«Պաշտպանության բանակը հաջողություններ ունի նաև հյուսիսային ուղղությամբ՝ դիրքեր է ազատագրել». Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ հայկական զինուժը հրետանային հուժկու հարված է  հասցրել թշնամուն, գլխովին ջախջախել է երեք բրիգադ՝ իր ամբողջ ներուժով, զինտեխնիկայով։

«Թշնամին մոտ 60 դիակ թողել է դաշտում, մնացածն անհասկանալի է՝ ինչ վիճակում են, մեծ թվով զինտեխնիկա, որը՝ սարքին, որն էլ՝ անսարք»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արծրուն Հովհաննիսյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ այժմ՝ րոպների տարբերությամբ, Ստեփանակերտում տեղի է ունեցել հրթիռակոծություն՝ մարտական ԱԹՍ-ների և հրթիռների միջոցով թշնամին հարվածներ է հասցրել խաղաղ բնակչությանը։

«Պաշտպանության բանակը հաջողություններ ունի նաև հյուսիսային ուղղությամբ, դիրքեր է ազատագրել, որի մասին րոպեներ առաջ հայտարարություն եղավ։ Միջազգային որևէ կառույց, որը դաշնակից չէ Ադրբեջանին, չի կասկածում, որ Արցախում թշնամու կողմից կռվում են ահաբեկչական կազմակերպություններ»,- նշեց Ա. Հովհաննիսյանը։

Ինչ վերաբերում է Արցախի Հանրապետության նախագահի հայտարարությանը՝ միջազգային հակաահաբեկչական կոալիցիա ստեղծելուն, Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ քաղաքական հարցեր չի մեկնաբանում։

Անդրադառնալով Ջաբրաիլում տիրող իրավիճակին, Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ հակառակորդը փորձում էր զարգացնել հարձակում, սակայն գլխովին ջախջախվել և դուրս է շպրտվել հարձակողական բնագծերից։

«Մեր զինված ուժերը շարունակում են իրենց ազատագրական հաջողությունների շղթան, ինչը մեզ համար չափազանց կարևոր և ոգևորիչ է։ Պատերազմ է, որ կարող են լինել այնպիսի վիճակներ, որ գրանցվեն մեծ հաջողություններ, կամ լինեն մեծ դժվարություններ, նահանջներ, թևանցումներ, սակայն հաղթանակը մերն է լինելու, և մեր Զինված ուժերը հստակ իր խնդիրը կատարում է»,- հավելեց ՊՆ ներկայացուցիչը։

Նա նաև ընդգծեց, որ, երբ խոսք է գնում տասնյակ-հազարավոր զորքի մասին, երբ խոսք է գնում Ադրբեջանի ամբողջ զինված ուժերի, այդ թվում՝ ծովուժի, հատուկ ծառայությունների մասին, որոնց հետ են շպրտում, ապա մեկ-երկու դիրք, հետ-առաջը ոչինչ չի որոշում։

«Սա խրամատային այն 15-20 տարի առաջվա վիճակը չէ, երբ մեկ դիրք առաջ կամ հետը բան էր որոշում, սա լուրջ զորախմբերի մասին է, երբ դիմացդ գալիս է 2-3 հարյուր տանկ։ Մենք այսօր շատ հստակ նշեցինք, որ Իրանի սահմանը կարող է վտանգվել, քանի որ, ինչպես ավանդաբար եղել է, երբ թշնամուն ջախջախում ես, փախնում են Իրանի տարածք։ Մենք ուրախ ենք, որ Իրանը սա գիտակցում է և կատարում է  համապատասխան քայլեր, այդ թվում՝ ոչ քաղաքական։ Հայ-ադրբեջանական սահմանին էլ հարաբերական հանգիստ է, ակտիվ մարտական գործողություններ չկան»,- նշեց նա։

Հարցին՝ սիրիացի գրոհայիներից կա՞ն կենդանի ահաբեկիչներ, որոնք գերի են, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց, որ, եթե ներկայացնելու համապատասխան որոշում լինի, համապատասխան իրավիճակ լինի, հանգամանքներ շատ կան, ինչից ելնելով՝ չի կարող հստակ որևէ բան ասել: «Այս պահին չեմ կարող ասել»,- եզրափակեց նա։

Տեսանյութեր

Լրահոս