«Միակ խումբը, որն օգուտ է քաղում` միջազգային ռազմական փորձագետներն են․ մեծ հետաքրքրությամբ նայում են ԼՂ-ին, որտեղ առաջին անգամ բարձր տեխնոլոգիական սպառազինություն է օգտագործվում»
«ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակից տուժում են թե հակամարտող բոլոր կողմերը, թե ԵԱՀԿ ՄԽ համանախագահները»,- այս մասին Եվրախորհրդարանում այժմ ընթացող քննարկման ժամանակ ասաց ԵԽ պատգամավոր Վիոլա Վոն Կրամոն Տաուբադելը` անդրադառնալով Արցախյան հակամարտության գոտում բռնկված պատերազմական իրավիճակին։
Նա նշեց, որ ԼՂ ներկայիս պատերազմում կան երկու հակասական սկզբունքներ` տարածքային ամբողջականության սկզբունքը և ժողովուրդների ինքնորոշման իրավունքը։
Նրա խոսքով՝ միջազգային հանրության ամենամեծ ձախողումն այն է, որ 28 տարիների ընթացքում չի հաջողվել հասնել որևէ կարգավորման, և վստահության կառուցման փոխարեն՝ ստեղծվել է ներկայիս իրավիճակը։
Գերմանացի պատգամավորի խոսքով, ներկայումս մենք տեսնում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը զինվել են Ռուսաստանի և Սերբիայի կողմից։
«Միակ խումբը, որն օգուտ է քաղում այս ամենից, միջազգային ռազմական փորձագետներն են, որոնք մեծ հետաքրքրությամբ նայում են Լեռնային Ղարաբաղին, որտեղ բարձր տեխնոլոգիական սպառազինություն է օգտագործվում առաջին անգամ։ Նոր տեսակի պատերազմի ընթացքում օգտագործվում են զինված անօդաչուներ, սա միայն սկիզբն է տեխնոլոգիապես զարգացած պատերազմի»,- ասաց Վիոլա Վոն Կրամոն Տաուբադելը` շարունակելով, որ ԵՄ-ն պետք է առաջ մղի Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի մասնակցությամբ բանակցությունները, և ԵՄ-ն պետք է վստահ լինի, որ հունմանիտար օգնություն է փոխանցվում բնակչությանը։