Բաժիններ՝

Նորա Արիսյանը դատապարտել է Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան հայ ժողովրդի դեմ

Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր Նորա Արիսյանը խորհրդարանում անդրադարձել է Ադրբեջանի՝ Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողություններին և դատապարտել է հայ ժողովրդի, հայկական հողերի դեմ ուղղված ագրեսիան:

Արիսյանն իր ելույթում Արցախի վրա հարձակումը որակել է թուրք-ադրբեջանական թուրանական դաշինքի ագրեսիա: «Արդեն ապացուցվել է թուրքական բացահայտ միջամտությունը այս հակամարտությանը: Երեկ նախագահ Բաշար ալ Ասադը Էրդողանի վարքագիծը վտանգավոր որակեց՝ ընդգծելով, որ նա Ղարաբաղում շարունակում է մնալ հակամարտության հիմնական հրահրողը և Ադրբեջանի ու Հայաստանի միջև տեղի ունեցած հակամարտության նախաձեռնողը»,-հիշեցրել է պատգամավորը:

Նորա Արիսյանն ընդգծել է, որ ցավ և ափսոսանք են հայտնում Արցախում հայ ժողովրդի դեմ ուղղված ագրեսիայի համար: «Մենք մեր զորակցությունն ենք հայտնում հայ ժողովրդին, որը միևնույն ժամանակ պայքարում է և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի դեմ, կրկին անգամ բախվում է էթնիկ զտման խնդրին թուրքական ծրագրերի շրջանակներում. թուրքերի, որոնք ձգտում են գերիշխանություն հաստատել և ահաբեկչություն տարածել»,-շեշտել է խորհրդարանի հայ պատգամավորը:

Արիսյանը խոսել է նաև Սիրիայում հայ ժողովրդի և Հայաստանի հանդեպ ժողովրդական մեծ համակրանքի մասին՝ նշելով, որ շատերն են իրենց զորակցությունը հայտնել հայերին և դատապարտել հայ ժողովրդի դեմ ուղղված ագրեսիան:

Ըստ Արիսյանի՝ դա պայմանավորված է տեղեկատվության տարածմամբ. Սիրիայի բնակիչները իրազեկված են, որ հայն է այդ հողի տերը և այնտեղ ապրելու իրավունքը նրանն է: «Համակրանքը հայերի հանդեպ պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ Սիրիայի ժողովուրդը նույնպես բախվել է թուրքական ահաբեկչությանը: Էական է նաև Հայաստանի դիրքորոշումը Սիրիայի դեմ ահաբեկչական պատերազմի վերաբերյալ»,-ասել է պատգամավորն ու հավելել, որ իրենց զորակցությունն են հայտնում Հայաստանին և Արցախին, դատապարտում են որևէ ագրեսիա հայ ժողովրդի և հայկական հողերի դեմ: «Ցավակցում ենք հայ զոհերի ընտանիքներին և վիրավորներին: Մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,-եզրափակել է Նորա Արիսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս