«Պատերազմը կանգնեցվելու է այնպես, որն ամենևին ձեռնտու չէ Ալիևին ու Էրդողանին.. Միքայել Զոլյան
«Դիվանագիտական ոլորտում միջազգային հանրության կողմից ակտիվ ջանքեր են գործադրվում, մասնավորապես՝ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից՝ Ռուսաստան-Ֆրանսիա-ԱՄՆ։ Մենք տեսնում ենք, որ այդ երկրների միջև որոշակի հարցերի շուրջ կա կոնսենսուս, մի երկիրը կարող է դա մի քիչ ավելի դիվանագիտորեն արտահայտի, մյուսը՝ ավելի բաց»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը։
Ըստ նրա՝ Մինսկի խմբի համանագահ երկրների միջև կոնսենսուսը մի քանի հարցերի է վերաբերում։ Նախ, երեք երկրներն էլ ասում են, որ սահմանին ռազմական ագրեսիան սկսվել է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից, երկրորդ, որ Թուրքիան ուղիղ մասնակցում է հակամարտությանը, և երրորդ՝ կան ահաբեկիչներ, գրոհայիներ, որոնք բերվել են Սիրիայից և այլ կոնֆլիկտային գոտիներից։
«Ըստ էության, այս կոնսենսուսին այս կամ այն ձևով միացել է նաև Իրանը, որը, թեև Մինսկի խմբի համանախագահ երկիր չէ, բայց պարզ է, որ տարածաշրջանում լուրջ դերակատարություն ունի։ Թե ինչ գործողություններ կձեռնարկվեն այս գնահատականներից ելնելով, այդ հարցն արդեն պետք է ուղղել այդ երկրների ներկայացուցիչներին, ես կարող եմ մեր գործողությունների մասին ասել։ Մենք ամբողջ տեղեկատվությունը հաղորդում ենք մեր գործընկերներին, մանրամասն ներկայացնում, թե ինչէ կատարվում, դրա արդյունքն է նաև այն հստակ դիրքորոշումները, որոնք հայտնվել են»,- հավելեց Միքայել Զոլյանը։
Նա համոզմունք հայտնեց, որ այս հարցում ըստ էության բոլոր լուրջ գործող սուբյեկտների շահերը համընկնում են հայկական կողմի և տարածաշրջանի շահերի հետ, քանի որ ահաբեկիչների ներկայությունը տարածաշրջանում բոլորովին չի համապատասխանում ո՛չ Ռուսաստանի, ո՛չ Իրանի, ո՛չ էլ ՌԴ-ի և ԵՄ-ի շահերին։
Պատգամավորի դիտարկմամբ՝ եթե միջազգային կազմակերպությունների որոշումներով, հայտարարություններով, անգամ դատավճիռներով հնարավոր լիներ կանգնեցնել պատերազմներ, ապա այսօր երկիր մոլորակում պատերազմ չէր լինի։ Պետք է հասկանալ, որ պատերազմը կանգնեցվում է ոչ միայն դիվանագիտական միջոցներով, այլև առաջին հերթին՝ ռազմական հաջողություններով։
«Այժմ մեր զինված ուժերը կատարում են իրենց առջև դրված խնդիրը, համոզված եմ, որ սա հանգեցնելու է նրան, որ պատերազմը կանգնեցվելու է այնպես, որն ամենևին ձեռնտու չէ Ալիևին ու Էրդողանին։ Միևնույն ժամանակ՝ միջազգային արձագանքը շատ կարևոր է, որովհետև այն առաջին հերթին ստեղծում է ճնշում ագրեսոր կողմերի համար, երկրորդը՝ հիմք է ստեղծում հետագա գործողությունների համար»,- շեշտեց նա։