Ովքեր Եվրախորհրդարանում հնչեցրին ադրբեջանահաճո ելույթներ

Այսօր Եվրախորհրդարանում Արցախյան պատերազմին նվիրված քննարկման ժամանակ, ի թիվս բազում չեզոք և հայամետ ելույթների, լսվեցին նաև ադրբեջանամետ որոշ տեսակետներ։

Օրինակ, ԵԽ պատգամավոր Իլհան Քյուչուկը Բուլղարիայից ասաց, որ ծայրաստիճան մտահոգիչ է տեսնել մարտական գործողությունների բռնկում Լեռնային Ղարաբաղում Հայաստանի և Ադրբեջանի միջև։

Ըստ նրա, հակամարտությունը ձգվել է մի քանի տասնյակ տարիներ, դա տարածքային հակամարտություն է, ուժի կիրառում տարածքային ամբողջականության նկատմամբ, և այս ամենն այսօր վերաճել է ավելի լայն տարածաշրջանային հակամարտության։ Քյուչուկը նաև նշեց, որ կան ՄԱԿ-ի ԱԽ 4 բանաձևեր, որոնք շեշտում են Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունն իր միջազգայնորեն ճանաչված սահմաններով, ինչպես նաև Եվրոպական խորհրդարանի մի քանի բանաձևեր և ԵԱՀԿ ՄԽ ձևակերպումներ, որ այս հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն բովանդակային բանակցությունների միջոցով։ «Պատերազմը լուծում չէ, բռնությունը պետք է դադարի, բայց սա նաև ժամանակ է ԵՄ-ի գործելու համար»,- ասաց Քյուչուկը։

ԵԽ պատգամավոր Մարթոն Գյոնգյոշին Հունգարիայից նշեց, որ ԼՂ-ն սառեցված հակամարտություն է, իսկ նման սառեցված հակամարտություններին բնորոշ է անընդհատ բռնկվելը։ Եվ ավելին, նրա կարծիքով,  ով այս անգամ սկսել է այս հակամարտությունը, լիովին տեղին է։ Գյոնգյոշին փորձեց Արցախի պատմությունը ներկայացնել ադրբեջանական դիտանկյունից, հայերին Ռուսաստանի հետ միասին մեղադրելով ԽՍՀՄ փլուզումից հետո ԼՂ «ներխուժելու և այն գրավելու» մեջ։

Նա, ինչպես և ադրբեջանական քարոզչամեքենան, չմոռացավ հիշել ՄԱԿ ԱԽ 4 բանաձևերի մասին, ՆԱՏԻ-ի, ԵԽ-ի և ԵԱՀԿ որոշ բանաձևերում տեղ գտած որոշ միակողմանի կոչերի ու ձևակերպումների մասին, ասելով, որ ՀՀ-ն պետք է դուրս բերի իր ուժերը Արցախից, պետք է վերականգնվի տարածքային ամբողջականությունը Ադրբեջանի, իսկ հայկական փոքրամասնությանը կտրվի ինքնավարություն։ «Միջազգային իրավունքը հստակորեն ցույց է տալիս, թե  ինչպես պետք է այդ բանաձևերն իրականացվեն»,- ասաց Գյոնգյոշին։

Տեսանյութեր

Լրահոս