Նիկոլ Փաշինյանի ճիշտն ու Հայաստանի սխալը

Հատկապես Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավորների ընտրությունից հետո իշխանությանն ուղղված քննադատությունը բազմապատիկ ավելացավ ոչ միայն ու ոչ այնքան՝ հակաիշխանական ուժերի, որքան իշխանությանը ջերմեռանդորեն պաշտպանող քաղաքական ու քաղաքացիական խմբերի կողմից։ Բայց ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակն այսբերգի սոսկ երևացող մասն է, զուգահեռաբար երկրում ընթանում են բազմաթիվ խորքային գործընթացներ, որոնք ամեն օրվա հետ ավելացնում են իշխանությանն ուղղված քննադատությունն ու դժգոհության չափաբաժինը։ Օրինակները բազմաթիվ են, ամենաթարմը՝ երեկ տեղի ունեցած «հետողորմյան», երբ բողոքի ալիքի արդյունքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Առողջապահության նախարարին հանձնարարեց  երկարացնել Ռ.  Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրը:

Իշխանությունն՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, ընդունեց իր սխալը, ինչը, սակայն, կարող է վտանգավոր լինել նույն իշխանության ստորին շերտերի ու հպարտ քաղաքացիների շրջանում իշխանության հանդեպ ունեցած վերաբերմունքի առումով։ Իշխանությանը ծառայող հպարտ ու ոչ այնքան հպարտ շերտերը կարող են «սխալ» հասկանալ Նիկոլ Փաշինյանին, ինչը վերջինիս դրդել է հանդես գալ սխալվելու փիլիսոփայության մասին հրապարակմամբ։

Ֆեյսբուքյան ծավալուն գրառմամբ նա անդրադարձել է իշխանության «ճիշտ» և «սխալ» լինելու մասին դեբատին ու ներկայացրել է հաղթանակի հասնելու գործում սխալվելու կարևորության մասին իր թեզերը։ «Սխալվելու վճռականությունը՝ ճշմարիտ ճանապարհ» խորագրով մտորումներում Նիկոլ Փաշինյանը, մասամբ՝ արդարացիորեն, մասամբ՝ մանիպուլյատիվ կերպով, արձանագրում է, որ սխալվելու վճռականությունը կարևոր է հաղթանակ արձանագրելու ճանապարհին։

«2018 թվականի հեղափոխությունից հետո հանրային քննարկումների ամենատարածված խոսույթներից մեկն իշխանությունների սխալ քայլերի վերհանումն ու նրան ճիշտ քայլերի մղելու փորձերն են: Հանրային քննարկումների դաշտում սա, իհարկե, հասկանալի և ընդունելի է, բայց իշխանության գործունեության տրամաբանության մեջ՝ չափազանց վտանգավոր, որովհետև «ճիշտ» քայլերի փնտրտուքը կարող է կաթվածահար անել իշխանությունը, և, ի վերջո, նաև երկիրը, որովհետև որևէ որոշում միշտ ավելի լավը դարձնելու հնարավորություն կա, միշտ և ամենուր կարող են լինել և անխուսափելիորեն կլինեն դիտարկումներ, քննադատություններ, առաջարկություններ՝ մեկը մյուսից գեղեցիկ հիմնավորումներով և փաստարկումներով: Բայց իշխանությունը պետք է ի վիճակի լինի կայացնել որոշումներ, բնականաբար, ճիշտ որոշումներ: Բայց որքանո՞վ պետք է այդ որոշումները ճիշտ լինեն, որքանով ճշգրտված և իդեալական: Այս հարցը հրատապ է հատկապես այսօր Հայաստանում իշխող քաղաքական ուժի՝ «Քաղաքացիական պայմանագրի» (ՔՊ) պատմության և գաղափարաբանության համատեքստում»,- գրել է Փաշինյանը՝ ներկայացնելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սխալներով անցած ճանապարհը, հենց որն էլ, ըստ նրա, ապահովել է հեղափոխության հաղթանակը։

«Եվ ուրեմն՝ միայն սխալ լինելու, սխալվելու վճռականությունն է, որ առաջ գնալու հնարավորություն է տալիս»,- եզրահանգում է Նիկոլ Փաշինյանը և, որպես ապագայի տեսլական, ազդարարում, որ «ՔՊ-ն պետք է շարունակի «հետևողական սխալների այն ճանապարհը», որ սկսել է 2014 թվականին և նույնիսկ դրանից առաջ»:

Իրականում Նիկոլ Փաշինյանի ներկայացրած թեզերն առնվազն հետաքրքիր են ու քննարկելի, և դրական կլինի, եթե դրանք դառնան հանրային-քաղաքական բանավեճի առարկա, ի տարբերություն այն էժանագին հայհոյախոսության, որը նաև ու առավելապես Նիկոլ Փաշինյանի կողմից գեներացվում է քաղաքական կյանքում։

Մյուս կողմից, սակայն, Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումն ունի հայեցակարգային թերություն։ Նա չի տարանջատում «սխալների» կարգավիճակները և, ամենակարևորը՝ սխալման թույլատրելի միջակայքը, ինչը պետական կառավարման ասպարեզում կարող է ճակատագրական ու անգամ կործանարար լինել։

