Բելառուսը հոկտեմբերի 1-ից նվազեցնում է նավթի և նավթամթերքների արտահանական մաքսատուրքերը
Բելառուսը հոկտեմբերի 1-ից նվազեցնում է նավթի եւ նավթամթերքների արտահանական մաքսատուրքերը, որոնք դուրս են բերվում Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածության սահմաններից: Դա նախատեսված է Նախարարների խորհրդի 2020 թվականի սեպտեմբերի 30-ի թիվ 567 որոշմամբ: Այդ մասին հաղորդել է ԲԵԼՏԱ գործակալությունը՝ վկայակոչելով Ազգային իրավական ինտերնետ-պորտալին:
Նավթահումքի արտահանական մաքսատուրքի դրույքաչափը 1 տոննայի համար կկազմի 45,4 դոլար (ավելի վաղ՝ 47,5 դոլար): Ուղղաթորված բենզինի մաքսատուրքը սահմանված է 1 տոննայի համար 24,9 դոլար (ավելի վաղ՝ 26,1 դոլար):
Ապրանքային բենզինների, թեթեւ եւ միջին թորվածքների համար այն կկազմի 13,6 դոլար՝ 1 տոննայի համար (ավելի վաղ՝ 14,2 դոլար), նույնպիսի մաքսատուրք է սահմանված դիզելային վառելիքի, բենզոլի, տոլուոլի, քսիլոլների, քսայուղերի եւ մյուս յուղերի համար: Ավելի վաղ արտահանական մաքսատուրքերի դրույքաչափերը նավթահումքի եւ ապրանքների առանձին կատեգորիաների համար, որոնք մշակվում են նավթից, փոխվել են սեպտեմբերի 1-ից: Այն ժամանակ դրանք բարձր են եղել: