Տնաշեն, թշվառի գրպանը մտնո՞ւմ են, բա էդ անելո՞ւ բան է

«Հորս տուն եմ տանելո՞ւ էդ գույքահարկը»,- մուննաթ է գալիս Նիկոլ Փաշինյանը, երբ հարց են ուղղում քաղաքացիները, թե ինչպե՞ս ես վճարելու այն:

Չէ՛, ուղղակի իմաստով քո հոր տուն չես տանելու, պարզապես մեր հոր տնից ես տանելու: Այս համավարակի պայմաններում, որ շատերը զրկվել են աշխատանքից, իրենց նախկին քրքաշ եկամուտից, և գրեթե դատարկ գրպանով են, բարձր ու տարեցտարի 8 անգամ թանկացող գույքահարկն էր պակասում:

Մարդկանց եկամտի աղբյուրները կա՛մ փակվել են, կա՛մ կրճատվել ու կիսվել: Նման պայմաններում ժողովրդի ընտրած կառավարությունը նույն ժողովրդի հոգսը թեթևացնելու, մեղմող միջոցներ գտնելու փոխարեն, ամեն ինչ անում է, որպեսզի մարդիկ հայտնվեն անելանելի վիճակում, այն բարակ սառույցի շերտն էլ կոտրվի, որի վրա դեռ կանգնած են, և ուղղակի ելք չունենան գոյատևելու պարզունակ կենցաղով: Բայց վարչապետի հայտնության համաձայն՝ մեղավորը ժողովուրդն է, աղքատությունը ժողովրդի գլխում է, իսկ կառավարությունն այդ աղքատ գլխին բամփողն ու գրպանից ոչ թե եղածը, այլ չեղածը տանողն է: Մեկը չկա՝ հարցնի, տնաշեն, թշվառի գրպանը մտնո՞ւմ են, բա էդ անելո՞ւ բան է:

Սակայն բարակ սառցաշերտը կոտրելով ու ընչազուրկի գլխին բամփելով չի սահմանափակվում մեր ընտրյալ հեղափոխական իշխանությունը: Մի կերպ կհաշտվեինք, գուցե հարմարվեինք, եթե ուղղակի իմաստով թշվառ գրպանից չեղածն էլ չտաներ:

Հավանաբար կհարցնեք` աբսուրդի ես վերածում, չեղածն ինչպե՞ս կտանեն: Բայց մեր կառավարությունը ձևը գտել է, շատ ճկուն է ու նրբասահ, այնքան, որ կարողանում է աբսուրդը բեմից իջեցնել փողոց, թատրոնից մտցնել տուն, կյանք ու իրականություն: Եթե աբսուրդ չէ, հապա ի՞նչ է փողոցում բուլկի վաճառող, կյանքի ութերորդ տասնամյակում ապրող, խեղճ ու անպաշտպան պառավի գրպան մտնելը: Այդ թշվառի գրպանում փող կա՞, որ տանում ես: Երբ հեռուստաէկրանից տեսնում ես՝ վիզը ծռած՝ գրպանից հանում է մի քանի մետաղադրամ և լացակումած ասում` էս ա էսօրվա աշխատածս, ու չգիտի՝ հանապազօրյա հա՞ցն առնի, թե՞ մի կողմ դնի, որ կոմունալները վճարի…

Էլ չեմ ասում, որ Նոր տարուց Նոր տարի է մսի երես տեսնում կամ չի տեսնում: Մարդ նայելուց ամաչում է, չգիտի՝ բազմոցի՞ տակ մտնի, թե՞ սեղանի, պարզապես ուզում ես գետինը մտնել, երբ քո նմանին այդ վիճակում ես տեսնում:

Մայրաքաղաքի իշխանությունն այդ թշվառներին պարտադրում է՝ այսուհետ գրպանում ՀԴՄ սարք ունենան, և ամեն բուլկի, փուչիկ, գրիչ, ծամոն, արևածաղիկ ու անձեռոցիկ վաճառելիս՝ ՀԴՄ կտրոն տան: Փաշինյանի սիրած ՀԴՄ կտրոնը: Մարդուն շատ բանից կարելի է զրկել, բայց ոչ արժանապատվությունից, կամ այնպիսի պայմանների մեջ դնել, որ ստիպված այդ կարգավիճակն ունենա, հատկապես, երբ ծեր է ու անօգնական, պետության հոգածության կարիքն առավել զգացող:

Էմոցիաների վրա չեմ խաղում, պարզապես այդ հոգեվիճակում գտնվող մարդուն ասել` Հայաստանի հպարտ քաղաքացի, ամբարտավանություն է՝ մեղմ ասած: Լավ օրից չէ, որ մարդը փողոցում փուչիկ ու գրիչ է վաճառում, կամ վազվզում է ճանապարհի մի ծայրից մյուսը՝ կարմիր լույսի տակ կանգ առած մեքենայի վարորդին անձեռոցիկ առաջարկում: Հարցրեք նրանց, և՛ իրենք են հիվանդ, և՛ տանը հիվանդ են խնամում, այլ աշխատանքի ընդունակ չեն և այդպես վազվզելով՝ անգամ էժանագին դեղերի գումար չեն վաստակում: Իրենց վիճակից ամենից շատ դժգոհողը հենց իրենք են, և չկարծենք, որ այդ նվաստացուցիչ աշխատանքը հաճույքով են անում, պարզապես այլընտրանք չունեն:

