ունի:
«Կառավարության նիստի այսօրվա օրակարգում ոչ զեկուցվող հարցի կարգավիճակով ընդգրկվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը Ազգային ժողով ներկայացնելու մասին որոշումը, կրկնում եմ՝ ոչ զեկուցվող հարցի կարգավիճակով, այլ կերպ ասած «շփթփ» տարբերակով»,- ասաց Սողոմոնյանը:
Նա նշեց, որ նախագիծը 2019-ի սեպտեմբերից սկսել են շրջանառել բուհերում, հետո եղել են նաև բաց լսումներ: Արդյունքում մի շարք կարևոր խնդիրների պատճառով մասնագիտական հանրությունը, մասնավորապես ԵՊՀ-ն և Գիտությունների ազգային ակադեմիան նախագծին բացասական եզրակացություն էին տվել:
«Խնդիրներից մեկն այն է, որ այս օրենքով շեշտակի նվազում է բուհական ինքնավարությունը, ակադեմիական ազատությունների հնարավորությունը սահմանափակվում է: 70-ամյա ԳԱԱ-ի կարգավիճակի ոչ հստակ լինելու խնդիրն է, այս կառույցի ճակատագրի ոչ հստակ լինելու խնդիրն է, որոշ հայագիտական դասընթացների՝ որպես պարտադիր բաղադրիչ դուրս գալու խնդիրն է և մի շարք այլ կարևոր խնդիրներ»,- ասաց Սողոմոնյանը:
Նա նշեց, որ փետրվարի 21-ին, երբ ԵՊՀ Գիտական խորհուրդը քննարկել է օրենքի նախագիծը, մի շարք կարևոր փոփոխությունների առաջարկ է ներկայացրել:
«Առաջարկներից մեկն է՝ օրենքով սահմանել, որ ԵՊՀ-ն լինի կրթագիտական ինքնավար հաստատություն, որի կարգավիճակի առանձնահատկությունները կսահմանի Կառավարությունը, բուհերի կառավարման խորհրդում լինի այնպիսի համամասնություն, որ ապահովվի ողջամիտ ինքնավարություն, հստակեցվի բուհերի կառավարման առանձնահատկությունները, որպեսզի բոլոր բուհերի համար հավասար գործելու պայմաններ լինեն»:
Այս և մի շարք այլ առաջարկներ, Սողոմոնյանի խոսքով, «զրո ուշադրության են արժանացել»: Նրա պնդմամբ՝ որևիցե փոփոխություն տեղի չի ունեցել, ուղղակի ձգձգվել է՝ առաջացնելով հանրային ընդվզումներ:
«Իրավիճակն ավելի վատանում է, այդ նախագծի մեջ կատարված մեկ փոփոխության արդյունքում, ըստ որի՝ լիազոր մարմինը, տվյալ դեպքում՝ ԿԳՄՍ նախարարը, իրավունք է ստանում ուղղակի նշանակել բուհի ռեկտորին, մինչև կառավարման խորհրդի ձևավորումը՝ մինչև 5 տարի ժամկետով, հնարավորություն է տրվում տևական ժամանակ չունենալ հոգաբարձուների խորհուրդ, կառավարման խորհուրդ, միանգամից նշանակել բուհի ռեկտոր»,- ասաց Սողոմոնյանը:
ԵՊհ դասախոսների գնահատմամբ՝ այս կերպ սահմանափակվում է բուհերի ինքնավարությունը, և դրանք անմիջական կախվածության մեջ են ընկնում գործող իշխանությունից:
«Սա նշանակում է՝ բուհական համակարգի համակենտրոնացում: Այդ նախագծով և ներդրված վերջին փոփոխությամբ՝ բուհի կառավարման և կոլեգիալ մարմինը՝ հոգաբարձուների խորհուրդը, և միանձնյա կառավարման մարմինը՝ գործադիրը՝ ռեկտորը, միանգամից նշանակվում են մեկ մարդու կողմից, սա բուհական ինքնավարության կոպտագույն սահմանափակում է, խախտում է, սա բուհական համակարգում առաջացնելու է տուրբուլենտություն՝ բուհերն անմիջական կախման մեջ դնելով քաղաքական իշխանություններից և քաղաքական իշխանության փոփոխության պարագայում անընդհատ բուհերի կառավարման ոլորտներում առաջացնելով փոփոխություն, ակադեմիական և ուսանողական համայնքին զրկելով իր իսկ կառավարմանը մասնակցելու իրավունքից»,- ասաց Սողոմոնյանը և ավելացրեց, որ գնահատականը թողնում է լսողներին, թե հումանիտար աղետի պայմաններում ինչ առաջնահերթություններ ունի մեր կառավարությունը: