Կառավարությունը փոխում է մտադրությունը

Այլևս պարզ է, որ մոտ ապագայում կառավարությունն ի վիճակի չի լինելու բարելավել հասարակության կյանքը։ Ուստի սկսել է կարճաժամկետ խոստումները, որոնք տրվեցին «թավշյա հեղափոխության» ընթացքում ու դրանից հետո, փոխարինել երկարաժամկետով։ Այնքան երկարաժամկետով, որ դրանց չիրականացման պատասխանատվությունն այս իշխանությունը հաստատ չի կրելու։

Ու պատահական չէ, որ կարճաժամկետ խոստումներից իշխանություններն այլևս անցել են, այսպես կոչված, երկարաժամկետ նպատակադրումներին։

Վաղվա վրա հույս չկա, խոսում ենք մինչև 2050թ. ռազմավարական ծրագրի մասին։ Պարզ է, որ 30 տարի հետո ոչ ոք չի հիշելու այդ ծրագիրը և դրված նպատակները, ուր մնաց թե՝ պատասխանատվություն կրի դրա համար։

Այնպես որ, 2050թ. համար այսօր ինչ ասես կարելի է գրել ու խոստանալ։ Այլ հարց, թե ինչքանո՞վ է իրատեսական դրանց իրականացումը։

Իշխանափոխության երրորդ տարում տեսնում ենք, թե նախկինում իշխանությունների տված բազմաթիվ խոստումներն ու դրված նպատակները որքանով են կատարվել։ Իշխանափոխությունից 2,5 տարի հետո Հայաստանի տնտեսությունը ճգնաժամի մեջ է, ու գրեթե բոլոր ոլորտներում ունենք անկումային իրավիճակ։ Սպասվում է համախառն ներքին արդյունքի բավական լուրջ նվազում։ Տնտեսության զարգացումները հետ են գնում, և շուտով կարող ենք հայտնվել 2018թ. վիճակում։

Ոչ մի հույս չկա, որ առաջիկայում տնտեսությունն արագ վերականգնվելու է։ Նույնիսկ հաջորդ տարվա համար չկա ակնկալիք, որ ՀՆԱ-ն կարող է հասնել 2019թ. մակարդակին։

Լուրջ խնդիրների առաջ է պետական բյուջեն։ Չեն հավաքվում նախատեսված եկամուտները։ Արդեն մեկ անգամ վերանայել ու կրճատել ենք բյուջեի ի սկզբանե պլանավորված եկամուտները, բայց ստիպված ենք լինելու ևս մեկ անգամ անել։ Եկամուտներն ավելի արագ են կրճատվում, քան կառավարությունը կանխատեսում էր մի քանի ամիս առաջ։

Նույնը նաև տնտեսական աճի դեպքում է. կանխատեսվում էր 2 տոկոս նվազում, բայց առնվազն կրկնակի, եռակի ավելի մեծ անկում ենք ունենալու։ Չհաշված, որ մինչ այդ էլ 4,9 տոկոս աճի հավակնություններ ունեինք։

Ոչ մի կանխատեսում չիրականացավ։ Ու այսքանից հետո մինչև 2050թ. վերափոխման ռազմավարությունից ենք խոսում, երբ մի քանի ամսվա կտրվածքով չենք կարողանում նորմալ գնահատել տնտեսական իրավիճակը։

Համաշխարհային տնտեսության մեջ այսօր այնքան շատ են անորոշությունները, որ դժվար է անգամ ասել, թե ինչ է լինելու 1 կամ 2 տարի հետո։ Իսկ մենք 30 տարվա ռազմավարություն ենք ներկայացնում՝ առանց գիտակցելու, որ այսպիսի անորոշության պայմաններում, երբ ամենուրեք խնդիրներ են ու անհայտներ, անմտություն է նման երկարաժամկետ ծրագրեր ներկայացնելը։ Դրանք չեն կարող իրականանալ։

Վերցրեք, տեսեք, թե ներկայացնելուց 2 տարի հետո ինչ է մնացել կառավարության 5-ամյա ծրագրից։ Այժմվանից կարելի է արձանագրել, որ այն ձախողվել է։

Այս մասին մտածելու փոխարեն՝ իշխանությունները որոշել են երկարաժամկետ ծրագրերով կերակրել մարդկանց։ Այնինչ, 2050թ. հասնելու համար այսօր դեռ պետք է կարողանալ գոյատևել։ Մարդիկ կանգնած են սոցիալական լուրջ խնդիրների առաջ ու չեն կարողանում օրվա հացի խնդիր լուծել։ Ավելանում է գործազրկությունը, խորացել է աղքատությունը, իսկ իշխանությունն աղքատության վերացման մասին է խոսում, որը պետք է անի առաջիկա 30 տարում։

Ոչինչ, որ աշխարհում չկա գրեթե մի երկիր, որտեղ աղքատությունն իսպառ վերացած լինի, դեռ մի բան էլ իշխանափոխությունից հետո աղքատությունը մեր երկրում, եթե նույնիսկ չի խորացել, ապա չի էլ նվազել։

Աղքատության վերացումը խոսքերով չի լինում։ Դրա համար անհրաժեշտ է տնտեսություն զարգացնել, աշխատատեղեր ստեղծել, քայլել ձեռնարկել մարդկանց եկամուտներն ավելացնելու ուղղությամբ։ Ի՞նչ է արել մինչև այժմ կառավարությունն այս ուղղություններով, բացի իրականությունից կտրված խոստումներ շռայլելուց։

Աղքատության վերացման ամենակարճ ճանապարհն աշխատատեղերի ստեղծումն է։ Իսկ քանի՞ նոր աշխատատեղեր են այս ընթացքում ստեղծվել Հայաստանում։

Նոր աշխատատեղեր մեր երկրում գրեթե չեն ստեղծվում, եթե նույնիսկ ստեղծվում էլ են, ապա շատ դանդաղ։ Այս տեմպով գնալու դեպքում, դժվար է ասել՝ մենք երբևէ կարո՞ղ ենք վերացնել երկրում գործազրկությունը, թե՞ ոչ։

Այսօր Հայաստանում ավելի շատ գործազուրկ կա, քան անցած տարի էր։ Միայն տարեսկզբի առաջին 3 ամիսներին գործազուրկների թիվն ավելացել է 31 հազարով։ Հիմա հաստատ աշխատանք չունեցողների թիվը շատ ավելին է։

Տնտեսության բարձր զարգացումներից, ՀՆԱ-ն 20-ապատկելուց, միջին աշխատավարձը 7-ապատկելուց, աղքատությունը վերացնելուց, Հայաստանը բարձր տեխնոլոգիական երկիր դարձնելուց, մինչև 10 մլրդ և ավելի արժեքով առնվազն 5 տեխնոլոգիական ընկերություն և առնվազն մինչև 15 հազար ստարտափ ունենալուց, հազար ու մի այլ բաներից ենք խոսում, բայց դրա հիմքերը ոչ մի տեղ չեն երևում։

Ի՞նչ տնտեսական աճերի մասին կարող է խոսք լինել, երբ 2,5 տարում երկրում որևէ նոր ու տեսանելի ներդրումային ծրագիր, չասենք՝ չի մեկնարկել, նույնիսկ չի էլ ձևավորվել։ Այն մանր-մունր ծրագրերն էլ, որոնք կան՝ երկար չեն դիմանում, ու շատերը կարճ ժամանակ անց դադարում են գոյություն ունենալ։

Մինչ առանց ներդրումների, այն էլ՝ օտարերկրյա ուղղակի ներդրումների անհնարին է պատկերացնել Հայաստանի տնտեսության զարգացումը, կապիտալը մի բան էլ գնում է մեր երկրից։ Ու այսպես էլ ուզում ենք ՀՆԱ-ն 20-ապատկել։

Անցած տարի էլ խոսում էինք «տնտեսական հեղափոխության» ու թռիչքային աճերի մասին։ Այսօր ունենք այն, որ տնտեսությունը հեղափոխական տեմպերով անկում է ապրում, և ոչ մի ոլորտում չկա զարգացում։

Այսքանից հետո դժվար չէ ենթադրել, թե ինչի վրա է իշխանությունների հույսը. 30 տարի հետո ոչ ոք նրանցից պատասխան չի պահանջելու՝ չիրականացված «վեհ» գաղափարների ու իրականությունից կտրված նպատակադրումների համար։ Փոխարենը՝ դրանցով ինչ-որ ժամանակ դեռ կարելի է կերակրել հասարակության այն հատվածին, որը շարունակում է հավատալ այս իշխանությունների խոստացած պայծառ ապագայի տեսլականին։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս