«Սպասեք հաղորդագրության, որտեղ կլինի այն ամենը, ինչն այս ամենի վերաբերյալ կարող ենք մեր կողմից ասել». ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ

ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ հոկտեմբերի 29-ին Ռուսաստանի Դաշնության բացառիկ միջնորդական ջանքերի շնորհիվ, ԿԽՄԿ-ի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային թիմի մասնակցությամբ հայկական կողմին են փոխանցվել ռազմական գործողությունների ընթացքում երեսուն զոհված հայ զինծառայողների մարմինները:

Միաժամանակ, ԿԽՄԿ-ի ջանքերով Հայաստան է վերադարձվել մեկ քաղաքացիական անձ։

«Իր հերթին՝ հայկական կողմը, հավատարիմ մնալով հումանիտար հրադադարի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածություններին, կրկին պատրաստակամություն է հայտնում ադրբեջանական կողմին հանձնել Արցախի տարածքում գտնվող ադրբեջանցի զինծառայողների մարմինները, մեկնարկել արցախաադրբեջանական ռազմաճակատի ողջ երկայնքով ռազմական գործողությունների արդյունքում միջդիրքային հատվածից աճյունների դուրսբերման, ինչպես նաև ռազմագերիների վերաբերյալ տեղեկատվության փոխանցման և հետագայում վերջիններիս փոխանակման գործընթացը»,- գրել էր Շուշան Ստեփանյանը։

168.amը «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունուց հետաքրքրվեց՝ արդյոք Ադրբեջանն ամբողջությամբ դադարեցրե՞լ է կրակը, որ կարողացել են մարդասիրական գործողություններ կատարել, և կա՞ պայմանավորվածություն, որպեսզի առաջիկայում ևս նման գործողություններ անեն։

«Այս ամբողջի կապակցությամբ կարող եմ միայն ասել՝ զերծ եմ մնում այս պահին որևէ մեկնաբանություն անելուց, քանի որ մենք հանդես ենք գալու հայտարարությամբ։ Սպասեք հաղորդագրության, որտեղ կլինի այն ամենը, ինչն այս ամենի վերաբերյալ կարող ենք մեր կողմից ասել ։ Այդ հարցերի պատասխաններն այնտեղ կլինեն»,- եզրափակեց Զառա Ամատունին։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին, երբ Մոսկվայում Ադրբեջանը պատրաստակամություն էր հայտնել գնալ հումանիտար հրադադարի, սակայն այն խախտեց, Զառա Ամատունին մեզ հետ զրույցում ասել էր, որ «Կարմիր խաչը» մարդասիրական գործողություններ կատարելու համար պետք է ունենա երաշխիքներ, որ կրակ չի լինելու։

Տեսանյութեր

Լրահոս