Նման թշվառներին չեն հարկում և առհասարակ թշվառի գրպանը չեն մտնում: Նրանք ավելի արժանապատիվ են, քան նրանց առավել նվաստացնել փորձողները, քանի որ չեն ուզում պետության վրա բեռ դառնալ, պահանջել, որովհետև գիտեն՝ մեր պետությունն առայժմ այդ բեռը չի կարող տանել, և իրենց հնարավորության սահմաններում իրենց գոյության միջոցներն են հայթայթում: Բայց այսուհետ այդ մարդիկ իրավունք չունեն ձեռքի պայուսակը դնեն մայթին, քանի որ շրջիկ վաճառողներ են համարվում և պետք է անընդհատ վազվզեն: Դեռ լավ է, որ մի-մի ոստիկան էլ չեն դնում պահակ, որ ճիպոտով քամակները դաղի թերանալու դեպքում:

Օրինական քաղա՞ք եք ուզում, շատ լավ, մենք էլ ենք ուզում և ձեզնից առավել: Ուրեմն այնպիսի պայմաններ ստեղծեք, որ նման թշվառներն ապրելու միջոց հայթայթելու մի փոքր ավելի բարձր կարգավիճակ ունենան, այդ դեպքում, եթե խնդրեք էլ, նախկին վիճակին չեն վերադառնա: Նյու Յորք ու Փարիզ եք լսե՞լ… Բայց Երևանը պակաս քաղաք չէ, պարզապես Երևանի իշխանությունն է փարիզների իշխանությունից պակաս: Երբ երևանցու սոցիալական մակարդակը կհասցնեք նյույորքցու սոցիալական մակարդակին, այն ժամանակ էլ կպահանջեք համաչափ:

Նախկին իշխանավորները վատն էին, բայց հստակ գիտակցում էին՝ եթե քաղաքացուն չեն կարող հաց տալ, գոնե թույլ էին տալիս ինքն իր հացը հայթայթի: Շատ բաների վրա էին աչք փակում, որովհետև այդ բաները, թեկուզ ստորակարգ, կենսական նշանակություն ունեին: Չկարծենք, որ նախկին քաղաքային իշխանությունները Երևանը պակաս էին սիրում կամ խուփ աչքով էին նայում և չէին ցանկանում, որ մեր մայրաքաղաքը բարձրաշխարհիկ վարք ու բարք ունենա: Պարզապես գիտակցում էին, որ դրան հասնելու դեռ սոցիալական աստիճաններ կան, և այդ աստիճաններից որևէ մեկը չպետք է զոհաբերվի բարձրանալիս: Ինչպես և գիտակցում էին երկրի իշխանությունները, որ մաքսային բեռը չպետք է ծանրացնել այն մարդկանց համար, ովքեր չինաստաններից ու թուրքիաներից շոր ու կոշիկ էին ներկրում և մատչելի վաճառում: Այդպես և՛ իրենք էին ապրում, և՛ հասարակությունը մերկ ու բոբիկ չէր մնում:

Եվ ուրեմն այսուհետ այդ ապրանքն էլ կթանկանա: Մաքսազերծման գները 6 անգամ թանկացնում են, կարգն էլ՝ փոխում: Ուրեմն նախ աշխատավարձը կրկնապատկիր: Չունե՞ս: Մենք էլ չունենք կրկնակի ծախսի և հարկման բեռի տակ մտնելու ո՛չ սիրտ, ո՛չ էլ գրպան:

Հանրապետության հրապարակը վերածվել է բողոքի հրապարակի. բողոքավորների մի խումբը դուրս է գալիս` մյուս խումբն է մտնում: Այդ նույն մարդիկ երկու տարի առաջ Հանրապետության հրապարակ էին դուրս եկել, որպեսզի լավ ապրեն: Ասում էինք՝ իշխանավորները, օլիգարխները մեր գրպանից մեր փողը տանում են, մեր ունեցվածքը թալանում, լափում են: Բայց տեսնում ենք, որ հիմա են մեր փողը մեր գրպանից տանում: Նախկիններն իրենց թույլ չէին տալիս թշվառի գրպանը մտնել, գոնե այդքան արժանապատվություն ունեին: Ներկաներն ավելի բծախնդիր են, մանրակրկիտ՝ լու մաշկող, լվից յուղ քերող: Եթե հավատամք է, որ ժողովրդի գլուխն աղքատ է՝ դատարկ, հաջորդ քայլը դատարկ գլխի՝ անխելքի, գրպանը մտնելն է, և ծիծաղելի է արժանապատվությունից, խղճի խայթից խոսելը:

Տեսանյութեր

Լրահոս