«Սա իրապես զինված լայնածավալ ագրեսիա է, այս ամենը բնութագրվում է ցեղասպանական գործողությունների բոլոր հատկանիշներով». Լարիսա Ալավերդյան
ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ մինչև այսօր տարբեր մարդիկ տարբեր ձևով են բնութագրում Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական ագրեսիան, սակայն, նրա կարծիքով՝ հայկական կողմն ունի երկու պարտադիր եզրույթ կամ որակներ, որոնց մասին անպայման պետք է բարձրաձայնել։
«Նախ, սա իրապես զինված լայնածավալ ագրեսիա է, և այս ամենը բնութագրվում է ցեղասպանական գործողությունների բոլոր հատկանիշներով։ Այս երկուսը պետք է հստակեցնենք, քանի որ հատկապես երկրորդ կետը բխում է ռազմավարական նպատակներից, որով էլ այս զինված ագրեսիան տարբերվում է նմանօրինակ շատ գործողություններից, որը տեղի է ունենում աշխարհի այս կամ այն երկրում։ Այն, ինչ տեղի է ունենում այսօր, այն ռազմավարական, դարերով մշակված նպատակն է, որով ցանկանում են ավարտել այն ցեղասպանությունը, որը չեն հասցրել ավարտել 1915-20 թվականներին։ Սա պետք է շրջանառության մեջ դրվի և փաստի, որ սա ցեղասպանական գործողություններ են։ Սա ո՛չ կոնֆլիկտ է, ո՛չ լոկալ պատերազմ, սա ցեղասպան գործողություններ են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Լարիսա Ալավերդյանը։
Անդրադառնալով միջազգային հանրության արձագանքին՝ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, Լարիսա Ալավերդյանն ասաց, որ այսօր, և դրանից առաջ միջազգային հանրության արձագանքը եղել է Մադրիդյան սկզբունքների հիման վրա, այսինքն՝ երկու կողմերին էլ կոչ են անում վերադառնալ բանակցային սեղանի շուրջ՝ չհստակեցնելով ագրեսիայի աղբյուր հանդիսացողին, նաև՝ ՆԱՏՕ-ի անդամ պետության մասնակցությունն այդ ռազմական ագրեսիային։
«Կրկնում եմ՝ միջազգային հանրությունը ոչ թե նոր բան է անում, այլ շարունակում են այն ճանապարհը, որն արգասաբեր չէ։ Ես պնդում եմ, որ Ադրբեջանի և Թուրքիայի այս կեցվածքը ևս մեկ անգամ ապացուցում է, որ պետք է խորապես վերանայվեն Մադրիդյան կոչվող սկզբունքները։ Ոչ թե մենք պետք է զուտ դժգոհենք միջազգային հանրության սուբյեկտներից, այլ պետք է դա մարտահրավեր ընդունենք և լծվենք մի գործի, որը կոչվում է դիվանագիտություն՝ լինի խորհրդարանական թե ժողովրդական։ Այնպես որ, ես միտված եմ ոչ թե քննադատել կամ քննարկել այն, թե ինչ են ասում այլ երկրներ, որքան միտված եմ մեր իշխանությանը կոչ անել, որ տարածեն այն կոնցեպտը, որը համապատասխանում է միջազգային իրավունքին ու իրականությանը»,- հավելեց Լարիսա Ալավերդյանը։
Նա նաև ընդգծեց, որ երբևէ չի էլ կասկածել, որ հայկական բանակը պատրաստ է հետ մղել ցանկացած ուժգին հարված։ Բայց չպետք է մոռանալ, որ ժամեր անց տեղի կունենա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը, որտեղ կայացվելու են որոշումներ։
«Շատ քիչ հավանական եմ համարում, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ընդունվեն հին կոնցեպտից դուրս որոշումներ։ Հետևաբար՝ այս խնդրի ծանրությունը չպետք է թողնել զուտ բանակների վրա՝ Արցախի և Հայաստանի։ Այստեղ անհրաժեշտ է, որպեսզի կազմակերպվի ուժգին ճնշում Թուրքիայի վրա՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ պետություն»,- նշեց իրավապաշտպանը։
Լարիսա Ալավերդյանը նաև նկատեց, որ խաղաղ բնակչության վրա հարձակումն Ադրբեջանի ձեռնագիրն է, նաև նրա ռազմավարական նպատակը, քանի որ նպատակ ունի տապալելու հայի ոգին, խուճապի մատնելու խաղաղ բնակչությանը և ոչնչացնելու։
«Ցանկացած ռազմական գործողություն չի կարող տևել անվերջ, ուշ թե շուտ դա պետք է ավարտվի նրանով, որ պետք է նստեն բանակցային սեղանի շուրջ։ Ադրբեջանն այնպես է անում, որ բանակցային սեղանին նստի այնպիսի դիվիդենտներով և այնպիսի հոգեպես ճզմված հայության հետ, որ կարողանա իր մարդատյաց նպատակներն իրականացնի։ Հայկական կողմը լավ էլ հասկանում է, որ սա երկու ելք ունի. մեկը՝ այնպես անել, որ Ադրբեջանն ինքը համոզվի, որ այլևս չի կարող շարունակել, և երկրորդ, երբ մեր ճնշումների և հաջողությունների հիման վրա հայկական կողմերը նվազագույն նպատակների հասնեն»,- եզրափակեց Լարիսա Ալավերդյանը։