Վրաստանը երբեք չի վերադառնա անցյալ

Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրթը Հայաստանում էր և 168.am-ի հետ հարցազրույցում պատասխանեց մի քանի հարցերի, որոնք առավել շատ են հնչում Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո: Ամենաառաջին հարցն այն է` թե արդյո՞ք Վրաստանը կարող է վերադառնալ անցյալ, երբ այնտեղ այցելող հայաստանցիները ենթարկվում էին Ոստիկանության կամ քրեական տարրերի հարձակումներին և շորթումների զոհն էին դառնում:

– Պարոն Բայբուրթ հնարավո՞ր է վերադարձ դեպի անցյալ, դեպի այն Վրաստան, որը կար մինչև Սահակաշվիլիի իշխանության գալը:

– Չեմ կարծում որ վերադարձ դեպի անցյալ հնարավոր է: Այն ինչ արվեց վերջին 8-9 տարիներին անշրջելի է, և նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում հնարավոր չէ Վրաստանը վերադարձնել այն մղձավանջային տարիները: Վրաց ժողովուրդը, Վրաստանի քաղաքացիներն ապրել են ավելի ազատ հասարակության մեջ, ուր չկա կոռուպցիա, երբ «գաիշնիկը» դրամ չի շորթում, երբ պրեֆեկտուրայի աշխատակիցն ամեն մի թղթի համար փող չի ուզում, երբ մարդիկ իրենց հարցերը լուծում են դատարաններում և ոչ թե՝ տարբեր հեղինակությունների կամ օրենքով գողերի միջոցով: Ես համոզված եմ, որ ոչ ոք չի ցանկանա վերադառնալ անցյալին:

– Հայաստանում տեսակետ է ձևավորվում, որ նոր իշխանության գալով կբարելավվի հայ համայնքի, Վրաստանի` ազգությամբ հայ քաղաքացիների վիճակը, նրանք ավելի մեծ ազատություններ կստանան, այդ թվում` քաղաքական, ինչից զրկված էին Սահակաշվիլիի օրոք: Դուք տեսնո՞ւմ եք նման հնարավորություն:

– Ես համաձայն չեմ ձեր նախաբանի հետ: Սահակաշվիլիի իշխանությունն ահագին օգնություն է ցուցաբերել ազգային փոքրամասնություններին, նրանց` պետության կյանքին ինտեգրելու համար: Օրինակ, մինչև նրա նախագահ դառնալը հայերի և ադրբեջանցիների մեծ մասը վրացերեն չգիտեր, և այդ պատճառով կրթություն չէր ստանում: Իսկ հիմա դպրոցն ավարտելուց հետո առավել խոստումնալից 200 հայ և ադրբեջանցի երիտասարդներ մեկ տարի վրացերեն են սովորում, որից հետո ընդունվում են Վրաստանի ամենահեղինակավոր բուհերը և ավարտելուց հետո հնարավորություն են ունենում ստանալ լավ աշխատանք: Բացի դա, Սահակաշվիլիի իշխանության օրոք վերանորոգվեցին գրեթե բոլոր դպրոցները, ճանապարհները, այդ թվում՝ այն քաղաքներում, որտեղ ապրում են հայեր:

– Ես խոսում եմ քաղաքական հետապնդումների մասին, օրինակ, խոսվում է այն մասին, որ Վահագն Չախալյանին կարող է ներում շնորհվել, քանի որ նա Սահակաշվիլիի իշխանության օրոք քաղաքական հետապնդումների հետևանքով դատապարտվեց 10 տարվա ազատազրկման:

– Ես քաղաքական հետապնդումների մասին չգիտեմ: Ջավախքում գործող կազմակերպությունները, «Ջավախք» շարժումը, նույն Դավիթ Ռստակյանը և մյուսները, ովքեր հանդես էին գալի Սահակաշվիլիի իշխանության ամենասուր քննադատությամբ, երբեք բանտ չեն նստել և հնարավորություն են ունեցել ազատ արտահայտել իրենց տեսակետը: Կարծում եմ, որ Չախալյանն ազատազրկվել է ոչ թե քաղաքական հայացքների, այլ ուրիշ պատճառներով: Ես լսել եմ, որ նրան կարող են ազատ արձակել, բայց չգիտեմ, թե դա որքանով է ճիշտ:

– Դուք հնարավոր համարո՞ւմ եք Վրաստանի և Ռուսաստանի հարաբերությունների բարելավումը, ինչպես խոստանում են «Վրացական երազանքի» ներկայացուցիչները:

