«Իրանի նպատակը, բնականաբար, Թուրքիային հակակշռելն է՝ իր ակտիվությամբ». Իրանագետը՝ Արցախի հարցում Իրանի մոտեցումների մասին

ՀՀ արտաքին գործերի նախարար Զորհաբ Մնացականյանը հոկտեմբերի 29-ին հանդիպել է աշխատանքային այցով Երևան ժամանած Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Աբբաս Արաղչիին:

Իրանի փոխարտգործնախարար Արաղչին ներկայացրել է Իրանի մոտեցումները ստեղծված իրավիճակի հաղթահարման և կրակի դադարեցման ռեժիմի հաստատման ուղղությամբ: Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ Իրանի մոտեցումները հանգամանալից կուսումնասիրվեն:  Զոհրաբ Մնացականյանը նաև  տեղեկացրել է հոկտեմբերի 30-ին Ժնևում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպելու և այդ ձևաչափով աշխատանքները շարունակելու մասին։

Հայաստան այցից առաջ էլ՝ հոկտեմբերի 28-ին, Աբբաս Արաղչին եղել է Մոսկվայում և հանդիպել ՌԴ փոխարտգործնախարարի հետ, որի վերաբերյալ գրառում է կատարել թվիթերյան իր էջում, մասնավորապես, նշելով.

«Մոսկվայում այսօր տեղի ունեցած արդյունավետ հանդիպման ընթացքում Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյին պատմել եմ իրանական նախաձեռնության մասին։ Իրանն ու Ռուսաստանը միանման մոտեցումներ ունեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ։ Նույնքան հաջող բանակցություններ եմ ունեցել ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի հետ` Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի ապագայի առնչությամբ»։

168.amի հետ զրույցում իրանագետ Ահարոն Վարդանյանն անդրադառնալով Իրանի մոտեցմանն Արցախի հիմնախնդրի վերաբերյալ՝ նշեց, որ Իրանի նպատակը ոչ թե ԵԱՀՄ Մինսկի խմբի ձևաչափն ի չիք դարձնելն է, այլ նախ և առաջ՝ արևմտյան երկրներին, առաջին հերթին՝ Միացյալ Նահանգներին տարածաշրջանային գործընթացներից դուրս թողնելն է։

«Մնացածն արդեն ժամանակի և տեխնիկայի խնդիր է, սակայն չեմ կարծում, որ Իրանը Թուրքիային շատ տեղ հատկացնի և այնպես անի, որ տարածաշրջանում Թուրքիան ակտիվանա։ Իրանի նպատակը, բնականաբար, Թուրքիային հակակշռելն է՝ իր ակտիվությամբ։ Իրանն օրերս հայտարարել էր, որ իրենց նպատակը ոչ թե Մինսկի խմբի ձևաչափի փոփոխությունն է, այլ ստեղծելը մի ձևաչափ, որը կօժանդակի ԵԱՀԿ Մինսկի խմբին։ Սակայն պետք է նկատենք, որ Հայաստանի շահերից չի բխում Մինսկի խմբի ձևաչափի փոփոխությունը և այդ գործընթացում Թուրքիայի ներգրավումը։ Թուրքիան բանակցային գործընթացում չի կարող միջնորդական առաքելություն իրականացնել, քանի որ Թուրքիան Արցախի պատերազմի ակտիվ կողմ է։ Կան բազմաթիվ փաստեր թուրքական զինված ուժերի, սպառազինության, ահաբեկիչների ներկայության վերաբերյալ, որոնք գործում են Թուրքիայի հրամանատարության ներքո։ Այսինքն՝ Թուրքիան չի կարող բանակցային և միջնորդական կողմ լինել, որովհետև պատերազմում այդ երկիրը շահագրգիռ կողմ է»,- շեշտեց Ահարոն Վարդանյանը։

Ինչ վերաբերում է Արցախի հարցում Իրանի և Ռուսաստանի միանման մոտեցումներին, որի վերաբերյալ գրառում էր արել Իրանի արտաքին գերատեսչության ներկայացուցիչը, իրանագետը նշեց, որ ներկա փուլում որոշակի գործընթացների հետ կապված, բնականաբար, համընկնում են Իրանի ու Ռուսաստանի շահերը։

«Երկու երկրներին էլ ձեռնտու է որոշակի գործընթացներում համակարծիք լինելը, քանի որ կա Միացյալ Նահանգների և, մյուս կողմից էլ՝ տարածաշրջանում Թուրքիայի խնդիրը, հետևաբար՝ երկուսին էլ ձեռնտու է համակարծիք լինելը։ Միևնույն ժամանակ՝ մենք գիտենք, որ Իրանն ու Ռուսաստանը կարող են դիտարկվել՝ որպես մրցակից պետություններ, և կան որոշակի խնդիրներ, որտեղ նրանց շահերը բախվում են։ Սակայն այստեղ կարևոր չէ, թե ում շահերն են համընկնում, կարևորը մեր գործողություններն են։ Երբ մեր բանակը հաղթանակներ գրանցի, ռազմի դաշտում պատժի թշնամուն, ապա միջազգային բոլոր խաղացողների շահերը կհամընկնեն մեր շահերի հետ։ Այս ժամանակ նրանք մեզ հետ հաշվի կնստեն»,- եզրափակեց Ահարոն Վարդանյանը։

Տեսանյութեր

Լրահոս