Տավուշյան սահմանային միջադեպը՝ որպես միկրոհեղափոխություն

Տավուշյան սահմանային միջադեպը թեև ռազմական առումով խիստ սահմանափակ էր՝ տևեց կարճ և փոքր սահմանագծով էր, սակայն  քաղաքական առումով այն կարևորագույն նշանակություն ունեցավ։

Հայաստանի իշխանությունը դրան տվեց մեծագույն ռազմական նշանակություն՝ օգտագործելով մի շարք քարոզչական հնարքներ։ Դրանց շարքում էր 70-ից ավելի զինվորներին ու սպաներին բարձրագույն զինվորական ու պետական պարգևներով պարգևատրելը, ինչը տարակուսանք առաջացրեց քաղաքական ու հասարակական շրջանակներում, սակայն լավագույնս ընդգծեց այդ միջադեպը՝ որպես «խոշոր պատերազմ», իսկ Հայաստանի ադմինիստրատիվ տարածքում գտնվող մեկ հենակետի նկատմամբ հսկողության հաստատումը՝ որպես «շռնդալի հաղթանակ»։

Այս հաղթանակն ընդգծելու համար կիրառվեց մյուս քարոզչական գործիքը՝ իշխանությունները վերակենդանացրեցին 2016թ․ ապրիլյան հաղթանակը նսեմացնելու գործընթացը, որը դադարել էր այդ հարցերով զբաղվող խորհրդարանական հանձնաժողովի հետ Սերժ Սարգսյանի հանդիպումից հետո։ Տարբեր ծռեր ու ծռանման քաղաքական ու քարոզչական գործիքներ կրկին սկսեցին շրջանառել տեսակետներ այն մասին, թե Հայաստանն ու Արցախը պարտություն են կրել 2016թ․ պատերազմի ժամանակ, ինչն ուժեղացնում էր տավուշյան սահմանափակ սահմանային միջադեպի ժամանակ հաղթանակի նշանակությունը։

Տեղեկություն տարածվեց ադրբեջանական խմբավորման շրջապատման մասին, զեկուցեցին ադրբեջանական տանկերի տեղաշարժի մասին, օդ բարձրացվեցին հայկական Սու-երը։ Այս ամենի հետևանքով երկօրյա բախումները քարոզչամիջոցներում ձգվեցին մինչև շուրջ տասնօրյա պատերազմի։

Եղան նաև այլ քարոզչական միջոցառումներ, ինչպես, օրինակ՝ Աննա Հակոբյանի կամուֆլյաժով հերթական հայտնությունը սահմանամերձ գոտում, չնայած արգելքին՝ տարբեր քաղաքական-քարոզչական գործիչների սելֆիները նույն տարածքում, նոր տրուսիկների և «Արտ Լանչից» սնվելու կարևոր նշանակությունը մեր հաղթանակի համար, և այլն։

Բազմաթիվ նման քարոզչական գործողությունների արդյունքում Հայաստանի իշխանություններն ունեցան երկու կարևոր ձեռքբերում՝ արձանագրվեց Նիկոլ Փաշինյանի դերը՝ որպես բազմահմուտ և քաջարի զորահրամանատարի, և հնարավորություն ստեղծվեց ղարաբաղյան բանակցություններում բազմաթիվ իրարամերժ ցանցառ հայտարարություններից վերադառնալ մոնիտորինգի ու զսպման մեխանիզմների ներդրման մասին հայկական կողմի պահանջին։ Այլ հարց է, որ, եթե ապրիլյան պատերազմից հետո հայկական կողմը կարողացավ այս խնդիրը ներառել օրակարգ, ապա այժմ ռեգիոնալ իրավիճակի և միջազգային քաղաքական թրենդների փոփոխության, բայց ամենակարևորը՝ հայկական կողմի նախաձեռնողականության պակասի ու ալարկոտության պատճառով, Հայաստանին հազիվ թե հաջողվի կողմերին համոզել մոնիտորինգի ու զսպման մեխանիզմների հարցը ներառել բանակցությունների օրակարգում։

Արցախի իշխանություններին նույնպես հաջողվեց հասնել իրենց սրտի ուզածին։

Նախագահ Արայիկ Հարությունյանը հավաստեց, որ, եթե Հայաստանում միակ բոգիցարը Նիկոլ Փաշինյանն է, ապա Արցախում ինքն է նրա միակ մարգարեն։ Սա Արայիկ Հարությունյանի համար կարևորագույն արձանագրում է, քանի որ Նիկոլի կողմից Ստեփանակերտում սարքված բարդ փազլի հետևանքով Արցախի նախագահը միշտ իր շլինքին զգում է Սամվել Բաբայանի շնչառությունը և պետք է ամենժամյա ռեժիմով հաստատի իր նվիրվածությունը։ Այս անգամ նա չխորշեց ամենալայն գործիքակազմից՝ Արթուր Վանեցյանի հետ հանդիպումը հրապարակավ մերժելուց՝ մինչև հայտարարությունը, թե ապրիլյան պատերազմի ժամանակ Ստեփանակերտի երկինքն անպաշտպան էր ու խոցելի։

Իլհամ Ալիևը քարոզչական և դիվանագիտական տեսանկյունից շատ լավ էր նախապատրաստվել տավուշյան դեպքերին։ Անգամ կարելի է պնդել, որ այնտեղ իրեն պետք էր մի փոքրիկ պարտություն և ոչ թե հաղթանակ, ու նաև նրան անհրաժեշտ էր, որպեսզի այս բախումները ներկայացվեին՝ որպես խոշորամասշտաբ պատերազմական գործողություններ, ինչն արվեց հենց հայկական կողմի ջանքերով։ Որպես տավուշյան դեպքերի արդյունք՝ Ալիևին հաջողվեց հասնել հետևյալին․

  • Հարձակվելով Հայաստանի վրա՝ նա փորձեց մեկ անգամ ևս ցույց տալ, որ իրականում կա հայ-ադրբեջանական պատերազմ, ոչ թե ղարաբաղյան
  • Ադրբեջանին հաջողվեց միջազգային հանրությանը համոզել, որ նախահարձակ կողմը հայերն են
  • Ծիրանակռվով և հաջորդող հայ-ադրբեջանական բախումներով Մոսկվայում, Լոս Անջելեսում, Բրյուսելում, և աշխարհի շատ այլ վայրերում նա ցույց տվեց՝ կա ատելություն երկու ժողովուրդների միջև, որին դիվանագիտական լուծում տալն անհնար է
  • Երկար տարիներ հանրահավաքներ չտեսած Բաքվում զանգվածային ցույցերը ևս արձանագրեցին խնդրի հույժ կարևորությունն Ադրբեջանի ժողովրդի համար և պարտության անընդունելիությունը
  • Էրդողանի հետ համատեղ նրանք արձանագրեցին, որ Թուրքիան ղարաբաղյան հակամարտության մեջ շահառու է և մասնակից
  • Ադրբեջանն ունեցավ շռնդալի հաջողություն միջազգային մեդիա և դիվանագիտական հարթակներում։

Արդյունքում՝ կարելի է արձանագրել, որ ստացվեց Նիկոլ Փաշինյանի հայտարարած միկրոհեղափոխությունը, ստացվեցին արդյունքներ, որոնք բավարարում են երեք կողմի  ղեկավարներին էլ․ Նիկոլ Փաշինյանը հայտարարվեց՝ որպես Գերագույն Գլխավոր, Արայիկ Հարությունյանն արձանագրվեց՝ որպես հավատարիմ հպատակ, իսկ Ադրբեջանը ստացավ իր համար բաղձալի հաղթանակները քարոզչական և դիվանագիտական ասպարեզներում։ Եթե Հայաստանի և Արցախի ղեկավարներն անձնական խնդիր լուծեցին, Ալիևը ստեղծեց իր երկրի համար նպաստավոր դիվանագիտական միջավայր։ Իսկ ղեկավարների համար ընդունելի լուծումները ժողովուրդների համար ընդունելի լուծումներ հայտարարելը, Նիկոլի մանիպուլյացիոն հնարավորությունների և ժողովրդավարության վուլգար պատկերացումների պարագայում, մեկ քայլ է։

Երեք ղեկավարների հաղթանակների էական տարբերությունն այն է, որ, եթե Իլհամ Ալիևի ուղերձը դոնալդներին, էմանուելներին ու վլադիմիրներին է, Նիկոլ Փաշինյանի ու Արայիկ Հարությունյանի համար այս ամենը ոչ իրենց ծիրանին է, ոչ էլ տանձին, նրանց մեսիջներն ուղղված են պողոսներին։ Եթե Նիկոլ Փաշինյանն արձանագրում է հաղթանակ երկրի ներսում, ապա Իլհամ Ալիևը՝ աշխարհում։ Ըստ այդմ էլ, մեր հաղթանակը կարճաժամկետ ու տեղային է և նպատակ ունի ամրացնել Նիկոլ Փաշինյանի դիրքերը, իսկ Բաքվի հաղթանակը երկարաժամկետ է և նպատակ ունի արձանագրումներ կատարել Ադրբեջանի դիրքերի մասին սպասվող պատերազմից առաջ։

Աղասի Ենոքյան

Տեսանյութեր

Լրահոս