Մասնավորապես, Փաշինյանը չի տարադասում ռազմավարական ու մարտավարական սխալները, որովհետև այդպես վարվելու դեպքում ստիպված պետք է լինի արձանագրել, որ, եթե մարտավարական սխալները կարող են անգամ դրական ազդեցություն ունենալ, ապա ռազմավարական սխալների վնասները կարող են լինել անդառնալի։

Եվ, ի դեպ, Փաշինյանի իշխանության խոցելիությունը պայմանավորված է ոչ միայն օբյեկտիվ հիմք ունեցող ու այդմով՝ ընդունելի համարվող մարտավարական, այլ հենց ռազմավարական սխալներով։ Սկսած Ռուսաստանի հետ հարաբերությունների փչացումից՝ մինչև դատարանների շրջափակման կոչ, ՍԴ-ի շուրջ գործընթացներ, վերջացրած տնտեսության զարգացման հայեցակարգային ծրագրի բացակայությունից մինչև կադրային խայտառակ քաղաքականություն, սրանք և այլ շատ չթվարկվածները բոլորը ռազմավարական սխալներ են, որոնք կարող են ունենալ անվերականգնելի հետևանքներ։

Ահա այդ սխալները ներելի ու խրախուսելի չեն, ի հակադրություն Փաշինյանի՝ լիրիկական զեղմամբ բավական պերճախոս կերպով ներկայացրած «կենարար սխալների»։ Եվ չափազանց վտանգավոր է, եթե երկրի ղեկավարը չի գիտակցում սխալների այս կարգավիճակների տարբերությունն  ու պատճառահետևանքային կապը, կամ գիտակցում է, սակայն միտումնավոր կերպով աղճատված է ներկայացնում իրականությունը։
Ընդհանուր առմամբ Նիկոլ Փաշինյանի ծավալուն մտորումը հիմնված է «չի սխալվում նա, ով ոչինչ չի անում» հայտնի թեզի վրա։ Համենայնդեպս, այդպիսի տպավորություն է ստացվում։ Բայց եթե դա այդպես է, ուրեմն տեղին է նաև հակադարձումը, որ ճակատագրական սխալներ է թույլ տալիս նա, ով չի գիտակցում իր սխալների նշանակությունը և առաջնորդվում է անսխալականության բարդույթով, որը Նիկոլ Փաշինյանը վերամեկնել է «սխալականության» դոկտրինով։

Սխալականության թեզը ներկայացնելով որպես հաջողության գրավական՝ Փաշինյանն իր կուսակցությանը կոչ է անում շարունակել աշխատել՝ սխալվելու վճռականությամբ։ «Որովհետև դա է Հայաստանը առաջ տանելու ճանապարհը: Մենք պետք է հրաժարվենք «սիրված լինելու» կոմֆորտ զոնայում գտնվելու մեր ձգտումներից, որովհետև մենք իշխանության չենք եկել այստեղ մնալու համար, մենք իշխանության եկել ենք մեր ժողովրդի, մեր պետության համար մտածողության նոր հարթություն ձևավորելու և Հայաստանը այդ նոր հարթություն բարձրացնելու նպատակով: Եվ մենք անելու ենք դա՝ շարունակելով հետևողական սխալների մեր ռազմավարությունը»,- գրում է Նիկոլ Փաշինյանը՝ ոչ այն է՝ ազդարարելով մոտալուտ կործանումների մասին, ոչ այն է՝  կանխապես իր այս գրությամբ ինքզինքն ապահովագրելով պատասխանատվության կանչվելու առկախ վտանգից։

Բայց այս եզրահանգման մեջ Նիկոլ Փաշինյանը կատարում է շատ կարևոր արձանագրում․ «․․․որովհետև մենք իշխանության չենք եկել այստեղ մնալու համար․․․»։

Եթե սա իրապես հավատամք է Նիկոլ Փաշինյանի համար, ապա նա պետք է վճռականություն ունենա ժամանակին նաև թողնելու իշխանությունը։ Երկարաժամկետ հեռանկարում Նիկոլ Փաշինյանի ամենամեծ, պատմական ծառայությունը Հայաստանին ու Հայաստանի ժողովրդավարությանը կլինի այն, եթե նա ընտրությունների միջոցով հեռանա իշխանությունից։ Կունենա՞ նա այդչափ քաղաքական կամք ու վճռականություն, և կհեռանա՞ իշխանությունից, թե՞ ամեն գնով կպահպանի իշխանությունը։ Եթե հաշվի առնենք, որ այս ողջ պատումը սխալվելու մասին է, մեծ է հավանականությունը, որ իշխանության հանձնման վտանգի ու հակաժողովրդավարական միջոցներով պահպանման պարագային Նիկոլ Փաշինյանը կհայտարարի, որ սխալվել է՝ ասելով, որ՝ «մենք իշխանության չենք եկել այստեղ մնալու համար»։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս