Մակրոնը հետևում է Charlie Hebdo-ի խմբագրության նախկին շենքի մոտ հարձակման հետ կապված իրավիճակին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իրազեկված է Փարիզում Charlie Hebdo-ի խմբագրության հին շենքի մերձակայքում անցորդների վրա հարձակման վերաբերյալ: Այդ մասին հայտնել է BFMTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատի աղբյուրներ:
Ավելի վաղ Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսը եւ ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) ղեկավար Ժերալդ Դարմանենը, որոնք աշխատանքային ուղեւորության մեջ էին Փարիզի մերձակայքում, շտապ վերադարձել են քաղաք եւ ուղեւորվել ՆԳՆ-ի ճգնաժամային կենտրոն:
Անցորդների վրա հարձակումը կատարվել է 11:45-ին (Երեւանի ժամանակով 13:45-ին) Բաստիլիայի հրապարակի շրջանում՝ Փարիզի արեւելքում՝ Charlie Hebdo-ի խմբագրության նախկին շենքից ոչ հեռու: Հարձակման հետեւանքով չորս մարդ դանակի վերքեր է ստացել, նրանցից երկուսը ծանր են: Տուժողների թվում են «Պրեմիեր լին» լրատվական գործակալության երկու երիտասարդ աշխատողներ, գործակալություն, որն այժմ զբաղեցնում է Charlie Hebdo-ի օֆիսը:
Նրանք վիրավորվել են, երբ փողոց են դուրս եկել ծխելու: Հարձակվողը (հնարգավոր է, եղել են երկու հոգի) զինված է եղել մաչետեով: Ներկայումս թաղամասը շրջափակված է ոստիկանության կողմից: Հարձակումը տեղի է ունեցել այն շենքի մոտ գտնվող փողոցներից մեկում, որտեղ ավելի վաղ գտնվում էր Charlie Hebdo թերթի խմբագրությունը, որն ահաբեկիչների հարձակման օբյեկտ դարձավ 2015 թվականի հունվարին: Այդ ժամանակվանից ի վեր խմբագրությունը տեղափոխվել է Փարիզի այլ շրջան: Նրա հասցեն գաղտնի է պահվում, իսկ լրագրողներին պահպանում է ոստիկանության ավելի քան 80 աշխատակից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: