«Իրանն այս պահի դրությամբ կարծես պատրաստ չէ սահմանային գործողություն իրականացնել». իրանագետ

Իրանը կրկին լուրջ մտահոգություն է հայտնել երկրի հյուսիսային սահմաններում ահաբեկիչների ներկայության առնչությամբ։ Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն իր ամենշաբաթյա մամուլի ասուլիսին հայտարարել է. «Իրանի փոխարտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչին տարածաշրջանային այցերի ժամանակ զգուշացրել է երկրի հյուսիսային սահմաններին ահաբեկիչների ներկայության մասին: Մենք մինչ այժմ էլ անհանգիստ ենք այդ հարցի կապակցությամբ»: Նա նաև հավելել է, որ այդ հարցով իրենք ոչ ոքի հետ հաշվի չեն նստելու:

Նկատենք՝ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից սանձազերծված պատերազմի սկզբից Իրանի կողմից ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի պահպանման և տարածաշրջան ահաբեկիչների տեղափոխման հետևանքով իրավիճակի ապակայունացման   կապակցությամբ բազմաթիվ հայտարարություններ են հնչել: 168.amիրանագետ Վարդան Ոսկանյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք  Իրանն այս հայտարարություններից անցում կկատարի գործնական քայլերի, ի պատասխան՝ իրանագետը նշեց. «Կարծում եմ, որ Իրանն արդեն գործնական դաշտում աշխատում է  ահաբեկիչների դեմ, մասնավորապես, Թուրքիայի հետ վարվող բանակցությունները, գիտեք՝ Իրանի արտգործնախարարության պատվիրակությունը  նաև Անկար էր մեկնել, ըստ իս,  միտված է հիմնականում տարածաշրջանից այդ ահաբեկիչներին  դուրս բերելուն: Վերջինս բխում է թե՛ Իրանի շահերից, և թե՛, բնականաբար, մեր շահերից:

Իհարկե, լավագույն տարբերակը կլիներ ահաբեկիչների ոչնչացումը, բայց  Իրանն այս պահի դրությամբ կարծես պատրաստ չէ սահմանային գործողություն իրականացնել՝ հաշվի առնելով բազմաթիվ խնդիրներ, այդ թվում՝ նաև պատժամիջոցները և այդ պատժամիջոցների համատեքստում Թուրքիայի ստանձնած դերակատարությունը, որը շատ դեպքերում անփոխարինելի է՝ հաշվի առնելով տնտեսական դժվարությունները, որոնք կարող են ի հայտ գալ Իրանում»:

Անդրադառնալով «Իրատեսականություն և խաղաղություն՝ տարածաշրջանի երկրների ուժերով» անունը կրող՝ պաշտոնական Թեհրանի՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ծրագրին՝ Վարդան Ոսկանյանը շեշտեց. «Այդ ծրագիրը հիմնական մեխը պետք է լիներ հրադադարի հաստատմանը հասնելը. մնացյալ բաղադրիչները պետք է բխեն միայն հրադադարի հասնելու հեռանկարը աչքի առջև ունենալուց հետո, որովհետև անհնար է պատերազմել և բանակցել միևնույն ժամանակ»:

 

Տեսանյութեր

Լրահոս