«Պետության հետ կապված իմ օրակարգը այս պահից մինչև առաջիկա մեկ և ավել տարի (միջնաժամկետ` մինչև երեք տարի) հետևյալն է». Հովհաննես Ավետիսյան
Հանրային կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Պետության հետ կապված իմ օրակարգը այս պահից մինչև առաջիկա մեկ և ավել տարի (միջնաժամկետ` մինչև երեք տարի) հետևյալն է: Եթե փողոց դուրս գամ կամ այլ ձևաչափով պայքարի մտնեմ, ապա միայն սրա համար:
– Ադրբեջանի նախագահի հետ հանդիպում/ներ գերիների և սահմանների ու այլ հրատապ հարցերի լուծման համար: Արցախի բուն խնդրի քննարկումը հաջորդիվ:
– Ռուսական կողմի հետ հանդիպում/ներ հարաբերությունների վերաշարադրման` դրանք փոխադարձ շահավետ մակարդակի բերելու նպատակով: Աշխարհի մնացյալ պետություն-սուբյեկտների հետ հարաբերությունների վերանայում, ճշգրտում հընթացս:
– Պետության կառավարման մեջ ճգնաժամային կառավարման ռեժիմի անցում և դա սպասարկող պետական բյուջեի և պետական մեքենայի ձևավորում (կրճատումներն անխուսափելի են, պետական բյուջեի վերաբաշխում):
– Ճգնաժամային կառավարման ներքո փախստականների կարիքների հրատապ քարտեզագրում և վիճակը մեղմող միջամտություն: Սահմանամերձ և Մեղրի` Իրանին հարակից հատվածներում նոր գյուղական համայնքների ստեղծում (փախստականների համար) 1-2 տարվա մեջ: Այո, այս կարճ ժամկետում սա հնարավոր է անել:
– Սահմանների վերագծման նոր իրողությամբ պայմանավորված աշխատանքների իրականացում` ճանապարհներ և զինվորական հսկիչ կետեր (պոստեր). Արցախում ենթակառուցվածքների մասով աշխատանքներին ավելի ակտիվ և գործուն մասնակցություն:
– Բժշկական կարողությունների քարտեզագրում և կարողությունների մեծացման գործողություններ: Զինվորական հաշմանդամների համար հատուկ հոսպիտալի կառուցում. Կրկին, 1-2 տարվա մեջ սա հնարավոր է անել:
– Համատարած զինվորական պատրաստվածության մեկնարկ: Զինվորական փորձագետների ներգրավմամբ (գաղտնիությունը հաշվի առնելով ցանկալի է նաև դրսից) բանակի կարիքների գնահատում, վերազինում և շուտափույթ բարեփոխումներ:
– Օր առաջ սկսել պարտված պատերազմի պատճառների քննություն:
– Պատրաստություն նոր ԱԺ ընտրությունների և սրա համար ընտրական և այլ օրենսդրության թարմացում` փոփոխություն:
– Այս ամենում իհարկե հընթացս, առաջին իսկ պահից, կրթական կարողությունների մեծացում:
Եթե կան ունակություններ ունեցող և կարող անհատներ, և որոնք չունեն կուսակցական պատկանելիություն և այլ նեղ անձնական կամ խմբային շահեր, որոնք կուզենան այս օրակարգի կրողը դառնալ, կարող են գրել ինձ: Ես նկատի ունեմ մարդիկ, որոնք նշածս կետերից որևէ ուղղությամբ դերակատարում են տեսնում, սա պատասխանատվության ստանձնում և գործողություններ է ենթադրում, այլ ոչ ուղղակի օգնելու ցանկություն:
Հավատացնում եմ ձեզ, եթե առաջիկայում նմանատիպ օրակարգով որևէ գործուն խումբ (իհարկե սա քաղաքական է) չձևավորվի, ապա անդառնալի վնասներով զարգացումները ոչ միայն շարունակվելու են, այլ նաև ավելի վատթար վիճակներում ենք հայտնվելու:
Եթե կան խմբեր որոնք կրում են նման օրակարգ, ինքս պատրաստ եմ դրանց միանալ: Կրկնում եմ խմբեր, որոնք նշածս կետերով պատասխանատվություն են ստանձնելու, և չունեն այլ թաքնված օրակարգ:
Սրա իրականացումը տեսնում եմ անցումային կառավարություն միջոցով, այլ իրատեսական տարբերակ չեմ տեսնում: Այն պահից երբ նման օրակագրով խումբ կձևավորվի հավատում եմ, որ սա իրականացնելու համար հանրության լայն զանգվածների աջակցություն ստանալը կլինի շատ կարճ ժամանակի ընթացքում»:
Պետության հետ կապված իմ օրակարգը այս պահից մինչև առաջիկա մեկ և ավել տարի (միջնաժամկետ` մինչև երեք տարի) հետևյալն է: Եթե…
Posted by Hovhannes Avetisyan on 2020 թ. դեկտեմբերի 1, երեքշաբթի