Ամատունի Վիրաբյանին կարծիք հայտնելու համա՞ր են հեռացրել

Ազգային արխիվի արդեն նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանը չի բացառում, որ իրեն աշխատանքից ազատելու մասին հրամանը կարող է կապված լինել ՀՀ հանրակրթական դպրոցի Հայոց պատմություն առարկայի ուսումնառության նոր հայեցակարգի և չափորոշիչների մասին իր կարծիքի հետ:

«Չեմ կարող պնդել, բայց սկզբունքորեն ես դեմ եմ: Խնդրում եմ՝ իմ մասին կարդացեք Հայր Ասողիկի կողմից գրվածը, որը լավագույն կերպով ինձ բնութագրում է՝ որպես Ազգային արխիվի տնօրեն: Ես սկզբունքորեն դեմ եմ այն նոր հայեցակարգին, որով  նախատեսվում է մեր դպրոցներում դասավանդել պատմություն, գրականություն, լեզու և հումանիտար այլ առարկաներ: Սկզբունքորեն դեմ եմ, կարծում եմ, որ աշխարհի հետ համաքայլ կարող ենք գնալ, բայց դա չպետք է կատարվի մեր ազգային արժեքներից հրաժարվելու հիմքերով: Չի՛ կարելի «ֆիդայի», «կամավոր» բառերը հանել պատմության դասագրքից: Ազգային-ազատագրական շարժման  երգերը, երաժշտությունը, որ մենք այսօր լսում ենք, ինչպե՞ս կարելի է մոռանալ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ազգային արխիվի նախկին տնօրենը:

Հիշեցնենք, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արխիվի և Թանգարանների տնօրեն Հայր Ասողիկ Կարապետյանն անդրադառնալով Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հրամանով Ա.Վիրաբյանի՝ աշխատանքից ազատվելու մասին որոշմանը՝ Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Սրտի ցավով և հոգեկան խորին վրդովմունքով տեղեկացա Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Տիար Ամատունի Վիրաբյանի պաշտոնազրկման մասին:
Անարդար և նվաստական որոշում, իսկ հիմքը՝ խախուտ:
2003 թ. ճանաչել եմ և աշխատել Ա. Վիրաբյանի հետ: Նա մի անձ է, ով ձոնված է արխիվային գործին և փայլուն գիտակ Հայոց նոր և նորագույն շրջանների պատմության: Անձ, ով արգո գիտնական է, դասախոս և մեծ վաստակի տեր: Անձ, ով իր տնօրենության օրոք նաև ջանասիրաբար կառուցեց ու բարեզարդեց մեր Հայրենիի կարևորագույն հաստատություններից Ազգային արխիվն իր մասնաճյուղերով: Վերջապես, անձ, ով ապրում և իր մեջ կրում է Հայրենիքը, Ազգը, Եկեղեցին, վառվում Հայոց անցյալի ու ներկայի խնդիրներով ու հոգսերով, ցոլացնում պատմության դասն ու պատգամը վասն գալիքի:

Եվ, ահա, այսպես անարդար և տմարդի կերպով հեռացվում է. ավա՜ղ, հեռացվում է ողջ աշխատակազմի և նրանց արդար ու շիտակ բողոք-դիմումի հանդեպ մեղկ արհամարհանքով…
Դատապարտելի է նման մտայնությունն ու այս մոտեցումը:

Կսիրեմ հուսալ, որ պետական պատկան այրերը չեն վտանգի Հայաստանի ազգային արխիվը՝ այդ նվիրական հաստատությունը վստահելով անհայտ ծագման պաշտոնյայի:
Կսիրեմ հուսալ, որ Ազգային արխիվի ողջ անձնակազմը բարոյական ուժն ու քաջությունը կունենա պայքարելու և ընդունելու այնպիսի առաջնորդի, ով կշարունակի Տիար Ամատունի Վիրաբյանի հայրենանվեր ու ազգաշահ ծառայությունը»:

Տեսանյութեր

Լրահոս

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունեց գերմանացի պատմաբան Միքայել Հեզեմանին ————— Դեկտեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց գերմանացի պատմաբան Միքայել Հեզեմանին, ով Հայաստան է ժամանել մասնակցելու «Ցեղասպանություն․ հիշողություն, ճանաչում, կանխարգելում» խորագրով միջազգային գիտաժողովին։ Հանդիպմանը ներկա էր նաև Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը։ Նորին Սրբությունը ողջունեց Միքայել Հեզեմանի այցը համայն հայության հոգևոր կենտրոն և բարձր գնահատեց նրա գիտական վաստակը՝ ընդգծելով, որ Մայր Աթոռը պատրաստ է աջակցել այն նախաձեռնություններին, որոնք նպաստում են Հայոց ցեղասպանության վավերագրերի ուսումնասիրությանը, քրիստոնեական ժառանգության հանրահռչակմանն ու հոգևոր արժեքների տարածմանը։ Վեհափառ Հայրապետը նաև տիար Հեզեմանին հրավիրեց բանախոսություններով հանդես գալու Մայր Աթոռի միաբանության և հոգևոր-կրթական հաստատությունների սաների համար։ Գերմանացի պատմաբանն իր գոհունակությունն արտահայտեց Հայաստան այցելելու հնարավորության առթիվ՝ պատրաստակամություն հայտնելով վերադառնալու Հայաստան և բանախոսություններով հանդես գալու Մայր Աթոռի գիտա-կրթական կառույցներում։ Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձան ժամանակակից աշխարհում կրոնական ազատության և երկխոսության, համընդհանուր գործակցության ու ջանքերի մեկտեղման կարևորությանը՝ ի խնդիր համամարդկային բարօրության, խաղաղ ու արդար աշխարհի կերտման։