– Գիտեք, հայտարարություններն այլ բան են, իրականությունը՝ այլ: Բիձինա Իվանիշվիլին և նրա կառավարության արտգործնախարարը հայտարարել են, որ Վրաստանի արտաքին քաղաքական վեկտորը մնալու է նույնը`դեպի ԱՄՆ, Եվրամիություն և Արևմուտք: Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորել չի ստացվի, քանի որ, եթե սկսվեն բանակցություններ, դա կնշանակի, որ Վրաստանի նոր իշխանությունը ճանաչում է Աբխազիայի և Հարավային Օսիայի օկուպացիան, իսկ դա անհնարին է: Ոչ մի իշխանություն չի գնա նման քայլի, որն ինքնասպանություն կլինի: Հնարավոր է, որ լինեն միջնորդավորված բանակցություններ`Եվրամիության կամ ԵԱՀԿ-ի միջոցով, բայց դրանց արդյունավետության մասին դժվար է դատել:

– Տեսակետ կա, որ Ռուսաստանին հետաքրքրում է ոչ այնքան Վրաստանի արտաքին քաղաքական վեկտորը, այլ այն, որ Վրաստանում կենցաղային մակարդակով կոռուպցիան վերացված է, և այդ համաճարակը կարող է տարածվել Ռուսաստան: Ռուսաստանի քաղաքացիները գալով Վրաստան՝ կարող են իրենց հարց տալ, թե ինչո՞ւ այդ ամենը հնարավոր է Վրաստանում, իսկ Ռուսաստանում՝ ոչ: Եվ եթե նոր իշխանությունը վերականգնի հին ավանդույթները, ապա Ռուսաստանը կարող է լիովին բավարարված զգալ՝ անկախ արտաքին քաղաքական վեկտորի պահպանումից:

– Ես լրիվ համամիտ եմ, որ Ռուսաստանը և նրա իշխանությունը սարսափում է Վրաստանից, քանի որ Վրաստանը դարձել է բոլորովին այլ երկիր, և տարբերվում է Ռուսաստանից: Վրաստանում հիմա կաշառք ուզելը կամ կաշառք տալը համարվում է վատ տոնի նշան, սարսափելի վատ տոնի: Վրացիները սովորել են, որ բոլոր հարցերը կարգավորվում են օրենքով և իրավական հարթության մեջ: Մյուս կողմից՝ ռուսական բիզնեսը մեզ մոտ իր ուրույն տեղն է զբաղեցնում, ռուս զբոսաշրջիկները ավելի հաճախ են գալիս Վրաստան, և նրանք այդ ամենը տեսնում են, որ այստեղ մեքենա չեն գողանում, բնակարան չեն թալանում, քիլլերները մարդ չեն սպանում, «գաիշնիկները» փող չեն շորթում, դատարաններն անաչառ վճիռներ են կայացնում:

Եվ նրանք իրենց հարց են տալիս. ինչո՞ւ սա կարող է լինել Վրաստանում, իսկ չի կարող լինել Ռուսաստանում: Այս հարցադրումը հուզում է նաև Ռուսաստանի իշխանությանը, և հասկանալի է, որ նրանք կուզենան, որ Վրաստանը վերադառնա անցյալ, որ այդ տարբերությունը վերանա: Բայց այն պայքարը, որ մղում է Ռուսաստանը Վրաստանի դեմ, ավարտված է, քանի որ վրաց ժողովուրդը, Վրաստանի քաղաքացիները դա չեն հանդուրժի, նրանք երկրորդ օրը դուրս կգան փողոց, և, ինչպես ժամանակին Շևարդնաձեի իշխանությունը չդիմացավ, չի դիմանա այս իշխանությունը:

Մարդիկ չեն ցանկանա ապրել հին օրենքներով, հին մոտեցումներով: Վերջին մի քանի տարում Վրաստանում 2 հազար ավտոկայանատեղի է փակվել, և 4 հազար մարդ անգործ է մնացել, քանի որ այն ժամանակ մարդիկ իրենց մեքենան չէին կարող իրենց բակում կայանել, որովհետև գիտեին, որ կգողանան, ստիպված վճարովի ավտոկանգառում էին կանգնեցնում: Հիմա նման խնդիր չկա. ամեն մարդ ապահով է իր ունեցվածքի համար: Մի՞թե մարդիկ կհանդուրժեն հնի վերադարձը, չեն հանդուրժի, որ ապրեն նախկին վախերով և սարսափներով:

 

Տեսանյութեր

Լրահոս